Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք՝ թուրք ջարդարարների, ելուզակների հարձակումներից մազապուրծ շուշեցիներս, մեզ համար դժնդակ ու ողբերգական այս օրերին մեր բողոքն ենք արտահայտում Նիկոլ Փաշինյանի դեմ:
Դու գիտե՞ս ինչ սրբություն ու գանձ ես նվիրել Շուշին իրենը համարող ոճրագործ թուրքին: Մի՞թե դու մոռացել ես Պոտտոյի այն հայտնի վկայությունը, որ «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին»: Դու մոռացա՞ր, որ Շուշին հայոց միակ բերդաքաղաքն է, հզոր ամրոցը, ամեն մի հայի էության վկան, ուխտատեղին, երազանքը: Հավերժության վկան: Քանքարների ոստան Շուշին արծվի պես նստած է Արցախի գողտրիկ բարձունքներից մեկի վրա և հպարտորեն հսկում է չորս կողմը, ողջ Արցախ աշխարհը իրեն ձգում է մագնիսական ուժով:
Ճիշտ է, պատմության քառուղիներում բազմիցս հողմ ու մրրիկ է անցել այս քաղաքի վրայով, ինչքա՜ն ավեր ու արյուն է տեսել հայի ձեռքով կառուցված քաղաքը՝ մերթ հրդեհվել ու քանդվել է, մերթ շենացել՝ փյունիկի նման վեր հառնել:
Այո՛, հայոց բերդաքաղաք՝ ողբերգական պատմությամբ, թուրքի ճիրաններում տառապած. 1896, 1905-1906, 1920-1923,1988-1992, 2020 թվականներին շուշեցուն բաժին են ընկել դառն օրեր: Քանի՜-քանի՜ սերունդներ են երազել այս չքնաղ քաղաքը տեսնել ազատ ու անկախ: Տարիներ անց այդ երազանքը իրականության դարձավ: 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին՝ դառնալով արցախյան գոյապայքարի վճռական հաղթանակների մեկնարկը, ուղենիշն ու խորհրդանիշը: Ցնծաց ողջ աշխարհի հայությունը՝ ազատագրվել է՝ Շուշին մերն է…
Շուշին ամբողջովին հայաշունչ դարձավ:
Գիտե՞ս ինչու… Շուշին իր ծնունդով ու կնունքով հայկական էր: Մեծանուն շուշեցի Միքայել Հարությունյանը հաստատում էր, որ Աստված էլ է ղարաբաղցի՝ շուշեցի…
Այո՛, աստվածային աղոթքները հնչել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Ցավոք դու էլ ես մասնակցել Շուշիում կազմակերպվող միջոցառումներին, խրախճաքներին և առանց ամոթի հայտարարել Շուշիի փառահեղության մասին: Իսկ այժմ այն քեզ համար դժգույն է ու դժբախտ:
Փառք ու պատիվ մեր բանակին, նրանց ովքեր իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, ազատագրեցին հայության պարծանք Շուշին:
Մենք 1988-ին տեղահանված շուշեցիներս, ցնծությամբ ընդունեցինք թուրքի 70ամյա բռնակալությունից ազատագրված Շուշիի հաղթանակը, որին անհամբեր սպասում էինք Ստեփանակերտում, շուրջ չորս տարի դիմակայելով արցախցուն բաժին հասած ահասարսուռ օրերին: 1992 թվականի մայիսի 10-ին տեղահանված շուշեցիներս վերադարձանք հայրենի քաղաք, որը թալանված էր, ավերված, խոշտանգված, կորսված: Ապրեցինք հաղթանակի երջանիկ պահը, նվիրվեցինք կորցրածը վերականգնելու հևքին:
28 տարիների ընթացքում մեր քաղաքը վերակենդանացավ, համայն հայության օգնությամբ բուժեց իր վերքերը, դարձավ նվիրումի ուխտատեղի: Փյունիկի նման վեր հառնեց, տարեցտարի բարեկարգվեց, վերականգնվեցին կրթամշակութային օջախները, թանգարանները, եկեղեցիները, բնակելի թաղամասերը, փողոցները: Մի խոսքով քաղաքն ամբողջովին ապրում էր իր վերփոխման առօրյա հոգսերով՝ աշխարհին ներկայացնելով վաղվա օրվա լավագույն նախագծումները, գալիքի երազանքները:
Մենք՝ շուշեցիներս քաջ գիտակցում էինք, որ Շուշին սոսկ քաղաք չէ, այլ հայի լինելիության խորհուրդն է ու վկան, շուշեցի լինելը մեծ հպարտություն է ու վեհ առաքելություն, աշխարհին ներկայացվող կրթամշակութային իր փառքով., սուրբ եկեղեցիների զանգերի ախորժալուր ղողանջներով:
Ի՞նչ ասենք Շուշին հանձնողիդ: Մի՞թե քո երակներում չի հոսում հայի արյունը, քո մեջ բացակայում է ազգային բանականությունը: Մ՞իթե քո մասնագիտական գործունեության, այժմ էլ կառավարման առիթներով չես առնչվել այս քաղաքի ողբերգական անցյալին, հերոսական պայքարին ու հաղթանակին, բազմաբովանդակ վերափոխումներին:
Նիկոլ Փաշինյան, մի՞թե դու մոռացել ես ձեր վայելքները Շուշիում, նրա պարիսպներին հարող թթենու այգում՝ տիկնոջդ հետ: Դու պնդում ես, որ Շուշին հանձնվա՞ծ էր այն ժամանակ, երբ մասնակցում էիք Արցախի նախագահի երդման արարողությանը՝ հիշելով Շուշիի փառահեղության դրվագները: Իսկ ձեր նկարահանումները, քաղաքի նորակառույցները աշխարհի ներկայացնելու նպատակով: Հավանական է դու մոռացել ես թե տիկինդ ինչ հաճույք էր ապրում, երբ հոյակերտ թանգարանից հանված գորգերը փռվեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հարող ճանապարհին՝ նկարահանելու համար: Գուցե հիշողությունդ թույլ է այդ ամենը վերհիշելու համար: Շուշին դժգույն, դժբախտ համարելու համար: Շատ է ամոթ, հային ոչ վայել:
Դու չարաչար սխալվում ես: Շուշին ամեն մի հայի հույսի, լույսի հարատեւության փարոսն է, Արցախի ադամանդը:
Այսօր մենք՝ շուշեցիներս, հայրենազուրկ ենք, ունեզուրկ, բզկտված, քանդված, մարած լույսերով, օջախներով, ուր խրախճանք են անում թուրքերը և հրճվում մեր ամոթալի պարտության համար, ստորությամբ իրենց հանձնված Շուշիի համար: Ամոթ, հազար ամոթ: Մենք՝ շուշեցիներս երբեք չենք ընդունելու Շուշին հանձնելու քո որոշումը: Հավատում ենք նրա վերադարձի երջանիկ ժամին՝ հայ ժողովրդի միասնությամբ, հայեցի տեսնելու երազանքով, նրան նորից նվիրվելու համախմբման կոչերով, մտահղացումներով:
Մենք այսօր պայքարում ենք, որ մեր զավակներին, թոռներին չզրկենք հայրենի օջախի լույսը վառելուց:
Շուշի… Բզկտված, ավերված, թալանված Շուշի, փրկություն աղերսող Շուշի, սուրբ օջախ հայության՝ վեհաշուք Սուրբ Ամենափրկիչ, սուրբ Մկրտիչ կանաչ ժամով, սրբացած գերեզմաններով, պատմության քառուղիներում տառապանք տեսած, մայիսյան հաղթանակով վերածնված Շուշի, նոյեմբերյան ստորությամբ հանձնված Շուշի, կրկին փառավորվելու ձգտումներով ու հույսերով Շուշի: Հավատում ենք Շուշիի, Արցախի պայծառ գալիքին, նրա փրկությանը, վերադարձին ու հավերժությանը: Մենք Արցախն ենք՝ Շուշին, մենք ապրել ենք ուզում…
Շուշին մերն է հավիտյան, ամեն հայի սուրբ քաղաքը:
Նզովք ու ամոթանք Շուշին հանձնողներին: Թող Շուշին հանձնողի օջախն էլ քանդվի, ճղակոտոր դառնա, չգտնելով փրկություն:
Շուշեցի տառապյալները ցրված են ամենուր, հույսի կարոտով…
Ամեն մի նվիրյալ հայի, հայրենազուրկ շուշեցու անեծքն ու նզովքը խարան են գեղաշուք Շուշին ստորությամբ հանձնողիդ քո՝ Նիկոլ Փաշինյան ճակատին, քո ողջ կյանքի ճանապարհին:
Մի խումբ Շուշեցիներ