Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստ է, որ 2020 թվականին մենք ունեցել ենք նախորդ 20 տարիների կտրվածքով, 2008 թվականի ճգնաժամից հետո մինչև հիմա արձանագրված ամենամեծ տնտեսական անկումը և ՀՆԱ-ի կրճատումը։ Հետևաբար փաստ է, որ այսպիսի անկման պարագայում չէինք կարող ունենալ կատարողական բարձր ցուցանիշ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«2020 թվականին պլանավորված եկամուտները՝ ըստ հրապարակված ամիսների՝ հունվար-սեպտեմբերին, այսինքն մինչև պատերազմը, փաստացի հավաքագրման կատարողականը պլանավորածից պակաս էր 12 տոկոս։ Բնականաբար պատերազմից հետո այդ ցուցանիշը ավելի վատացել է։ Նույնը ծախսերի մասով՝ ավելի քան 10 տոկոս ծախսերն են պակաս կատարվել և հիմնականում ի հաշիվ կապիտալ ծախսերի թերակատարման։ Վերջին տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր, կապիտալ ծախսերը թերակատարվել են 52 տոկոսով։ Սա միայն 2020 թվականին չի վերաբերվում, որ կովիդով պայմանավորված «սղացնեն»։ Նախորդ 2019-ին էլ ունեցել ենք կապիտալ ծախսերի թերակատարում։ Փաստացի՝ պետությունը կապիտալ ծախսեր պլանավորելով և չկատարելով բացասական հաղորդագրություն է ուղարկում նաև ներդրողներին»,- ասաց Ավետիսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ «եթե պետությունը իր ներդրումները չի կատարում, այդ ինչո՞ւ պետք է տեղական և օտարերկրյա ներդրողները մեր երկրում ներդրում կատարեն, և երկրորդը կապիտալ ծախսերը ունեն մուլտիպիլկատիվ էֆեկտ՝ պետությունը կատարելով կապիտալ ծախսեր, օրինակ ջրամբարների շինարարություն և այլն, դա բերում է իր հերթին լրացուցիչ պահանջարկ, լրացուցիչ ներդրումներ մասնավորից»։
Թադևոս Ավետիսյանը նաև նկատեց, որ դեֆիցիտն այս ընթացքում 1․1 տոկոսով աճել է։ Այս ժամանակահատվածի համար պետք է լինեին 3․7 մրդ դրամի պահուստային միջոցներ․
«Պահուստային միջոցները եղել է իրենց սիրած թիվը՝ զրո։ Դա լավ օրից չէ որ այդպես է, եկամուտները թերահավաքվել են, որովհետև տնտեսությունն է կրճատվել, տնտեսական ակտիվությունն է նվազել։ Պետական բյուջեի ծախսերի թերակատարումը բերել է նրան, որ 2021 թվականին ևս շարունակվում է այդ ցուցանիշների ուղղություններով բացասական միտումը»։
Տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ տնտեսությունը շարունակում է անկումը, տնտեսական ակտիվության ցուցանիշը այս երեք ամիսներին 6,7 տոկոսով նվազել է և շարունակում է նվազել։
«Եթե այս ապաշնորհները պետք է շարունակեն, ուղղակի անխուսափելի է լինելու տնտեսական խորը կոլապսը, սոցիալական այնպիսի ճգնաժամը, որը կբերի շատ ուղիղ ձևակերպմամբ հումանիտար աղետի, իսկ հակառակ պարագայում նոր իշխանությունները նույնիսկ օրն ի բուն աշխատելու պարագայում դժվարությամբ են կարողանալու առաջին փուլում լուծել գոնե անկման այս միտումը կասեցնելու խնդիրը։ Բավականին բարդ և բազմագործոն վիճակ է, որովհետև հանրային կյանքի բոլոր ուղղություներում անկում է, ներառյալ նաև ռսիկերը՝ աշխարհաքաղաքական ռիսկեր, անկայունություն և ընդհանուր առմամաբ նաև ծանր ներդրումային վիճակ է երկրում»։
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ երկրից կապիտալը փախչում է, և 2020 թվականին առաջին անգամ 15-20 տարիների կտրվածքով արձանագրվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական հաշվեմնացորդ․
«Ավելի շատ գնացել էր երկրից օտարերկյա ուղղակի ներդրում, քան եկել էր և այդ բացասական հաշվեմնացորդը 7 մլրդ դրամ է, որը քիչ չէ։ Այսպիսի իրավիճակում եկող կառավարության թիվ մեկ խնդիրը լինելու է դեպի անդունդը գլորվելու այս ինտենսիվ գործընթացը կասեցնելը։ Դա կասեցնելը արդեն բարդ է և ամեն հաջորդ օր ավել է բարդանում, քանի որ այս ապաշնորհները ամեն օր ձախողում են, որը բերում է տնտեսական, սոցիալական հետևանքներ և դրա լուծումները հնարավոր չէ կախարդական փայտիկով»։