կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-06 13:44
Տնտեսական

Ինչու է դեղորայքը թանկացել․ ԱՆ-ն ոչինչ չունի ասելու, իսկ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում

Ինչու է դեղորայքը թանկացել․ ԱՆ-ն ոչինչ չունի ասելու, իսկ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում

Օրերս քաղաքացիները մտահոգություն էին հայտնել, որ այս օրերին շատ դեղեր թանկացել են 20 տոկոսով: ArmDaily.am-ի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նշեց, որ հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ. «Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք աշխատանքները ամփոփելուն պես»։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դեղերի թանկացումը հիմնականում պայմանավորված է դրամի արժեզրկմամբ. «Իսկ մեր դեղի գերակշռող մասը մենք ներկրում ենք և այդ դեղերի գները ուղղակի կախվածության մեջ են դրամի փոխարժեքի հետ: Հատկանշական է, որ երբ դրամն արժևորվում է, դեղերի գները չեն նվազում, սակայն երբ արժեզրկվում է, գների կտրուկ աճը տեղի է ունենում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր դեղերի շուկայում կան մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք տարիներ շարունակ թելադրում են գները դեղերի շուկայում: Եվ այդ կազմակերպությունները տիրապետում են ոչ միայն մեծածախ շուկային, այսինքն ներկրումներին, արտադրանքի ծավալներին, այլև վերահսկում են նաև մանրածախ առևտրի կետերը, մասնավորապես դեղատները:Եվ նրանք կարողանում են այդ ամբողջական շղթայի տիրապետմամբ գներ թելադրել շուկայում, նաև որոշումներ կայացնել: Նշեմ նաև, որ գների բարձրացումը նաև պայմանավորված է բացասական սպասումներով, այսինքն դեղ վաճառողները կամ ներկրողները կարծում են, որ դոլարի փոխարժեքն ավելի կաճի և դրա արդյունքում նրանք դարձյալ կորուստներ կունենան և իրենց հաշվարկները իրականացնում են ոչ թե 525 դրամով, այլ ենթադրենք 550 դրամով: Այսինքն իրենց համար ֆինանսական անվտանգության բարձիկներ են ստեղծում»:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն այդ մասով ոչինչ չունի ասելու. «Թե մոնիթորինգ իրականացնելը, թե մեկնաբանություն տալն ամբողջովին ՏՄՊՊՀ դաշտում է»: