Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 26-ին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի և արաբական երկրների հարաբերություններին։
Ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանը ներկայացրեց 1991-2018 թվականին Հայաստանի և Սիրիայի հարաբերությունները, Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանն անդրադարձավ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների հարաբերություններին նույն ժամանակահատվածում։ Աշխատաժողովի առաջին հատվածը վարեց ԱԻ փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով, իսկ երկրորդ մասը` քննարկվող թեմայի վերաբերյալ մի շարք հետազոտությունների հեղինակ, ինստիտուտի Արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը: Աշխատաժողովին ներկա էր Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:
Գրիգոր Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Սիրիայի հարաբերությունների զարգացման փուլերին՝ քննության առնելով երկկողմ, շահերն ու հետաքրքրությունները, հարաբերությունների վրա ազդող առանցքային գործոնները, այդ հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները: Հայ-սիրիական հարաբերությունները 1991-2018 թվկաաններին զարգացել են որոշակի վայրիվերումներով, իսկ Թուրքիայի գործոնը նկատելի ազդեցություն է ունեցել քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա: Գ. Վարդանյանը խոսեց նաև Սիրիայում պատերազմի տարիներին Հայաստանի մարդասիրական առաքելության և սիրիական պատերազմի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին:
Մուշեղ Ղահրիյանը ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները Ծոցի արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Օմանի, Իրաքի հետ: Իր ելույթում հետազոտության հեղինակն անդրադարձավ Ծոցի երկրների՝ Մերձավոր Արևելք և հարևան տարածաշրջաններում աճող ազդեցությանը, Հայաստանի և այդ երկրների արտաքին քաղաքական ռազմավարություններին: Մ. Ղահրիյանը ներկայացրեց Հայաստանի և Ծոցի երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությունը, Ծոցի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածության դրդապատճառները, երկկողմ հարաբերություններում առկա միտումները:
Բանախոսները նշեցին, որ Հայաստանի ու արաբական երկրների հարաբերութունները զարգացման մեծ տեղ և ներուժ ունեն, որը շարունակում է մնալ չօգտագործված, կան բացեր և խնդիրներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ: Բանախոսները համակարծիք են նաև, որ Հայաստանի ու արաբական երկրների հարաբերություններն ազդվում են արտաքին գործոններից և որքան էլ այդ հարաբերությունները հիմնականում բարեկամական լինեն, շաղկապված են աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության հետ:
Բանախոսների ելույթներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում, որոնք վերաբերում էին Հայաստանի ու արաբական երկրների հարաբերությունների տարբեր ոլորտների ու հարցերի: Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանն իր տեսակետը հայտնեց հայ-արաբական հարաբերություններում առկա խնդիրների ու հեռանկարի մասին, նշեց, որ դրանց հաջողությունը մեծապես կախված է հստակ օրակարգերի ձևավորումից։ Նա նշեց, որ հայ-արաբական հարաբերությունների հաջողությունը պայմանավորված է նաև ՀՀ ում տարբեր գերատեսչությունների շահեկան աշխատանքից, արաբական կողմերի հետ հետևողական աշխատանքից։
Բանախոսները նաև ներկայացրին հայ-արաբական հարաբերությունների զարգացման իրենց տեսլականը։
Տեղեկացնենք, որ հետազոտությունն իրականացվում է Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։