կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 16:03
Քաղաքական

Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց․ դատարանը վերանայել է որոշումը

Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց․ դատարանը վերանայել է որոշումը

 Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու և պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, բավարարել է բողոքաբեր Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ։

 Այս մասին հայտնում է Փաստինֆոն-ն և հիշեցնում, որ դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին դատարանը որոշում էր կայացրել մայիսի 25-ին, երբ դատական նիստում իրավիճակը կրկին լարվել էր։Մասնավորապես, դատարանում քննարկվում էր զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներին որպես շահագրգիռ կողմ ներգրավելու մասին՝ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը տեղից հայտարարությամբ հանդես եկավ։ Դատարանը՝ նախ նկատողություն տվեց, հետո՝ դատական սանկցիա կիրառեց Ղուկասյանի նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացման տեսքով, սակայն Ղուկասյանը հրաժարվեց դուրս գալ նիստերի դահլիճից, արդյունքում՝ վիճաբանություն-քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների և ծնողների մի մասի միջև։

 Դատարանի՝ այս որոշումից հետո զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ պարզաբանումներ պահանջելու, իսկ նախորդ դատական նիստի ընթացքում հավաքվել էին Վերաքննիչ քրեական դատարանի բակում՝ պահանջելով հրապարակային քննություն։ Միևնույն ժամանակ, Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ պահանջելով վերանայել գործը դռնփակ քննելու որոշումը , որի քննությունը շարունակվել է այսօր, դատարանը բավարարել է այն։

 Դատական նիստը հետաձգվել է՝ մինչև հունիսի 3-ը, ժամը՝ 17.00-ն։

 Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

 Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։