կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 21:18
Աշխարհ

Մակրոնը մի քանի անգամ մեզ ասել է, որ համաձայն չէ եռակողմ հայտարարության կետերին, հատկապես Հադրութին ու Շուշիին վերաբերող, Սյունիքի միջանցքի ծրագրին

Մակրոնը մի քանի անգամ մեզ ասել է, որ համաձայն չէ եռակողմ հայտարարության կետերին, հատկապես Հադրութին ու Շուշիին վերաբերող, Սյունիքի միջանցքի ծրագրին

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը

-Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա:

-Հստակ է, որ Մակրոնը հայամետ քաղաքականություն է վարում: Մենք Ֆրանսիայում արդեն մի քանի տասնյակ տարի քաղաքական մթնոլորտ ենք ստեղծում, հայերի հանդեպ համակրանք ենք ստեղծում: Մենք որպես Ֆրանսիայի քաղաքացիներ ենք պաշտպանում մեր դատը, Հայաստանը, Արցախը: Մենք աշխատել ենք բոլոր կառավարությունների, բոլոր նախագահների հետ՝ Ժակ Շիրակ, Նիկոլա Սարկոզի, Մակրոն: Այսինքն պատահական չէ, որ այսօր Ֆրանսիայի նախագահը համակրանք ունի հայության ու Հայաստանի նկատմամբ: Սա Նիկոլ Փաշինյանի գործոնով չէ պայմանավորված: Երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ ժամադրություն հայցեց Ֆրանսիայի նախագահից, Մակրոնը՝ գիտակցելով, որ Հայաստանը նախընտրական գործընթացի մեջ է, առաջարկեց, որ այդ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին, որպեսզի դրանով Ֆրանսիան չմիջամտի ներքին քաղաքականության մեջ: Փաշինյանը շատ պնդեց, որ այս հանդիպումը տեղի ունենա արագ, ինչով ցույց տվեց, որ Փաշինյանի շահը չի համապատասխանում Հայաստանի շահին: Ինքն ուզեց օգտագործել իր Ֆրանսիա այցելությունը իբրև իր քարոզարշավի մաս կազմող ճամփորդություն: Հստակ է, որ Մակրոնի հետ կամ Ֆրանսիայի Սենատի նախագահի ու Փարիզի քաղաքապետի հետ լուսանկարներն իրեն կարժևորի այս նախընտրական մթնոլորտում: Այդ բոլոր անձինք մեր բարեկամներն են, հետևաբար սիրով ընդունել են Հայաստանից եկած պաշտոնական ներկայացուցիչներին: Մենք դատապարտելի համարեցինք այս այցելությունը, որովհետև երբ Հայաստանում պատերազմական վիճակ է, երբ մի քանի հարյուր ադրբեջանզցի զինծառայողներ մտել են Հայաստանի տարածք, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է մնար Հայաստանում, իր ժողովրդի կողքին: Հետևաբար, մենք այս այցելությունը համարում ենք անպատասխանատու, որն ուղղված է միայն Փաշինյանի ընտրական շահերի պաշտպանությանը:

-Այդուհանդերձ այցը կայացավ, որտեղ Մակրոնը բավական խիստ և հասցեական հայտարարություններ հնչեցրեց՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից, և պետք է վերադարձվեն ռազմագերիները: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

-Մակրոնը դեռ պատերազմի ընթացքում իր հստակ դիրքորոշումները հայտնել է, հանդես է եկել հայտարարություններով: Մի քանի անգամ նա ընդունել է մեզ և հստակ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ու Արցախի հայությանը: Մակրոնը մի քանի անգամ մեզ ասել է, որ ինքը համաձայն չէ եռակողմ հայտարարության բոլոր կետերին, հատկապես Հադրութին ու Շուշիին վերաբերող, հատկապես Սյունիքի միջանցքի ծրագրին, որը պանթուրքիզմի ճանապարհն է: Այդ ամենը կապ չունի ՀՀ վարչապետի Փարիզ այցելության հետ: Սա դիրքորոշում է, որ Մակրոնը միշտ ունեցել է:

-Ձեր կարծիքով, Հայաստանը պե՞տք է օգտվեր Մակրոնի առաջարկից և դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

-Մակրոնը ապրիլի 24-ի առիթով մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ինքն առաջարկել է, որ խաղաղապահ զորքեր բերվեն, որում ընդգրկված կլինեն Ռուսատանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ուժերից: Մակրոնը գիտակցում է, որ Ռուսաստանը անշուշտ գլխավոր դեր պետք է խաղա, որպեսզի հաստատվի խաղաղ մթնոլորտ:

Հայաստանը չի օգտվում ՄԱԿ-ին դիմելու հնարավորությունից, որովհետև ՀՀ վարչապետը ծնկի բերեց Հայաստանը, անպատասխանատու որոշումներ է կայացրել պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, և իր սխալ քայլերի հետևանքով այս իրավիճակին ենք հասել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ