Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Այս գործով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 14-ին մերժել է միջնորդությունը՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
«Վերաքննիչ բողոքը չի պարունակում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելու մասին Դատարանի 19.10.2018թ. որոշումը դատական սխալներով կայացված լինելու բավարար հիմնավորումներ, ուստի այդ որոշումը վերացնելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջը բավարարվել չի կարող»,- նշել է դատարանը։
Ըստ «Դատալեքս»-ում հրապարակված տեղեկատվության՝ ըստ 17.09.2018թ. դատարան ներկայացված հայցապահանջում մասնավորապես նշվում է՝ «պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «.... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ....»:
Հայցադիմումն ուղեկցվում է հայցի ապահովման նախատեսված միջոցը կիրառելու մասին միջնորդությամբ. «.... պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները»:
Հայցի ապահովման իր ակնկալած միջոցի կիրառման անհրաժեշտությունը հայցվորը փաստարկել է այն պնդումներով, որ պատասխանողի «... նմանօրինակ հայտարարություններով Ռոբերտ Քոչարյանին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ Վարչապետի խոսքը ունի մեծ լսարան թե Հայաստանում և թե` Սփյուռքում», «ցանկացած արտահայտություն, որը Պատասխանողը կանի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն և բացասական ազդեցություն թողնի Ռոբերտ Քոչարյանի հեղինակության վրա», «... ներկա պահին Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ և Վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա և առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում»:
Վերաքննիչ դատարանը հանգել է հետևյալ եզրակացություններին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Բացի այս, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։