Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիան սկսել է «ռազմավարական ծրագրի» իրականացումը, որի նպատակն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուլացնելն ու հետագայում վերջինիս պաշտոնանկ անելը, հայտնում է Middle East Eye-ը:
Աղբյուրի պնդմամբ, ում «ձեռքի տակ է հայտնվել» Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության համար նախապատրաստված գաղտնի զեկույցը, ծրագիրը մշակվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը` ըստ պարբերականի թագավորության դե ֆակտո տիրակալը, որոշել է, որ «չափից ավելի հանդուրժող» է եղել Էրդողանի հետ Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում Ռիադին ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանությունից հետո:
Լրատվական հավելում է նաև, որ Խաշեղջիի սպանությունը միջազգային ճանաչում էր ստացել հիմնականում հենց Թուրքիայի արձագանքի պատճառով, որը Սաուդյան Արաբիային պատասխան տալու կոչ էր անում: Մասնավորապես, նշվում է` ԱՄՆ ԿՀՎ-ն և Սենատը համաձայնվել էին թուրքական հետախուզության եզրակացություններին, որ Բին Սալմանն անձամբ մասնակից է ողբերգությանը:
Զեկույցում նշված է նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սաուդյան Արաբիային և գահաժառանգ արքայազնին վարկաբեկելու իր արշավում «չափազանց հեռուն է գնացել», նաև Թուրքիան զգալի աջակցություն չի ցուցաբերել սպանության քննությանը, բայց դրա փոխարեն նպաստել է լրատվամիջոցներում «ապատեղեկատվության» տարածմանը, որի հիմնական նպատակը «թագավորության իմիջի խաթարումն ու գահաժառանգ արքայազնի հեղինակազրկումն է»:
Տեղի ունեցածի ֆոնին Ռիադը որոշել է, որ ժամանակն է «ուժեղացնել պատասխան հարվածը» և թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի նախագահի ազդեցությունը: Ըստ ծրագրի՝ Սաուդյան Արաբիան մտադիր է գործարկել բոլոր հնարավոր գործիքները` Էրդողանի կառավարության վրա կոշտ ճնշում գործադրելու համար: Թագավորությունն առաջին հերթին պատրաստվում է դադարեցնել ներդրումները թուրքական տնտեսության մեջ, ինչպես նաեւ կրճատել երկիր զբոսաշրջային հոսքերը և ներմուծման ծավալները, իսկ որպես գլխավոր հարված` նվազեցնել իսլամի հարցերում Թուրքիայի դերը:
Էր Ռիադը լիահույս է` Էրդողանը կկենտրոնանա ներքին խնդիրների լուծման վրա և ի վերջո՝ կտապալվի ընդդիմության կողմից կամ կսկսի սխալներ ու թերացումներ թույլ տալ՝ հաղթահարելով մի ճգնաժամը մյուս ճգնաժամի հետևից, ինչն էլ կարժանանա լրատվամիջոցների, հետևաբար հանրության ուշադրությանը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ` անցյալ շաբաթ արդեն հայտնվել են Սաուդյան Արաբիայի կողմից ծրագրի գործարկելու նախանշանները: Մասնավորապես, արաբական թագավորության իշխանությունները Դուբա նավահանգստում արգելափակել են թուրքական` տեքստիլ արտադրանք և քիմիկատներ տեղեփոխող 80 բեռնատարներ, իսկ Ջիդա նավահանգստում՝ Թուրքիայից մրգերով և բանջարեղենով լի 300 կոնտեյներ:
Համապատասխանաբար, Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն` 2019 թվականի առաջին վեցամսյակին երկիր այցելած սաուդցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 15%-ով:
Բացի այդ, լրատվամիջոցի տեղեկություններով, Սաուդյան Արաբիան պաշտոնական Անկարային նաև մի շարք այլ ազդանշաններ է ուղարկում:
Middle East Eye-ը մանրամասնում է` «ի նշան այն բանի, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն իր հարաբերությունները Էրդողանի հետ խզել է և նրան սկսել է վերաբերվել ինչպես թշնամու, Սալման թագավորը «առանց վարանելու» հավանություն է տվել իր խորհրդականների խորհրդին՝ Թուրքիայի նախագահին չուղարկել Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի պաշտոնական հրավեր:
Հոդվածում նշվում է նաև, որ թուրքական կառավարությունում տեղյակ են հարաբերությունները խզելու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի փորձերի մասին, և վերջիններս այն փորձում են կանխել՝ անմիջական կապ պահպանելով թագաժառանգի հոր՝ Սալման թագավորի հետ:
Պարբերականը, վկակոչելով իր`Թուրքիայում բարձրաստիճան աղբյուրի խոսքերը, հավելում է նաև, որ Էրդողանը վերջերս սաուդցի թագավորի հետ քննարկել է տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում` թուրքական բեռների արգելափակումը:
Վերջինս նաև Սալմանի ամբողջ ընտանիքին հրավիրել է Թուրքիա, այդ թվում նաև գահաժառանգ արքայազնին: