Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «Այսօր Հայ Եկեղեցին տոնախմբում է Տիրոջ Համբարձման տոնը, Նրա վերադարձը դեպի իր երկնավոր Հայրը։ Այսինքն՝ այն Հիսուսը, ով իր խորհախորհուրդ ծննդյամբ երկինքը բերել էր երկիր, այժմ իր հրաշալի համբարձմամբ երկիրը բարձրացնում է դեպի երկինք։ Հիսուս վերադառնում է այնտեղ, որտեղից ծնունդ էր առել, այսինքն՝ դեպի Աստված: Աստծո Որդին որպես մարդ եկավ դեպի մեզ, որպեսզի մարդկորեն մոտ լինի մեզ: ․․․Որքան էլ Հիսուս այսօր մեզ մեր երկրային մարմնավոր աչքերով տեսանելի չէ, մենք չենք կարող նրան շոշափել, նա մարմնավոր իմաստով չի քայլում մեզ հետ ու մեր կողքին, այնուհանդերձ նա այնտեղ է, ուր մենք ենք՝ նրա հետևորդներս, նա մեզ հետ է մինչև «ի կատարած աշխարհի»»:
Սերովբե եպիսկոպոսը հաստատեց, որ հավատացյալները Հիսուս Քրիստոսին հանդիպում են նաև Սուրբ Պատարագի միջոցով, Սուրբ Հաղորդության ճաշակմամբ, և Եկեղեցին մեզ համար այն վերնատունն է, ուր մենք հավաքվում ենք հանդիպելու Տիրոջն ու Փրկչին, եկեղեցում, Տիրոջ խորհախորհուրդ ներկայությամբ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար։
««Երկինքն» այնտեղ է, ուր Աստված է ապրում։ Աստված ապրում է այնտեղ, ուր տիրում է սեր ու խաղաղություն, ուր կատարվում է Աստծո կամքը, ուր Աստծո շունչն է փչում»,- ընդգծեց Սրբազան Հայրը։
Պատարագիչ Սրբազանը հիշեցրեց ներկա հավատավոր ժողովրդին, որ այսօր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է՝ փաստելով, թե ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
«Սուրբ Էջմիածինը, Աստուծո կողմից մեզ ընծայված այն մսուրն է, այն սրբազնասուրբ վայրն է, ուր մենք միասին ենք հավաքվում` փնտրելու Հիսուս Քրիստոսին, լսելու Նրա աստվածային ձայնը և հետևելու նրան: Եվ երբ ես ասում եմ Սուրբ Էջմիածին, ես հասկանում եմ ոչ միայն հավերժական Արարատի փեշերին վեր խոյացող Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, ուր իջավ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս, այլ աշխարհասփյուռ ողջ Հայ Եկեղեցին, որի սրբազան խորաններում Հիսուս է իջնում երկնքից ի վար՝ տեսքով նշխարի ու կարմիր գինու, որպես կենսաբեր Մարմին ու Արյուն` «Էջ Միածին», իջավ Միածինը: Եվ մենք բոլորս կոչված ենք Սուրբ Էջմիածինը, Տիրոջ հավերժական նվերը մեր ազգին, դարձնելու մեր հոգևոր հայրենիքը, որը բանաստեղծի բառերով ասած` «Ծննդավայրն է մեր հոգու և դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփայ մը ունի»»,- ասաց Սերովբե եպիսկոպոսը՝ հաստատելով, որ ամեն օր Սուրբ Էջմիածինը կանչում է մեզ նաև այս Սուրբ Պատարագի միջոցով՝ փնտրելու, գտնելու այդ ճամբան և այդ ճանապարհին լսելու Տիրոջ կանչող ձայնը, ընդունելու, որ «Նա է Տերը» և հետևելու Նրան»:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության և հավերժ պայծառության համար: