կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 17:11
Քաղաքական

Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ․ Ռուբեն Հայրապետյան

Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ․ Ռուբեն Հայրապետյան

Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավերում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ավելի կարևոր բան ենք կորցրել, քան տունը: «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։ Ես ոչ միայն Շուշիում, այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել, բայց թքած ունեմ ամեն ինչի վրա, ավելի կարևոր բաներ կան»,- նշեց նա։

Նա նշեց՝ իր մտածմունքը ոչ թե իր տուն կորցնելն է, այլ այն մարդկանց, որոնք մնացել են անտուն․ «Մարդիկ կան, որոնց միակ ունեցվածքը եղել է տունը ու էսօր էդ էլ չունեն, մնացել են դրսում։ Ես Շուշիի էդ տունը կառուցել եմ, որովհետև Ղարաբաղը շատ եմ սիրում, թե չէ տան կարիք չեմ ունեցել։ Էն մարդիկ, որոնք էսօր տանիք չունեն իրենց գլխին, իրենց համար է դժվար, այ իրանց համար եմ ցավում»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Շուշին ու, առհասարակ, Արցախը կորցնելու մեղավորն ու պատճառը ՀՀ վարչապետն է․ «Շուշին ոչ թե կորցրել ենք, այլ դավաճանաբար ծախել են, որովհետև ունենք երկրի դժբախտ, դժգույն ղեկավար՝ ի դեմս ապիկար Նիկոլ Փաշինյանի»,- նշեց նա։

Հայրապետյանն ասաց, որ ինքը մշտապես պահանջել է Փաշինյանի հրաժարականը և այդ մասին հայտարարությամբ հանդես գալը պարտադիր չի համարում․ «Մոսկվայից հայտարարություն պիտի անե՞մ, երբ հետախուզումը հանեն, կարողանամ գալ Հայաստան` աչքերն եմ հանելու։ Ոչ ոք չի մարսելու երկիրս ծախելը»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը։