Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Վարդանանց տոնն այս տարի նշեց փետրվարի 28-ին: Այս առիթով Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում,-տեղակացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգից:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ս. Պատարագին ներկա էին թեմերում և Մայր Աթոռի կառույցներում սպասավորող եկեղեցականներ, բարերար հայորդիներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին և Ավարայրի ազդեցությանը հետագա հայոց պատմության վրա:
«Հայ ժողովրդի պատմության ոսկետառ էջերից մեկը կերտած հերոսներին ենք անդրադառնում այսօր, սիրելի հավատացյալներ, և հիշատակում Վարդանանց սուրբերին:
Մեր պատմությունը, ցավալիորեն, լի է օրինակներով, երբ մեծ ու զորեղ տերությունները, գայթակղվելով բիբլիական մեր երկրով, բազմիցս փորձել են գրավել այն և վերջ դնել հային ու նրա աստվածատուր ինքնությանը: Ինքնություն, որ սկիզբ է առել դեռևս ազգերի ձևավորման ակունքներից, զորացել հային հատուկ քաջարի ոգով, հարուստ մշակույթով ու լեզվով, և հետո էլ՝ Հայ Եկեղեցու ուսուցանած աստվածային ճշմարտությամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն իր սերունդներին կաթի հետ սնուցել է նաև հայրենիքի, Մայր Եկեղեցու և ազգային արժեքների հանդեպ սիրով, և սովորեցրել. հայապահպանությունը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտականությունն է:
Վստահ եմ, հենց այս մշտամնա արժեքների մասին էին մտածում Տղմուտի ափին հավաքված Վարդանանց քաջարի հերոսները, երբ «իմացեալ մահն» աչքերի առաջ նայում էին գետի մյուս ափին գտնվող թվով իրենց գերազանցող բանակին, սակայն անմահության ձգտող հայի անկոտրում ու հերոսական ոգին՝ սնուցված Քրիստոսի աստվածային զորությամբ, ապրելու կամքով և արդարության ձայնը հնչեցնելու վճռականությամբ, անդրդվելի էր՝ մինչև վերջին շունչն ի սեր հայրենիքի պայքարելու եւ այդ հայրենիքում իր հավատքն ազատ դավանելու հավաքական որոշման մեջ», - նշեց Մուշեղ եպիսկոպոսը` հավելելով, որ Ավարայրի ճակատամարտն առաջինն էր քրիստոնեության պատմության մեջ, երբ մի ժողովուրդ իր քրիստոնյա հավատքի ու համոզմունքների, իր հայրենիքի և ազատության համար ողջակիզվում էր կամավոր զոհաբերությամբ:
«Լույսի և խավարի պայքարն էր Ավարայրը: Հավերժության և ակնթարթի պայքարն էր Տղմուտի ափին։ Խավարն ու ակնթարթը չկարողացան կասեցնել լույսն ու հավերժությունը։ Եվ լույսը հորդեց, հավերժությունը հաղթանակեց և իր մեջ ընդգրկեց ժամանակն ամբողջ։
Ոտքի ելան քաջազուն հայորդիք ու փափկասուն տիկնայք անկոտրում կամքով պաշտպանելու իրենց հավատը, լեզուն, մշակույթը՝ ազգի ինքնության առհավատչյան: Տեր կանգնեցին հայոց նորաստեղծ բառ ու բանին, ծաղկում ապրող մեր ինքնությունն ու դիմագիծը պատմության մեջ կերտող քրիստոնեական մեր նոր մշակույթին:
Մայր Եկեղեցին Ավարայրի դաշտում միայնակ չէր թողել իր անձնվեր զավակներին և նրանց կողքին էր՝ ի դեմս կաթողիկոսի և ողջ հոգևորականաց, ովքեր ոչ միայն խոսքով էին քաջալերում, այլև ամրապնդում էին հոգևոր սպառազինությամբ: Ճակատամարտին նախորդող գիշերը մկրտել էին բոլոր չմկրտվածներին, Տիրոջ Սուրբ Արյան ու Մարմնի ճաշակմամբ, Սուրբ Հոգու պարգևած առատաբուխ շնորհներով զորացնելով հայրենանվեր քաջերին և ամրացնելով նրանց հավատի մեջ», - ասաց Սրբազանը` հաստատելով, որ հոգևորականը գիտե՛ր ոչ միայն աղոթքով զորացնել, խոսքով խանդավառել հայ շինականին ու հայ ծնողին, գութանից սուր ու վահան կռելու և զավակին հպարտությամբ ռազմի դաշտ ճանապարհելու, այլև գիտեր սեփական անձնազոհ օրինակով առաջամարտիկը լինել խաչն ու սուրը ձեռքին:
Պատարագիչն ընդգծեց նաև, որ Ավարայրում հայը մեկընդմիշտ ապացուցեց, թե խաղաղ աշխատելու, ստեղծագործելու ու աղոթելու կողքին գիտի նաև կռվել, դիմադրել ու անհանդուրժողական ոգի ցույց տալ բոլոր նրանց, ովքեր փորձել են կամ կփորձեն հայոց փոքրիկ, սակայն, ազատասեր հայրենիքը ստրկացնել։ Ըստ նրա, Ավարայրը տևեց մեկ օր միայն, սակայն մինչ օրս հպարտությամբ է հիշատակվում սերունդների կողմից՝ ռազմական դեպքից վերափոխվելով պատմական մեծ դասի` փաստելով, որ Ճշմարիտ Աստծով ամրապնդված մարդու ոգին անկոտրում է և, թեկուզ մարմինն էլ սպանվի, անմահ հոգին, միևնույն է, հաղթանակում է:
Մուշեղ եպիսկոպոսը նշեց, որ Ավարայրի քաջալերող սխրանքը այսօր ևս շարունակում է ապրել մեր սրտերում և ամեն տեղ՝ աշխատանքում, գիտության, արվեստի, տնտեսության, յուրաքանչյուր մի բնագավառում, ապրում է նաև սփյուռքում, ուր հայը գրեթե ամեն օր մղում է իր Ավարայրը հանուն հավատքի և հայության, որ չկորցնի իր ազգային դիմագիծը, որ հայ մնա և ապրի։ Սրբազանը հաստատեց, որ այս նոր ավարայրների դեմ հաստատուն կամքով կանգնած է Հայոց Եկեղեցին և անխոնջ կատարում է հայապահպան իր առաքելությունը:
Հայրենի երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերներից ելնելով` նա կարևորեց, որ ազգային ու հոգևոր արժեքները փոխանցվեն սերնդե-սերունդ, որպեսզի մեր հերոս նախնիների նման հայորդյաց սրտերը ջերմեռանդ սիրով բաբախեն թե՛ հայրենիքի և թե՛ Հայոց Եկեղեցու համար:
Սրբազանը միաբանակից եղբայրների և հավատացյալների անունից շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության օրվա կապակցությամբ` նշելով, որ հայոց եկեղեցիներում այսօր կատարվող Հայրապետական մաղթանքի ընթացքում ամենքը պիտի ծնրադիր աղոթեն բարերար և բազումողորմ Աստծուն` կոչման մեջ հաստատուն ու անսասան պահելու Հայոց Հայրապետին` շարունակելու հեզությամբ և ուղղափառ հավատով հովվելու իր հոգևոր խնամքին հանձնված հայոց ածուին:
Տոնի առիթով Սրբազան հայրն իր շնորհավորանքներն ուղղեց նաև Վարդանանց սրբերի անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Տիրոջ ողորմությամբ բոլորը Վարդանանց ոգու շնորհընկալը լինեն:
Սուրբ Վարդանանց պայծառ հիշատակի առջև խոնարհումով և բարեխոսության հայցմամբ Մուշեղ Սրբազանը խաղաղություն և անդորրություն մաղթեց երկրին հայոց և համայն աշխարհին:
Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության համար: