կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 10:44
Տարածաշրջան

Ջավախքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ Հայաստանի և ՌԴ–ի հետ սահմանների վերաբացման պահանջով

Ջավախքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ Հայաստանի և ՌԴ–ի հետ սահմանների վերաբացման պահանջով

Երեկ Ախալքալաքում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Վրաստանի՝ Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանների փակման: Հավաքվածները պահանջում էին բացել սահմանները, որպեսզի կարողանան գնալ և գումար աշխատել:

Հունվարի 31-ի ժամը 13: 00-ին մարդիկ սկսել էին հավաքվել Ախալքալաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի մոտ: Նրանք եկել էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տարբեր գյուղերից: Բողոքողների մեծ մասը Ջավախքի բնակիչներ էին, որենք ամեն տարի մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու:

Սկզբում մարդիկ զարմացած էին՝ իմանալով, որ կազմակերպիչ չկա: Կեսօրին նաև մարզային լրագրողները հավաքվեցին քաղաքի կենտրոնում. նրանք մոտեցան անհատների և հարցրեցին, թե որն է այս գործողության նպատակը:

Նախապես մարդիկ քիչ էին, բայց հետո բողոքողների թիվը հասավ մոտ 300-ի: Բոլորը նշում էին, որ ակցիայի մասին իմացել են լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից: Տեղեկանալով կազմակերպչի բացակայության մասին՝ շատերը չգիտեին՝ ինչ անել, և ցանկանում էին հեռանալ, բայց հետո ինչ-որ մեկը սկսեց լրագրողների հետ խոսել սահմանների փակման հետ կապված խնդիրների մասին:

«Այս հարցը վերաբերում է բոլորիս: Ոչ բոլորը կարող են գյուղատնտեսությամբ զբաղվել, նրանք ապրուստի միջոցները գտնում են «խոպանում»», - նշել էր ցուցարարներից Արմեն Փամբուխչյանը՝ Քարսեպ գյուղից:

Ակցիայի նպատակն էր իշխանություններին հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու պահանջը:

«Մեր հիմնական խնդիրը ճանապարհն է Հայաստանի և Ռուսաստանի հետ: Մենք արդեն սովածանում ենք, եթե այսպես շարունակվի, մարդիկ կմահանան: Անձամբ ես չեմ գնում, բայց իմ հարազատներն ու ընկերները ապրում են՝ աշխատելով Ռուսաստանում: Մեր նպատակն է լուծել սոցիալական խնդիրը: Միգուցե մեր այսօրվա հավաքը չլուծի այս հարցը, բայց պետությունը կիմանա, որ մարդիկ դժգոհ են, և նրանք այլևս չեն կարող այսպես ապրել», - նշել է քաղաքացի Սաղաթել Փիլոյանը:

«Ես նախորդ տարի չգնացի, այս տարի չգիտեմ ինչ անել, այն, ինչ ունեի իմ «ոսկե պաշարում», արդեն ծախսվել է: Մնում է տունը գրավ դնել ու մնալ առանց դրա: Բնակչությունն ապրում է վարկերով, բայց մենք չգիտենք, թե ինչպես վճարենք, բոլորը բանկում վարկեր ունեն: Մարդիկ արդեն հայտնվել են անելանելի վիճակում և ստիպված են պահանջել սահմանների բացումը», - դժգոհում է Բավրա գյուղի բնակիչներից մեկը:

Բողոքողներից Արթուր Մարգարյանի խոսքով՝ մարդիկ ունեն ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական խնդիրներ: «Բացե՛ք ճանապարհները, թող մարդիկ գնան, միևնույն է, սահմանափակումները չեն գործում»,- ասել է նա:

Իրենց բողոքներն ու գանգատները հայտնել են նաև ռեստորանների և հարսանյաց սրահների աշխատակիցները, որոնք մնացել էին առանց ապրուստի միջոցների:

«Թողեք վաստակենք: Մենք երեխաներ ունենք, նրանք ուզում են ուտել, մենք չենք կարող երեխաներին ասել, որ քաղցրավենիք կարելի է ուտել շաբաթը մեկ անգամ: Ես հասկանում եմ, որ ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ: Արդեն մեկ տարի է՝ ես չեմ տեսնում իմ երեխաներին և թոռներին: Ես ուզում եմ ճանապարհը բացվի և մեզ աշխատելու հնարավորություն տան», - նշել է  Մարինա Ավետիսյանը:

Կարտիկամ գյուղից մի երիտասարդ էլ նշել է, որ ինքը երաժիշտ է և չգիտի, թե ինչպես կարելի է օրվա հացը վաստակել: «Հարսանիքներն ու այլ միջոցառումներ չեն թույլատրվում, ես ապրում եմ բանկից վերցրած վարկերով և չգիտեմ, թե երբ կարող եմ այն վերադարձնել»,- ասել է երիտասարդը:

Գագո Նահատակյանը՝ Դիլիսկա գյուղից, համաձայն է աշխատել այստեղ, եթե կարողանա աշխատանք գտնել:

«Եթե այսպես շարունակվի, մենք կմեռնենք: Թող նրանք այստեղ աշխատատեղեր բացեն, մնաննք այստեղ, կամ թող բացեն, մենք կգնանք, կաշխատենք և կգանք մեր երկիր: Սա մեր հայրենիքն է: Նույնիսկ կարտոֆիլը չի վաճառվում, իսկ եթե վաճառվում է, ապա շատ ցածր գնով: Խանութներում ամեն ինչ թանկացել է», - ասում է նա:

Բողոքի ակցիան տևեց ընդամենը մեկ ժամ: Տեղական ինքնակառավարման մարմիններից ոչ ոք ակցիային ներկա չէր: Բողոքողները պայմանավորվեցին մի քանի օրից հավաքվել և հրավիրել ղեկավար անձանց: