Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհին մենք ներկայացանք որպես մշակութային ազգ, ցույց տվեցինք, որ ինչ էլ լինի, մենք լինելու ենք կանգուն, նվագելու ենք, պարելու ենք մեր հողի վրա. Yerkir.am-ի հետ բացառիկ զրույցում ասաց Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծությունից օրեր անց նվագեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։
Սևակն ուրախ է, որ եկեղեցում նվագելու տեսանյութն այդքան տարածում է գտել, որի նպատակը մեկն էր՝ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող պատերազմական իրավիճակին լուռ հետեւող կույր ու խուլ աշխարհի ուշադրությունը հրավիրել: «Ի դեպ, տեսանյութը նախորդ շաբաթվա ամենաշատ դիտվածն էր Չինաստանում, որից հետո ես 2022 թվականի համերգների հրավերներ ունեցա, որի ողջ հասույթը, բնականաբար, կտրամադրվի Արցախին՝ գուցե հենց թշնամու կողմից հրետակոծված համերգասրահը վերանորոգելու կամ արդեն վերանորոգված համերգասրահի համար լավ գործիքներով վերազինելու համար»,- ասաց նա։
Սակայն այս ամենով Սևակը չի սահմանափակվել և օրեր անց Ղազանչեցոց եկեղեցուց մի քանի հարյուր մետր հեռու գտնվող՝ 17-րդ դարի պարսկական մզկիթում, որը վերանորոգվել է անցյալ տարի և պահպանվում է հատուկ խնամքով, նվագել է պարսիկ երաժիշտ թավջութակահար Կիան Սոլտանիի «Պարսկական կրակի պարը» ստեղծագործությունը։
«Ուզում էի մզկիթի ներսում նվագել, բայց արցախցիները ներս չթողեցին ինձ, ասացին՝ դու ո՞վ ես, որ ուզում ես մտնել մզկիթ, գուցե չի կարելի, գուցե իրենց հավատին դեմ է։ Նրանք նաեւ ասացին, որ եթե քեզ հետ մուսուլման լիներ, միգուցե ներս թողնեինք։ Պատկերացնո՞ւմ եք հայի հարգանքը, ամբողջ ազգով կռվում ենք մուսուլման տեռորիստների դեմ, բայց նույնիսկ չենք թողնում, որ երաժիշտը մտնի ու մզկիթում նվագի»,- պատմեց Սևակն ու մանրամասնեց, որ, մզկիթում նվագելով, ամբողջ աշխարհին ցանկացել է ցույց տալ թուրքի և հայի տարբերությունը:
«Մենք հարգում ենք, պատվում ենք, վերանորոգում ենք մզկիթը մեր երկրում, իսկ թուրքը եկել և մեր երկրում ռմբակոծում է մեր եկեղեցին»,- ասաց Սևակն ու ինքն իրեն ուղղեց. «Մեր մեջ ասած՝ բոլորն էլ գիտեն, թե ով է թուրքը, և ով է հայը։ Օրինակ՝ հոլանդացի կամ ֆրանսիացի տատիկը չի կարող ասել՝ «թաղեմ թուրքերին», բայց բոլորն էլ հասկանում են, թե ով է թուրքը»։
Անդրադառնալով իր ակցիան ադրբեջանցիների կողմից քյամանչայով կրկնօրինակվելուն՝ մեր զրուցակիցը քմծիծաղով փաստեց. «Զավեշտալի էր»։ Ըստ նրա՝ եթե այդ «հերոսի» ձեռքը հասել է քյամանչային, հետևաբար, նա ադրբեջանցի չի կարող լինել.«Իրենք՝ ուր, քյամանչան՝ ուր։ Դա ոչ թե կրկնօրինակել էր, այլ ինչ-որ չափով պատասխան էր ինձ, որովհետեւ այդ տղան նստում է ու չի նվագում, ուզում է ասել, որ դուք նվագում եք, իսկ մենք՝ ոչ։ Դե, ադրբեջանցիների արած ամեն ինչն է զավեշտալի։ Ուղղակի իրենք ունեն նավթ, հսկայական երկիր է իրենց մեջքին կանգնած, իրենց միակ առավելությունը դա է։ Իրենք ո՛չ մշակույթով, ո՛չ սպորտով, ո՛չ կրթությամբ և, ընդհանրապես, ո՛չ մի բանով չեն կարող մեզ հետ ոտք գցել։ Իրենք ոչինչ չունեն, իսկ ինչ էլ ունեն, պարզվում է՝ կա՛մ պարսիկ է, կա՛մ արաբ է, կա՛մ թալիշ է, կա՛մ էլ լեզգի։ Չի բացառվում՝ այդ տղան, որ փորձում էր քյամանչա չնվագել, հավանաբար թալիշ է կամ լեզգի»։
Ըստ Սևակի՝ հայ լինելը սփյուռքում մեծ պատիվ է, ու հայերը մշտապես մեծ պատվի են արժանանում բոլոր ազգերի կողմից, պարզապես պետք է աշխարհին տեղեկացնել այն, ինչ իրականում կատարվում է Հայաստանում, ինքն էլ իր հնարավորության չափով է փորձում իրազեկել աշխարհին: «Երկու օրից մեկնում եմ Հոլանդիա, ամենամեծ հոլանդական և դասական աշխարհի շատ մեծ հաղորդաշարի մասնակցելու, որի ժամանակ պետք է նվագեմ ու խոսեմ Հայաստանի մասին։ Իմ կարծիքով՝ դա ամենաքիչն է, ինչը ես կարող եմ անել, բայց կարեւոր է, որ դասական երաժշտություն լսող հանդիսատեսը տեսնի և իմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, որովհետեւ մարդիկ պարզապես տեղյակ չեն ինչ է կատարվում այստեղ»,- նշեց Սևակը։
Նա էլ յուրաքանչյուր հայի նման սրտատրոփ սպասում է, որ այս պատերազմն օր առաջ ավարտվի, բայց համոզված է. «Այս պայքարը միմիայն հաղթանակով է ավարտվելու: Մեր մարտիկներն այնպիսի սխրանքներ են գործում, ընդամենը պետք է թիկունքն ամուր լինի։ Չեք պատկերացնում, թե մենք ինչ զինվորներ ունենք, ինչ կռվողներ ունենք ու ինչ մարդկանց ենք այսքան տարի անտեսել, որոնց շնորհիվ մենք այսօր երկիրն ունենք։ Հայ լինելն այսօր շատ մեծ հպարտություն է»։
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը
Մանրամասները՝ տեսանյութում։