Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ստեփանակերտում կայացած Արցախի տնօրեննների և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հանդիպման ժամանակ հնչած Նժդեհյան գաղափարախոսության մասին հարցին ներկաները ծափերով են արձագանքել: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նախկինում նկարահանված մի տեսանյութի մեջ Նժդեհյան գաղափարախոսությունը անվանել էր ֆաշիստական:
Ստեփանակերտի հանդիպման ժամանակ ներկաներից Արմեն Պետրոսյանը, մեջբերելով հայտնի հարցազրույցի հատվածը, նշել է, որ Ժաննա Անդրեասյանի հայտարարությունը հասարակության համար անհասկանալի է: «Նախարարությունն ի՞նչ պարզաբանումներ, արձագանքներ է տալիս, իսկ եթե պարզաբանում չի տալիս, հետագայում իմ Նժդեհ անունով որդու համար խնդիրներ կարող են լինել: Ես ոչ միայն պատասխան, այլ պատասխանատվություն եմ ակնկալում»,- նշել է նա, որից հետո դահլիճում աջակցող ծափեր են հնչել:
Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ Ժաննա Անդրեասյանը բարձր կարգի մասնագետ է և լավագույն ձևով բարեփոխում է հանրակրթությունը:
Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ հարցն այսօրվա ամենակարևոր հարցը չէ՝ ավելացնելով, որ որևէ կերպ չի խուսափում ցանկացած հարցի պատասխանելուց. «Ձեր խոսքը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ եղած տեսանյութին, որն արվել է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ թեմայով, կոնկրետ կոնտեքստում և վերաբերել է ոչ թե Գարեգին Նժդեհին անձին, նրա գործունեությանը և նրա մեծ ավանդին մեր պատմության մեջ, այլ վերաբերել է նրան, թե ինչպես են ոմանք վարվում նրա թողած գաղափարաների հետ, ինչպես են դրանք մանիպուլացնում և դարձնում դրոշակ՝ իրականում ծածկելու այն քանդող գործունեությունը, որը միշտ կարելի է ծածկել սիրուն բառերով»:
Ժաննա Անդրեասյանը չի անդրադարձել Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին հարցին և հրաժարվել է պատասխանել նաև «Ապառաժ»-ին:
Հավելենք, որ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամները Ստեփանակերտում դիմավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամներին, փոխնախարար Ժաննա Անդրեսայանին:
Փոխնախարարը հապշտապ տեղավորվեց ծառայողական ավտոմեքենայում՝ չպատասխանելով Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին երիտասարդների հարցերին: