Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ հսկում էին, չէին թողնում բարձրանալ Մարտունաշեն, բայց որոշեցինք՝ ինչ գնով էլ լինի՝ պետք է իջեցնենք նրա դին, դիմեցինք ռիսկի, բարձրացանք Մարտունաշեն, քարերի տակից ինքս եմ անձամբ հանել նրա մարմինը. նա տան տանիքում է մարտնչել, տանկի արկից զոհվել և քարերի հետ միասին ընկել ներքև. հայ մեծանուն հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, երկրաբան, Արցախյան ազատամարտի մասնակից ու նահատակ Սիմոն Աչիկգյոզյանի մասին իր ապրող հիշողությունները Yerkir.am-ին ներկայացնելիս նշեց ազատամարտիկ, ըմբշամարտիկ Մարտին Խանյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և նրա զինակից ընկերների՝ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի և Զարզանդ Դանիելյանի նահատակության օրն է: Նրանք զոհվեցին Հյուսիսային Արցախում՝ Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ուժային կառույցների աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից Արցախը հայաթափելուն ուղղված «Օղակ» գործողությունը կանխելիս:
Խորհրդանշական այս օրը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատանն ամփոփված Սիմոն Աչիկգյոզյանի կողքին ամփոփվեց նաև նրա տիկնոջ՝ Վերոնիկ Աչիկգյոզյան-Հովհաննիսյանի աճյունասափորը: Սիմոն Աչիկգյոզյանի՝ Բուլղարիայում ապրող որդին՝ Օհան Աչիկգյոզյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տիկին Վերոնիկը մահացել է ԱՄՆ-ում՝ 2019 թ. մայիսի 30-ին, և, համավարակով պայմանավորված դժվարությունների պատճառով, աճյունասափորը մի փոքր ուշացումով է բերվել հայրենիք:
«Քանի որ Դեդի մարմինն ամբողջովին բացվածքներով էր, և նման վիճակում պարզապես անհնար էր իջեցնելը, Մարտունաշենում դպրոցի ուսուցիչ կար մահացած, խնդրել եմ այդ մահացած մարդու դագաղի կափարիչը, որի վրա դրված՝ Դեդին իջեցրել ենք Գետաշեն, էնտեղից՝ Երևան»,- պատմում է Մարտին Խանյանը՝ հիշեցնելով Աչիկգյոզյանի օրագրային գրառումը՝ «Ինչ էլ լինի՝ դիակս չթողնեք թուրքերին»:
«Դեդը տարիքով ամենամեծն էր մեր ջոկատում, ես 30 էի, նա՝ հիսունն անց: Նա մեզ սովորեցնում էր կյանքը, հայրենիքը, պայքարի իմաստը, նախապատրաստում էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Նրանից ես շատ բան եմ սովորել, որոնք հետագայում կիրառվել են մշտապես: Նա իր արիությամբ փրկել է բոլորիս կյանքը. «Օղակ» գործողության ժամանակ Մարտունաշենի տան տանիքից հակատանկայինով կրակելով՝ մեզ հնարավորություն տվեց նահանջել անտառները, ինքը խփվեց այնտեղ, և անգամ անհնար էր մոտենալն ու նրան դուրս հանելը», - պատմեց Դեդի մարտական մյուս ընկերը՝ Մարսել Միրզոյանը:
Մեծ հայորդու դուստրը՝ Անժելա Աչիկգյոզյանը, փաստում է, որ իր հոր մարտական ուղին սկսվել է նրա ծննդյան օրվանից. ծնված լինելով Ցեղասպանությունից փրկված և որբանոցում մեծացած մարդկանց ընտանիքում՝ Սիմոն Աչիկգյոզյանը հասակ է առել հայրենիքի, Արևմտյան Հայաստանի, Սեբաստիայի ազատագրման գաղափարներով:
«Երբ ես փոքր էի՝ միշտ լսում է, որ, երբ Սիմոնն ու ընկերները հայտնաբերում էին որևէ հանք, ապա որոշում էին դրա մասին տեղեկություններ չտալ պետությանը. դա Անկախ Հայաստանի համար է: 1960-ական թվականներին, երբ ես 6-7 տարեկան էի, ինձ համար անգամ մի փոքր անհասկանալի էր անկախ Հայաստանի մասին լսելը»,- պատմում է տիկին Անժելան՝ հավելելով, որ իրենք հետագայում արդեն գիտեին, որ Մեծ Հայաստանի, ծովից-ծով Հայաստանի տերն են ու պիտի մի օր ազատագրեն այն:
«Պետք էր անցնել մարտական ուղի՝ մեր Մեծ Հայաստանը վերականգնելու համար, որի մեջ էր նաև Արցախը: Եվ Շարժման առաջին իսկ օրերից հայրիկն ակադեմիայում արեց հացադուլ, հետո ընտրվեց Երևանի քաղխորհրդի անդամ… Բայց այս ամենի մեջ հայրիկի համար առաջնահերթ խնդիր էր հայրենիքի սահմանների պաշտպանությունը, քանի որ ինքը նաև քաջածանոթ էր հայրենի բնությանը: Հետո արդեն մեկնեց Արցախ՝ տանելով իր հետ նաև եղբորս». հայրիկի մասին վառվող հիշողություններից ևս մի դրվագ, որը մեզ ներկայացրեց տիկին Անժելան:
Օրվա խորհրդի մասին առավել մասնրամասն՝ տեսանյութում.