կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 14:51
Տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին

Էրդողանը հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով:

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ մենք իսկապես ցանկանում ենք, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա երեքշաբթի Անկարայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որն ուղիղ հեռարձակվել է վրացական հեռուստաալիքների կողմից:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան բոլոր մակարդակներում և հարթակներում հայտարարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին:

Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան նույնպես վճռականորեն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կազմակերպություններին»:

Նա նշել է, որ Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ դիտարկվել են նաև ահաբեկչության, մասնավորապես՝ «FETO» կազմակերպության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Իր հերթին, Ղարիբաշվիլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը երախտապարտ է Թուրքիային ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում աջակցության համար:

«Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում առկա իրավիճակին»,- ասել է Ղարիբաշվիլին՝ նշելով, որ քննարկվել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի իրավիճակը:

«Իհարկե, խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը: