կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-05 13:11
Քաղաքական

Կործանման N°28/20 ծրագրի 6 քայլերը

Կործանման N°28/20 ծրագրի 6 քայլերը

Զերծ կմնամ քաղաքագիտական խորը վերլուծությունից կամ ապագայապաշտական կանխագուշակումներից, փոխարենը հանրամատչելի կերպով կներկայացնեմ մի ծրագիր, որը դարեր շարունակ օգտագործվում է համաշխարհային կառավարության կողմից` հարմարեցվելով տվյալ ժամանակշրջանին։ Ինչպես նաև անուղղակի կերպով կներկայացնեմ ՀՀ-ում  մտքի վերջնական օկուպացիայի հասնելու ճանապարհները։

Եվ ուրեմն` ոչ այնքան գաղտնախորհուրդ, որքան պարզ ծրագիրը հետևյալն է․ 

Քայլ 1․ Ներթափանցում գիտակրթական հաստատություններ, որպեսզի պետությունում գեներացվող գաղափարները նախ և առաջ իմացվեն հակադիր ուժերի կողմից, ստուգվեն և ցանկության դեպքում մերժվեն։ Այսպիսով` հակառակորդը հնարավորություն է ստանում վերահսկելու միջին վիճակագրական մարդու միտքը, փոշիացնելու այն գաղափարները, որոնք անհրաժեշտ պահի կարող են դառնալ նրա ինքնապաշտպանական բնազդի արթնացման պատճառը, քանզի դա ուղիղ վտանգ է, որը ոչնչացվում է ինչպես անցյալում և ներկայում, այնպես էլ ապագայում, ասես երբեք էլ գոյություն չի ունեցել։ Եվ հետո` անհրաժեշտ է պայքարել գրագիտության դեմ` ապացուցելով, որ տգիտությունն ուժ է, քանի որ եթե ծրագրի կատարման որոշակի կետում գրագետ, ինքնուրույն մտածող մարդկանց թիվը գերակշռի հպարտ, բայց բթացած բազմությանը, ողջ ծրագիրը կարող է տապալվել, քանի որ գրագետները կոգեշնչեն անգետներին և հատկապես անտարբերներին` գիտակցել, որ արտոնյալ փոքրամասնությունն իրենց ուղղորդում է դեպի կործանում, ու մինչ այդ կվերացնեն նրանց։ Վերջիվերջո, հիերարխիկ հասարակությունը հնարավոր է միայն դեգրադացիայի ու տգիտության հիմքի վրա։ 

Քայլ 2․ Այս փուլում անհրաժեշտ է X երկրում հրահրել անհնազանդության ցույցեր, քանի որ զանգվածները երբեք ինքնուրույն չեն ապստամբում, իսկ X երկրին թշնամի Y երկիրը տրամադրված կլինի համագործակցել տվյալ ուժերի հետ` ծառայելով մտքին, որ X երկրի ղեկին պետք է բազմեն  ոչ կոմպետենտ և անհայրենաճանաչ անձինք, որոնք, օգտագործելով կրկնամիտքը, որն ինքնին մտավոր խաբեության հսկայական համակարգ է և բառացի նշանակում է մտքում միաժամանակ երկու` միմյանց հակասող հավատ պահելու,  երկուսին էլ հավատալու ունակություն, կմիջամտի և կոչնչացնի իրականությունը` արատավորելով ազգային արժեքները և պետական մնացյալ մտածողությունը և այդպես ձգտելով դեպի ոչնչացման անվերջությանը։ Թշնամու հետ արդեն իսկ համագործակցող դրածո կառավարության ղեկավարի հիմնական գործը գիտակցված խաբեությունն օգտագործելն է՝ միաժամանակ անսասան պահելով նպատակը, որն ուղեկցվում է լիակատար ազնվությամբ։ Այս փուլում ընդդեմ ծրագրի պայքարելը արդեն իսկ բավականին բարդ է, քանզի սուտը միշտ մեկ քայլ առաջ է ճշմարտությունից, իսկ ողջամտությունը վիճակագրական երևույթ չէ։

Քայլ 3․ X պետության ժողովրդի համար հոգեբանորեն ընդունելի տարբերակով երկիրը ներքաշել միջազգային արյունարբու փոթորիկների մեջ, որին հասնելու ամենակարճ ճանապարհին հայերն արդեն ականատես եղան, այն է՝ խաղաղության մասին խոսելով, հավաստիացնել, որ հավատարիմ ես համամարդկային արժեքների և միջազգային օրենքի պահպանմանը, սակայն, միևնույն ժամանակ, վիժեցնել բանակցությունները` անհասկանալի դրույթներ առաջ քաշելով և ռազմատենչ հայտարարություններով, այսպիսով օգտագործելով կրկնամիտքը` թույլ տալ Y պետությանը պատերազմ սկսել, իսկ այնուհետև միջազգային հանրությանը հավաստիացնել, թե X պետությունը ռազմատենչ է, ու չի կարելի թույլ տալ, որ  միջազգային իրավունքին անհնազանդություն արտահայտելու փորձը դառնա նախադեպ աշխարհում, հետևաբար` անհրաժեշտ է ցուցաբերել կտրուկ դիմադրություն։ Միևնույն ժամանակ, X պետության առաջնորդումը ստանձնած անդեմ մարդիկ հնարավորություն կունենան երկարաձգելու սեփական կառավարման ժամկետները` տարածելով գիտակցումը, ըստ որի` եթե մասնակցում ես պատերազմին, հետևաբար վտանգի տակ ես, ստիպված ես կարծել, թե ամբողջ իշխանությունը մի փոքր, նույն մարդկանց խմբի ձեռքում պահելը գոյատևման բնական, անխուսափելի պայման է։

Քայլ 4․ Այս փուլում X պետության իշխանություններն իրենց հետևորդների վզին են փաթաթում խաղաղության մասին կեղծ պատկերացումներ, բայց երբեք իրենց թույլ չեն տալիս որևէ պատրանք, որը կթուլացնի սեփական իշխանությունը, նույնիսկ` Y պետության կազմում, քանզի արժեք է հարմարավետ աթոռը, ոչ թե ազգային ինքնությունը, որը քայլ 1-ում այս մարդկանց մոտ արդեն իսկ վերացված էր։ Պատերազմը խաղաղություն է, ուրեմն երբ այն տառացիորեն շարունակական է դառնում, նաև դադարում է ամբոխի կողմից որպես վտանգավոր և տագնապալի երևույթ ընկալվել: Հատկանշական է, որ մի շարք աշխարհաքաղաքական պատճառների կողքին, նաև այս աննշան, բայց և ոչնչացման ծրագրի կարևոր մաս կազմող հոգեբանական քայլն է անհրաժեշտ իրացնել։ Օրինակ` ինչո՞ւ են ադրբեջանական զորքերն արդեն 22 օր Հայաստանում` նպաստելով կապիտուլյացիոն ռեժիմի վարկանիշի անկմանը, այն դեպքում, երբ կապիտուլյանտը ունի Ադրբեջանի բացարձակ աջակցությունը, կարելի՞ էր, արդյոք, մեկ ամիս սպասել, միանշանակ` ոչ, քանզի անթույլատրելի է որևէ շեղում այն ծրագրից, որից հնարավորինս օգտվում է Ադրբեջանը։ 

Քայլ 5․ Վերևում նշված գործընթացներին հետևում է լավ նախապատրաստված ու միևնույն ժամանակ անակնկալ «հարձակում»` նախ ձեռնարկելով քայլեր դեպի տարածաշրջանային ապաշրջափակում կոչվող շրջափակումը։ Այս փուլում միջազգային հանրության այլ ուժային կենտրոնների կողմից ճնշում է  գործադրվում ծրագրի վրա, ավելին` հաճախ երկրում դեռ մնացած են լինում ուժեր, որոնք պայքարում են ծրագրի դեմ։ Ուրեմն իշխանությունը պետք է հաստատի իր «լեգիտիմությունը» ընտրությունների միջոցով, որը միաժամանակ  պետք է ցույց տա, որ X պետության ժողովուրդը համակերպվել է նախորդ 4 քայլերի հետ։ Օրինակ` ՀՀ-ում օկուպացիոն ռեժիմի վերարտադրման դեպքում ծրագրի ճարտարապետները Բաքվի միջոցով կպնդեն, որ հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում, խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկացիայի այս ձևի հետ, ակնհայտ է, որ ժողովրդավարական մեծամասնությունը գործող իշխանությանն է նորից ընտրել, ուրեմն այս իրավիճակի հետ հաշտ է ու համերաշխ, այնպես որ` միջազգային հանրույթը պետք է զերծ մնա տարածաշրջանը ապակայունացնելուց և ադրբեջանական զորքերի տեղակայումը դատապարտելուց կամ հետագայում զորքերի գործողությունները կանխելուց։ X պետությունում օկուպացիոն վարչակարգի գլխավոր ռեսուրսը տգիտությունն է, և ձախողման դեպքում տարբերակ է ևս մեկ քիչ աշխատող, սակայն իշխանության ծարավ մարդկանց նոր խմբի ստեղծումը և ներկայացումը որպես անկախ ուժ` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու ընթերցողին քաջածանոթ կրկնամիտքը: Այսպիսով ժառանգելով X պետության կործանման գործի շարունակումը` նորերը կշարունակեն, բացասական առումով, ազդել զանգվածների գիտակցության վրա` ուղղորդելով և՛ անտարբերներին, և՛ տգետներին, և՛ գիտակից ժողովրդին դեպի ցեղասպանվելը։ 

Քայլ 6. Ծրագրի վերջաբանը հետևյալն է՝ պատերազմական գործողությունների կամ, այսպես կոչված, բանակցությունների միջոցով այս կամ այն թշնամի երկրին ամբողջությամբ շրջապատել բազաների օղակով, ապա բարեկամության դաշինք կնքել ու խաղաղ հարաբերություններ պահպանել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կասկածները թմրեցնելու համար։ Այդ ընթացքում կարելի է ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր կետերում տեղակայել «միջուկային մարտագլխիկներով հրթիռներ» և, ի վերջո, զանգվածային հարված հասցնել, որի հետևանքն այնքան կործանարար կլինի, որ պատասխան հարվածն անհնար կդառնա։

Հավանաբար, կարդացողները կկարծեն, որ ավելորդ է ասել, որ այս ծրագիրն ընդամենը մտատեսիլք է, որն անհնար է իրականացնել ներկա ժամանակաշրջանում, իսկ հոդվածագիրը կպատասխանի` գուցե դուք ընկալում եք ժամանակն այնպես, ինչպես Ձեզ պարտադրված է ընկալել, քանզի ժամանակի հնարավորությունների մասին մեր պատկերացումը լոկ խաբկանք է, որը նույնպես կարելի է կառավարել։

Արդեն կռահում եք, որ Արցախի Հանրապետությունն այս կամ նմանատիպ մեկ այլ ծրագրի զոհն է, հաջորդը Հայաստանի Հանրապետությունն է, այսօր չեմ խոսի, թե ինչպես կարող էր սա ի սկզբանե կանխվել կամ նույնիսկ կապիտուլացիայի ակտից հետո հետաձգվել, այնուհետև` ոչնչացնելու փորձ անել։ Փոխարենը կասեմ, որ պատերազմը խաղաղություն է, իսկ տգիտությունը` ուժ։ Ձեր ձայնը տալով կապիտուլյանտին կամ այն ուժերին, որոնք պաշտոնապես չեն հրաժարվել նրա ու նրա դրածոների հետ համագործակցելուց, նպաստում եք այս ծրագրի իրականացմանը, Հայաստան պետության վերջնական ոչնչացմանը։ Մենք պատմությունից դասեր չքաղեցինք և այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ միգուցե, օրինակ, Թուրքիան քաղել է և գիտի, թե ինչպես այս անգամ վերջապես ավարտին հասցնի 1915-ը։ 

Խաղաղությունը գերագույն արժեք է, որը հիմնված է երկկողմանի հանդուրժողականության և վստահության վրա, մնացածը կեղծ թեզեր են: Խնդրում եմ` մտածեք ինքնուրույն և եղեք ողջախոհ։ Որպես արժանապատիվ հայ` բացառեք աշխարհաքանդ չեզոքությունն այս օրհասական պահին, պատասխանատվություն ստանձնեք և պայքարեք` հանուն այս ծրագրի կանխման, հանուն փրկության, որի առաջին քայլը Հայաստանում նիկոլիզմի մերժումն է իր ամեն դրսևորման մեջ։

 

 

 

Նվեր Սաղաթելյան

«Լույս » հիմնադրամի կրթաթոշակառու

Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող