կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 14:20
Հասարակություն

Սթանոզի ամենաերկար աշունը

Սթանոզի ամենաերկար աշունը

Բոլորի հուշերը թաղված են խորը փոսերի մեջ։ Խճաքարերով սահմանազատված հնաբույր այգիների, պարտեզների,  փտած ծառերի միջով անցնող քամիների սուլոց։ Հուշերը զրնգում են կարծես։ Ո՞վ գիտի՝ նախկինում Սթանոզի մասին հուշերը ում մոտ էին կարոտ առաջացնում։ Ոչ մի պատառիկ չի մնացել դրանից։ Սթանոզը հիմա մի գլուխկոտրուկ է։

Իբրահիմ Քարաօղլու

Սթանոզ տանող հոգնեցուցիչ ճանապարհն անցնում է ամայի վայրերով։ Մութ աշնանային ամպերի տակ, խորը հովտում լուռ քնած է Սթանոզը։ Մի սպիտակ ագռավ է ճախրում երկնքում։ Լանջերից դեպի երկինք լերկ ժայռախումբը է խոյանում։ Ստորոտից ներքև տափաստան է ձգվում․ թփերի, ուրցի, անթառամի, մոլախոտի դեղնած տերևներն ու տնկարքներն արթնանում են դողդոջուն քամու ձայնից։ Հովտին կից խաղաղ հոսում է Զիր գետը։ Կարծես մկրտության ավազան լինի, որ լվանում է Սթանոզի հոգին։ Ափի մոտ ծվարած լացող ուռենու ճյուղերի և բարդիների դեղնած տերևների խշշոցը ամոքում է հովտի ամայությունը։ Եղեգնուտներում ջրային թռչուններն են վախվորած թռչկոտում։ Քանդված նավահանգստի պատեր, հին քարե կամուրջ, ավերված այգիներ, տնկված շիվերով պատված հին գերեզմանոց․․․ Հնագույն ավանն էի փնտրում․ տները, փողոցները, մարդկանց, անունները, դեմքերը, ձայները․․․ բոլորը լռել էին։ Գաղտնիքները շերտ առ շերտ հորդում են մի սև հայելու միջից, և ես կարծես փխրուն բառերով հյուսված մի վեպի մեջ շրջելիս լինեմ։

Մտնում եմ գերեզմանոց։ Ամեն անգամ քայլ անելիս կարծես ամեն բան ավելի է հեռանում ինձնից։ Գերեզմանների մեծ մասը փորված փոսեր են։  Ոչ մի քար կանգուն չի մնացել։ Նրանց վրա եղած խորհրդանիշների, փորագրությունների մեծ մասը ջնջված են։ Պահպանվել է փորագրված, խորհրդանշաններով մի քանի քար միայն։ Մի գերեզմանաքարի վրա գրված է․ «Նրա հետևից մի՛ ողբացեք․․․ նա չի մահացել․․․ քնած է»։

Մի ժամանակ փոքրիկ դրախտ էր հնագույն Սթանոզը։ Մարդիկ այնտեղ զբաղվում էին գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, թեթև արդյունաբերությամբ և առևտրով։ Կանայք մանում էին այծի բուրդը, ջուլհակը գործում էր, ապա լվանում էին․ ուղղում, կտոր դարձնում և վաճառում։ Տների մի անկյունում դրված դազգահների վրա այդ կտորներից հագուտ էին կարում բարձր խավի մարդկանց համար։ Առևտրի ամենակարևոր շուկան Սթանոզում էր, որի պատճառով արտասահմանցի ճանապարհորդների մեծ մասն այցելել է Սթանոզ և իր ճանապարհորդական նոթերում նկարագրել այն։

Սթանոզի մասին առաջին տեղեկությունը հանդիպում է 1462-63 թթ․ Անկարայի մանրամասն գրանցամատյանում, որում հրապարակված տեղեկության համաձայն, Սթանոզի բնակչության մեծ մասը հայեր էին։  Նրանք այնտեղ էին հաստատվել 15-րդ դարի սկզբներին, Կիլիկիայից։ 1605 թ․ Իրանից գաղթած հայերն էլ են Սթանոզում բնակություն հաստատել։ Այծի բրդից կտոր ստացող սթանոզցիները զբաղվում էին նաև այգեգործությամբ, ներկարարությամբ, ձկնոսությամբ և այլ գործերով ու գոհ և երջանիկ ապրում։ 1571-72 թթ․ վաքըֆների մասին գրքում նշված է, թե սթանոզցիների կողմից ստացված 21․979 աքչեն սուլթան Բայազետը նվիրաբերել է Ամասիայում կառուցված իմարեթին (աղքատանոց- Ակունք խմբ․) ու մեդրեսեին (մահմեդական հոգևոր դպրոց-Ակունքի խմբ)։ Ըստ վերոնշյալ գրքում հրապարակված տեղեկությունների՝ Սթանոզ և շրջակայք թուրքեր են բերվել բնակության։ Այդ ժամանակաշրջանում Սթանոզում բնակեցվել են նաև ոչ բնիկ աշիրեթներ, որոնք վնաս էին հասցնում տեղացի բնակչության կյանքին և գույքին ․․․

Հովտի երկայնքով, լանջերից մինչև գագաթ ձգվող ժայռերի և դրանց վրա կապված պարաններին ցուցադրություն անող լարախաղացների, ինչպես նաև՝ Սթանոզի մուտքի մոտ կառուցված Զաղար կամրջի մասին առաջին անգամ գրել է ճանապարհորդ Էվլիյա Չելեբին։ Նա հայտնում է, որ Սթանոզում հազար տուն բնակչություն էր ապրում, կային նաև մզկիթ, համամ ու կերպաս գործող շատ դազգահներ։ 1830-ական թթ․ այս վայրերում շրջած Ուիլիամ Ֆրանսիս Էյինսվորթը պատմում է, որ կենտրոնում ապրում էին 50 մուսուլման ընտանիքներ․ կար եկեղեցի, իսկ տեղի ժողովուրդն ապահովված էր։ Ֆեդերիք Բուրնաբեյ անվամբ մի անգլիացի էլ իր ճանապարհորդական հուշերում գրում է, թե սթանոզցի հոգևորականը պատմում է, որ շրջանի հրեաները, հայերն ու մուսուլմաններն ապրում հաշտ էին ապրում․․․

Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի հետ ամեն բան փոխվում է։ Սկսվում են տեղահանությունն ու բռնությունը (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ 1915 թ․ օգոստոսի 15-ին ձերբակալում են 15 տարեկանից բարձր սթանոզցիներ՝ Ստամբուլից Այաշ աքսորված հայ մտավորականներին ուտելիք և անհրաժեշտ իրեր հանձնելու համար, ձերբակալվածներին Անկարա են տանում։ Թեև մի մասին բաց են թողնում, սակայն մեծ մասին սպանում են Չայաշի այգում։ Կանանց ու երեխաներին հանձնում են շրջակա թուրքական գյուղերի բնակիչներին։ Մնացած մասին էլ տեղահանում են․․․ Պատերազմի ժամանակ սթանոզցիների տները կողոպտվում ու քանդվում են։ Այգիներն ու պարտեզները էլ թալանվում են։

Եվ տարիներ շարունակ գանձախույզները կողոպտում են գերեզմանոցը։ Քարի վրա քար չի մնում։ Ուրվականի է վերածվել Սթանոզը․․․ Դժգույն դեմքին եմ նայում, և դիմացս հառնող գաղտնի, թաղված, մնացած ամեն բան հիշեցնում է Մարգարեթ Դուրասի հետևյալ խոսքերը․ «Ի՞նչ կարելի է ասել նրանց չասածների փոխարեն, չարտաբերվող խոսքերի փոխարե՞ն․․․ եղած, բայց չիմացվածների փոխարեն։ Հիշողությունից ջնջվածների փոխարեն»։

Եվ այժմ Սթանոզը մնացել է գաղտնի, մոռացության գավիթներում։ Անուններ, հուշեր, դեմքեր, որոնք ջնջվել են․ անցյալի մթությունն է նրանց պատել։ Կարծես գաղտնիքներով հյուսված մի վեպում լինեմ։ Սիրտս լցվում է թախիծով, ամոթով, հուսալքությամբ։ Ներսս այրվում է, մթագնում։ Մարդկային ոսկորներ, գանգեր․․․ Այդ ամայության մեջ գնացել էի ծվատվածների, վառվածների, թաղվածների, մոռացվածների, քանդվածների հետքերով։ Բոլորի հուշերը թաղված են խորը փոսերի մեջ։ Խճաքարերով սահմանազատված հնաբույր այգիների, պարտեզների,  փտած ծառերի միջով անցնող քամիների սուլոց։ Հուշերը զրնգում են կարծես։ Ո՞վ գիտի՝ նախկինում Սթանոզի մասին հուշերը ում մոտ էին կարոտ առաջացնում։ Ոչ մի պատառիկ չի մնացել դրանից։ Սթանոզը հիմա մի գլուխկոտրուկ է։

Որտեղ դիպչում են ձեռքերս, ուր նայում են աչքերս, այրում է սիրտս։ Երբեք այսչափ անգո չէի զգացել ինձ։ Եվ ինչպես կասեր Էմիլի Դիկինսոնը․ «Ես ոչ մեկն եմ։ Իսկ դուք ովքե՞ր եք/դու՞ք էլ եք ոչ մեկ/» տողերը պտտվում են մտքումս։ Ես շշնջում եմ այս տողերը քարերին։ Ձայնս արձագանքում է։ Ամեն մահացած կարծես ձայն է տալիս իր պառկած տեղից՝ «Ես էլ ոչ մեկն եմ» ասելով։ Մի սև ծառ կա գերեզմանի մեջտեղում։ Ճյուղերի վրա մուգ կարմիր փոքրիկ մրգեր են աճել․ արյան ծաղիկների նման գունատ կյանքերի արձանագրություն․․․

 

https://www.birgun.net/haber/stanoz-un-en-uzun-guzu-332476 

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net