կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-01 12:30
Հասարակություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը՝ հայտնում է Yerkir.am:

Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Շնորհառատ տոնի առիթով Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ հայորդի ուխտավորներ:

Ս. Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորաբար ժամանած հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին` ի մասնավորի նշելով. «Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների վկայությունը սոսկ պատմական նշանակություն չունի մեզ համար, որը փաստում է Հայոց Եկեղեցու առաքելական ծագումը: Այո´, մեր Եկեղեցին առաքելական է, քանզի հիմնադրվել է առաքյալների կողմից և դավանում է առաքյալների ուղղափառ վարդապետությունը։ Սակայն մեր Եկեղեցին առաքելական է նաև իր էությամբ և այդ առաքելականությունը դրսևորվում է երեք հիմնական հատկանիշների միջոցով: Այսօրվա տոնի օրհնության շարականը մատնացույց է անում առաքելական լինելու այդ երեք հատկանիշները։ Դիմելով առաքյալներին շարականագիր հեղինակն ասում է. «Սպասաւո՛րք եւ բարեկա՛մք եւ վկա՛յք Աստուածորդւոյն բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց»։

 Առաքելական քրիստոնյա լինել առաջին հերթին նշանակում է լինել սպասավոր Աստծո կենդանի Խոսքի։ Առաքյալ բառն ինքին նշանակում է առաքված, ուղարկված՝ քարոզելու ավետարանը։ Ոմանք կարծում են, որ Աստծո Խոսքի տարածումը միայն հոգևորականների գործն է, սակայն մեր Տիրոջ առակները երկրի աղը լինելու և աշտանակի վրա դրված ճրագի (Մտ. Ե 15) մասին վերաբերում են բոլորիս։ Մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա Սուրբ Հոգուց կոչված է վկայություն բերելու, սփռելու Ավետարանի Բարի Լուրը իր սիրելիներին և ընտանիքին, հարևաններին և գործընկերներին, խոսքով և գործով»:

Հայր Մեսրոպը կարևորեց նաև, որ Աստծո մասին խոսելուց առաջ պետք է նախ ճանաչել նրան, խոսել Աստծո հետ և ունկնդիր լինել նրա Աստվածային ձայնին:

«Հիրավի, մենք ստեղծվել ենք Աստծո հետ մտերմության համար։ Աստված չի ցանկանում, որ մենք պարզապես իմանանք Իր մասին, այլ ճանաչենք իրեն և կատարենք Իր կամքը։ Աստծո հետ մտերմության ճանապարհը Նրա պատվիրանների գործադրումն է, հարատև աղոթքը և Աստծո կենդանի Խոսքի խոկումը, երբ մարդ, ինչպես առաքյալները, ապրում և գործում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ և Աստծո ներկայության մեջ»-, ընդգծեց պատարագիչ Հայր Սուրբը:

Խոսելով քրիստոնեական վկայության մասին՝ Հայր Մեսրոպը հաստատեց, որ առաքելական լինել, նշանակում է լինել վկա, որ նշանակում է նաև նահատակ, խոստովանող։

«Վկա են անվանվում բոլոր նրանք, ովքեր վկայում են իրենց հավատքը, խոստովանում և դավանում Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Տեր իրենց կյանքի գնով, իրենց մահվան գնով։ Մեր Եկեղեցին դարեր շարունակ այս երեք հատկանիշներն է դարձրել իր առաքելության առանցքը և դրա համար էլ իրավամբ կոչվում է առաքելական։ Մեր հայրերը Աստծո կենդանի խոսքի անխոնջ սպասավորներն էին։ Թերթատեք մեր հարուստ մատենագրական ժառանգությունը, և կտեսնեք, թե ինչպե´ս են մեր եկեղեցու Սուրբ Հայրերը ջանադրաբար սպասավորել և մատռվակել Աստծո կենարար խոսքը մեր ժողովրդին։ Ընթերցեք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ապաշխարհության շարականները, Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը, Սուրբ Ներսես Շնորհալու և Հովհաննես Գառնեցու աղոթքները և կհասկանաք, թե ինչպիսի´ ջերմ աղոթական մտերմություն են ունեցել մեր սուրբ հայրերը Աստծո հետ, իրենց սրտի խորքերից բխած խոսքը ուղղելով Ամենասուրբ Երրորդությանը», - փաստեց Հայր Սուրբը:

Պատարագիչը նշեց նաև, որ մեզանից յուրաքանչյուրը կոչված է լինելու սպասավորն Աստծո խոսքի, Նրա հետ աղոթական մտերմության և Նրա Սուրբ Անվան վկայության և խոստովանության։

Վերջում Հայր Մեսրոպը հորդորեց հավատացյալներին միասին աղոթելու և հայցելու սուրբ առաքյալների բարեխոսությունը, որպեսզի նրանցից ստացած մեր սուրբ հավատքը և առաքելական կոչումը շարունակի արդյունավորվել հայ ժողովրդի մեջ ի փառս Ամենասուրբ Երրորդության և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։  

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Ս. Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։ 

Աստվածամուխ Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Yerkir.am