կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 23:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դավաճան»՝ գրված է Նիկոլ Փաշինյանի ճակատին առաջին իսկ օրից․ Գևորգ Գևորգյան

«Հիմա ամբողջ ազգը պետք է ոտքի կանգնի, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա իրապես  մեր անվտանգության, պետականության պայքարն է։ Պետք է ի վերջո հասկանան, որ մենք կռիվ ենք տալիս ոչ թե իշխանության, այլ մեր անվտանգության համար»,- այսօր Մատենադարանի մոտից մեկնարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների նախաձեռնած բողոքի երթի ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ճակատ» հայրենասիրական նախաձեռնության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

«Այն դավաճանությունը, որն արեց վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանն ու իր բոլոր վարչախումբը, դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նրանք պետք է րոպե առաջ հրաժարական տան, որ կարողանանք միահամուռ ուժերով չեղարկել իրենց ստոր, թիկունքից հարված հասցրած  դավաճանական քայլը, կարողանանք վերականգնել Արցախում ազատագրած մեր հողերն ու տարածքները և ամրապնդենք Հայաստանի հանրապետության անվտանգությունը»,- մտահոգված ասաց Գ․ Գևորգյանը, որը պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով մեկնել էր ռազմաճակատ։

Մեր այն հարցադրմանը, թե Փաշինյանն ասում է, որ բանակում են դավաճաններ եղել, ինչի արդյունքում էլ մենք պարտվել ենք, Գ․Գևորգյանը կտրուկ արձանագրեց․ «Առաջին հերթին թող Նիկոլ Փաշինյանը բունկերից դուրս գար, ընդհանրապես գար Արցախ ու հասկանար, թե ով կար այնտեղ ու ով չկար։ Եվ հետո, դավաճանը գրված է Նիկոլ Փաշինյանի ճակատին՝ առաջին իսկ օրվանից։ Դավաճանությունից Նիկոլ Փաշինյանն  իրավունք չունի խոսելու։ Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը թող ձայնը կտրի, իրենից միայն մի բան է պահանջվում, գրի իր հրաժարականը, ասի՝ կներեք ժողովուրդ, «ղալլաթ» եմ արել»։

Ըստ զրուցակցի իրավիճակը բեկանել հնարավոր է, պարզապես պետք է Փաշինյանն ու իր թիմը հրաժարական տան, այլապես, բոլորն են պատասխանատու․ «Այդ 88 պատգամավորները, թող ուշադիր լսեն ու հասկանան, որ նույն պատասխանատվությունն ու պատիժը սպասվելու է իրենց։ Հրաժարականը պետք է հենց հիմա տան, այլապես մեկ շաբաթ կամ տասն օր հետո ուշ կլինի։ Մենք պետք է կարողանանք այս իրավիճակը փրկել, մենք թուրքի առաջ ծնկի չենք գա, մենք թուրքին տալու ոչինչ չունենք։ Այս նապաստակ շան որդիք պիտի հասկանան, որ մի օր ավել, մի օր պակաս, իրենք շանս չունեն պետք է արագ ստորագրեն իրենց հրաժարականն ու հեռանան, որպեսզի կարողանանք փրկել գոնե այն, ինչ մնացել է եւ հնարավոր է»։

Անդրադառնալով  ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկելու շղթային, Գ․ Գևորգյանն ասաց, որ նման քայլերով չեն թուլացնի իրենց պայքարը․ «Եթե իրենց թվում է մեզ ԱԱԾ-ի միջոցով կարող են ծնկի բերել, սխալվում են։  Արդեն իրականություն է, այս տղերքը հանձնել են հողերը, այդ անտեր փաստաթուղթը ստորագրել են ու մեզ ասում են մենք ենք դավաճանը։ Լուրջ ե՞ք ասում, դուք մեր պետականությունը ոչնչացնում եք, կործանում ու մեզ ե՞ք դավաճան անվանում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը