Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դավաճաններն առաջին հերթին դավաճանում են իրենք իրենց։
Պլուտարքոս
Մարդկության պատմության մեջ դավաճանության և նման գործողություններ կատարած մարդկանց բավականաչափ օրինակներ կան: Նրանցից ամենահայտնին Հուդան է, որը դավաճանեց Հիսուսին երեսուն արծաթի համար: «Հուդա» անունը դարձել է դավաճանության հոմանիշ: Այս թեմայով զրույց սկսելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ի՞նչ է Հայրենիքը, և ի՞նչ է «դավաճանությունը»:
Հայրենիքը պատմականորեն տվյալ ժողովրդին պատկանող տարածք է՝ իր բնությամբ, բնակչությամբ, լեզվի, մշակույթի, կենցաղի ու բարքերի պատմական զարգացման առանձնահատկություններով։ Դավաճանությունը որեւէ մեկին հավատարմության դրժում է կամ որեւէ մեկի հանդեպ պարտքի չկատարում: Դավաճանություն հաճախ անվանում են նաև ընկերոջը դժվարության մեջ թողնելը։ Դավաճանության ամենասարսափելի ձևը հայրենիքի դավաճան լինելն է:
Դավաճանությունն այն է, որ մարդը ներքուստ՝ իր մտքերում, զգացմունքներում, որոշումներում, կամ արտաքուստ՝ խոսքով կամ գործով փոխում է իր հոգևոր սկզբունքը՝ չունենալով դրա համար առարկայական հիմքեր։ Հայրենիքի դավաճանը սեփական ժողովրդի թշնամին է, պիղծ թշնամին, որովհետև արտաքին թշնամին գործում է ի շահ իր հայրենիքի և իր ժողովրդի, իսկ դավաճանը, վաճառելով հայրենիքը, դավաճանում է իր ժողովրդին, իր ցեղին, հետևաբար՝ ինքն իրեն, և դրանից ավելի սարսափելի բան չի կարող լինել աշխարհում։ Դավաճանները բոլոր ժամանակներում արհամարհվել են ինչպես ընկերների, այնպես էլ թշնամիների կողմից, քանի որ դավաճանությունից ավելի զզվելի, պիղծ բան չկա: Դավաճանությունը չի ներվում: Այն կատարողը արժանի է արհամարհանքի: Դավաճանության շատ պատճառներ կան, հիմնականում ինքնապահպանման բնազդը՝ մահվան վախը և կյանքի սերը: Բայց դավաճանության հիմնական դրդապատճառը կախվածությունն է նյութական բարիքներից ՝ փողից, իրերից և հարմարավետությունից, ինչպես նաև թշնամու շահերի սպասարկումը։
Հարմարավետությունը միշտ էլ դավաճաններ կծնի: Իսկ բարձրաստիճան դավաճաններն ամենամեծ վնասն են հասցնում հայրենիքին՝ իշխանության հիերարխիայում իրենց բարձր դիրքի պատճառով:
Դավաճանները չունեն սրբություն, հայրենիք, հարազատներ, ընկերներ: Նրանք վտարանդիներ են, նրանք դավաճանում են իրենք իրենց, թեև բարելավում են իրենց ֆինանսական վիճակը, բարոյապես չեն կարող հանդարտվել․ շրջապատողները հեռանում են դավաճաններից։ Մարդիկ զգում են դավաճանների ստոր լինելու ու դավաճանելու ունակությունը:
Դավաճանները սիրում են իրենց դավաճանության համար արդարացում փնտրել և փորձում են համոզել այլ մարդկանց՝ կանգնել դավաճանության ճանապարհին, որպեսզի իրենց միայնակ չզգան և արդարանան, թե մենակ չեն։ Եվ ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել դավաճանություն կատարելը: Նույնիսկ երկար ու երջանիկ կյանք ապրած դավաճանները միշտ բարոյապես ընկճված են և հանգստություն չունեն: Նույնիսկ դավաճանի երեխաները կմեծանան և կկշտամբեն ծնողին բարոյապես անմաքուր լինելու համար: Ի վերջո, նույնիսկ Հուդա Իսկարիովտացին չդիմացավ դավաճանության բեռին և կախվեց ՝ դրանով վերջ տալով իր անփառունակ, անարժեք կյանքին:
Դավաճանների անունները միշտ մոռացության են մատնվել։ Հերոսներին աստվածացրել և կենդանության օրոք շրջապատել են հոգատարությամբ ու ուշադրությամբ։ Հերոսական օրինակներով մեծացած, ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանող ազգի մեջ դժվար թե գտնվեն դավաճաններ, որոնք ի վիճակի լինեն երեսուն արծաթի դիմաց դավաճանել իրենց Հայրենիքը: Նման ազգը երբեք չի կործանվի և չի վերանա երկրի երեսից:
«Սեփական հոգու եւ Հայրենիքի վաճառքը երեսուն արծաթի դիմաց, ակնհայտ գործարք է սատանայի հետ ՝ նյութական օգուտների համար…»,- ասել է ռուս գրող Օլեգ Պլատոնովը։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ