կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-13 17:26
Հասարակություն

Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ

Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ

2021 թվականի տարեսկզբին մեկնարկեց «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելությանխոսքի դեմ» ծրագիրը։ Ծրագիրը իրականացվում է 2 փուլով։

Փետրվարի 9-ից 13-ը մեկնարկեց 5-օրյա առցանց դասընթաց ՀՀ տարբեր մարզերի հասարակագիտության առարկայի ուսուցիչների և հասարակական կազմակերպությունների երիտասարդական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցելու համար ընտրվել էին 20 մասնակիցներ, որոնցից տասը ուսուցիչներ էին, մյուս տասը՝ երիտասարդական աշխատողներ։ Դասընթացի նպատակն էր ընտրված 20 մասնակիցներին վերապատրաստել նոր կրթական գործիքակազմով, որպեսզի տեղեկացված լինեն՝ ինչպես պայքարել ատելության խոսքի դեմ մարդու իրավունքների կրթության միջոցով՝ համատեղելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեթոդները։

Դասընթացին հաջորդեց երկրորդ փուլը՝ գարնանային ամիսներին տեղի ունեցած առցանց հանդիպումների շարքը, որին հրավիրված են եղել ոլորտի մասնագետները և ուղիղ եթերի ձևաչափով իրականացվել են իրազեկման հանդիպումներ։ Հանդիպումները նախատեսված էին ոչ միայն ծրագրի մասնակիցների, այլև բոլոր հետաքրքրված անձանց համար։

Վերոնշյալ ձևաչափը հնարավորություն էր տալիս հետևորդներին իրենց հարցերն ուղղել հրավիրված բանախոսներին և տեղում ստանալ հուզող հարցերի պատասխանները։ Ծրագրի ընտրված մասնակիցները դասընթացից և գործողության ու իրազեկման օրերից ստացած իրենց գիտելիքները պարբերաբար կիսում էին աշակերտների և երիտասարդների հետ։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպորցի ուսուցչուհի Սյուզաննա Հովսեփյանը նշում է․ «Այս ծրագրից ես ստացա համապատասխան տեղեկատվությունը, այն մասին, որ յուրաքանչյուր խոսք արտաբերելիս պետք է հասկանալ, որ իր մեջ չպարունակի ատելության խոսք, ինչպես կանխել դա, խտրական վերաբերմունք չցուցաբերել։ Այս դասընթացն իր մեջ լայն գաղափարախոսություն էր պարունակում, որի իրազեկումը, այս օղակներում, հանձինս կրթական, շատ կարևոր է»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի մեթոդիստ, փորձագետ Ելենա Ամիրյանը նաև «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» խորագրով ծրագրի մասնակիցներից մեկն է: Նա փաստում է, որ այս պահին մեր երկրում ատելության խոսքի դեմ տարվող աշխատանքներ իրականացվում են, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել ոլորտի մասնագետներին և այն մարդկանց, ովքեր աշխատում են հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ երիտասարդները կարող են ստանձնել մարդու իրավունքների դերը, այն էլ առցանց տարածքում: Նա նշում է, որ ձեռք բերված փորձը անպայման շարունակելու է կիրառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված մի շարք դպրոցներում՝ ոչ ֆորմալ կրթության միջոցովъ զուգահեռ անդրադառնալով Կայուն զարգացման գործընթացին: Ելենա Ամիրյանի համար ատելության խոսքի դեմ պայքարի միջոց են հանդիսանում սերը և կրթությունը, և, ըստ նրա, միայն այս գործիքների միջոցով կարելի է հասնել լավագույն արդյունքին:

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրшցի ուսուցիչ Անուշ Աբազյանը նշեց, որ դասընթացից ստացած գիտելիքներով անց է կացրել բաց դաս՝ կանանց նկատմամբ խտրականության վերացման վերաբերյալ, և դատախաղ՝ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։

Երևանի Տ․ Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Մարիաննա Նավասարդյանն էլ դասընթացին անդրադառնալիս նշեց, որ, աշխատելով դպրոցում որպես տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, իր ամենօրյա աշխատանքի հիմնամեխը հենց պայքարն է ատելության խոսքի դեմ։ Նա պարբերաբար սովորողների հետ անհատական և խմբային զրույցներ է վարում, քանի որ այսօր մեր երեխաները շատ են օգտվում համացանցից, իսկ այն, ցավոք, գրեթե ողողված է ատելության խոսքի բազմազան դրսևորումներով։ Այն սովորողները, ովքեր ներգրավված էին մեր այս գործընթացին, վերաարժևորեցին այն ամենն, ինչ գիտեին և սովորական շփումների մեջ ուշադիր էին, որպեսզի նման դրսևորումներ չունենային։

ՀՀ Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպրոցի, Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչուհի, վերապատրաստող-մենթոր Աննա Կիրակոսյանի համար դասընթացից ստացած գիտելիքները շատ ինֆորմատիվ են։ Յուրաքանչյուր թեմա եղել է հետաքրքիր և շատ ուսանելի։ Այն ոչ միայն աշակերտական միջավայրում, այլև ծնողների, ուսուցիչների շրջանում հանրայնացնելու, ներկայացնելու անհրաժեշտություն կա։

Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել ֆեյսբուքյան էջը, որտեղ իլյուստրացիաների միջոցով կարող եք տեսնել, թե ինչպես է ավագ քույրը՝ Նռանեն, իր կրտսեր եղբորը՝ Սաքուլին, հաղորդում ամենօրյա դասընթացի ընթացքում տեղի ունեցող զրույցները։ Այս ձևաչափը նպատակ ուներ տեղեկատվությունը փոխանցել նաև ֆեյսբուքում ծրագրին հետևողներին։

Ծրագրի ամփոփումն ու փակումը տեղի է ունենալու ս/թ մայիսի 17-ին, որի ժամանակ մասնակիցները կստանան վկայագրեր և շնորհակալագրեր Եվրախորհրդի կողմից։

Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվեց Եվրախորհրդի կողմից «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից «Ոչ ատելության խոսքին» hայաստանյան թիմի հետ համագործակցությամբ՝ միտված լինելով հանրության շրջանում ատելության խոսքի և խտրական դրսևորումների հետևանքով առաջացող վտանգների մասին իրազեկվածության բարձրացմանը։