Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեր բանակի` մեր արնաքամ, վիրավոր ու հզոր բանակի օրն է:
Չեմ ուզում գործածել տոն բառը, որովհետև տոնի համար բոլորս շատ տխուր ու վշտացած ենք` մեր զավակների ու եղբայրների կորուստը: Բայց, այնուամենայնիվ, այսօր բանակի կազմավորման, հայ ժողովրդի բաղձալի երազանքներից մեկի կատարման օրն է, և մենք պարտավոր ենք շնորհակալանքի ու երախտագիտության խոսք ասել բանակ ծնողներին ու սնող-մեծացնողներին:
Վերջին հարյուրամյակի, եթե ոչ մեր ամբողջ պատմության ամենակայացած կառույցը բանակն է` մեր ընկերը, մեր եղբայրը, մեր զավակը:
Օրվա բանակը հայ ռազմարվեստի ամբողջ պատմության խտացումն է` ոգեշնչված Ավարայրից ու Սարդարապատից:
Մեր ազգային բանակը ծնունդ առավ հայության համար բախտորոշ մի շրջանում, երբ հայության կենսաբանական թշնամին որոշել էր վերջնական հարվածով ոչնչացնել հայ ժողովրդին ու թուրքացնել Հայաստանի վերջին պատառիկները: Թշնամական նկրտումների առաջին ալիքը բախվեց Արցախին ու Սյունիքին, այնուհետև` Տավուշին ու Գեղարքունիքին, Վայոց Ձորին` ամբողջ Հայաստանին:
Մի կողմից՝ երկրաշարժի թողած ծանր հետքերից, մյուս կողմից` անարդարացիորեն խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնված բնիկ հայկական գյուղերի հայաթափումից ու բռնագաղթից, մեր` դեռ չկազմավորված պետության մեջ առաջացած քաոսային պայմաններում առաջ էր եկել նաև վերջնական լինել-չլինելու հարցը:
Հենց այդ օրերի վայրիվերո հույզերից ու հույսերից, այդ ապրումներից ու հերոսական անցյալի ոգեշնչումից դարասկզբին թուրքից մազապուրծ հայը դարավերջին արձակեց իր առաջին փամփուշտը հայակեր թուրքի ուղղությամբ. դրանով գցվեց մեր բանակի հիմնավորման առաջին սերմը: Հայերը որոշեցին կռվել ու ապրել:
Սկզբնական տեղային մարտերի, և դրան հաջորդող մի քանի տարի տևած դաժան ազատամարտի ընթացքում հառնեցին Կարմիր Վարդանի ու Նժդեհի բանակները` դառնալով հայ ժողովրդի երաշխավորը:
Երեք տասնամյակների ընթացքում` սկսած Արցախյան ազատամարտից, մինչև Ապրիլյան պատերազմ, մինչև վերջին պատերազմ, հայոց բանակը կռվեց, անդադար կռվեց` ապրեցնելով մեզ ու զոհելով իրեն:
Չեղավ մի օր, որ հայ զինվորը, սուրը պատյան դրած, գլուխը հանգիստ բարձին դնի: Չեղավ մի շրջան, որ հողին չհանձնեք մեր ծոցից դուրս եկած զավակներին` մեզնից պոկված մասունքներին: Չեղավ գոնե մեկ տարի, որ ազատության համար չվաճարենք ամենաթանկ գինը` մեր լավագույն զավակներին:
Չնայած մեր վերջին տարածքային կորուստներին՝ մեր բանակը չպարտվեց, թե ինչ եղավ, ինչպես եղավ, բայց չպարտվեց, իսկ դավաճանների և հերոսների մասին ժամանակը կհոգա:
Չնայած գրությանս սկզբում խուսափեցի տոն բառը գործածելուց, բայց հիմա գործածում եմ, տղե՛րք, քա՛ջ տղերք, շնորհավո՛ր ձեր տոնը, քաջե՛ր, որ պառկած եք Եռաբլուրում ու Հայաստանի տարբեր անկյուններում:
Շնորհավո՛ր և ձեր տոնը, տղե՛րք, որ այդպես էլ գերեզման չունեցաք և ձեր վերջին հառաչանքը պահ տվեցիք հողմերին, և ձեր ոսկորները հողմերը լիզեցին։
Շնորհավո՛ր ձեր տոնը, քաջե՛ր, որ այսօր ապրում եք մեր կողքին` զարդարելով մեր ժամանակը:
Շնորհավո՛ր ձեր տոնը, տղե՛րք, որ լուր չունենք ձեզանից, որ գերության մեջ եք, որ անհայտ մի վայրում եք, շնորհավո՛ր ձեր տոնը, տղե՛րք, բարո՛վ դառնաք տուն:
Դուք չպարտվեցիք տղերք, ձեր սրտերում «չաթալ օսկոր» կա:
Այսօր ձե՛ր տոնն է, ձե՛ր օրը, այսօր հրավառություն չի լինելու, բայց չենք տխրելու, բայց լաց չենք լինելու, այսօր խոստանալու ենք, պայմանավորվելու ենք, հաստատելու ենք, որ էսպես չի մնա, սա էլ կանցնի:
Շնորհավո՛ր ձեր տոնը, տղե՛րք, հաջորդ տարի` Շուշիում:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ