Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի եւ արտերկրի 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից:
Հայտարարության հասցեատեր միջազգային կառույցների եւ ազդեցիկ բնապահպանների ցանկում են Բնության պահպանության միջազգային միավորումը (սահմանում է կենդանիների Կարմիր գիրքը), Գրետա Թունբերգը, Բրիջիդ Բարդոյի հիմնադրամը, Կենդանիների փրկարար միջազգային կազմակերպությունը, Լենոարդո Դի Կապրիոյի հիմնադրամը եւ այլ հեղինակավոր կառույցներ։
Հայտարարության միջոցով կազմակերպությունները կոչ են անում համարժեք արձագանք տալ եւ ներդնել բոլոր ջանքերը՝ որպես համաշխարհային բնական ժառանգություն պաշտպանելու Արցախի արժեքավոր էկոհամակարգը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսները սպառնացող էկոցիդից։
Կառույցները հիշեցնում են՝ բնության պահպանությունը քաղաքական եւ ռազմական սահմաններ չի ճանաչում, եւ սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում կարող է հանգեցնել բնապահպանական աղետի ողջ տարածաշրջանում։
Հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի՛ գործընկեր,
Համոզված ենք, որ տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի տարածաշրջանում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սանձազերծված պատերազմի մասին, որի, նույնիսկ հումանիտար հրադադարի կնքման մասով, միջազգային հանրության կողմից նախաձեռնած բազմաթիվ ջանքերն ապարդյուն էին:
Հարավային Կովկասում սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմի ընթացքում փաստագրվել են մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց թվում՝ հայ զինվորների գլխատումներ, հայկական դրոշներով փաթաթված քաղ. բնակչության սպանդ, մշակութային – հոգեւոր արժեք հանդիսացող եկեղեցու հրթիռակոծում, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր հրետանակոծում, որոնց թվում՝ դպրոցներ, բնակելի շենքեր, քաղաքային շուկա եւ նույնիսկ ծննդատուն:
Հայաստանի եւ Արցախի ողջ բնապահպանական հանրույթն ու քաղ.հասարակությունը, որոնց թվում՝ տեղական, տարածաշրջանային կառույցներ եւ միջազգային բնապահպանական կազմակերպություններ, գիտնականներ եւ գիտական ինստիտուտներ հերթական անգամ ցնցվեցին հոկտեմբերի 30-ին՝ ականատեսը լինելով Արցախի տարածաշրջանի բնական էկոհամակարգերի եւ կենսապահպան անտառների նկատմամբ Ադրբեջանի հանրապետության կողմից գործած ռազմական հանցագործությունից:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրված տվյալների համաձայն ադրբեջանական ռազմական ուժերը Արցախի կուսական անտառային էկոհամակարգը թիրախավորել են կիրառելով սպիտակ ֆոսֆորային քիմիական զինամթերք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժակետերից մեկը, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով:
Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների եւ 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի եւ կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ:
Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են եւ կարեւոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման եւ էկոլոգիական հավասարակշռություն պահպանելու համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձեւավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ եւ ձեւավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը:
Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի եւ վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաեւ Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով:
Վերացնելով կարեւոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ սպիտակ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի եւ գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների:
Սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչեւ Հելսինկիի եւ Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98%-ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում եւ Արցախում բնակվող էթնիկ հայերին, ինչը մենք անընդունելի ենք համարում:
Քիմիական այս զենքի կիրառությունը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն:
Բնության պահպանությունը քաղաքական եւ ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միեւնույն տարածաշրջանում եւ օգտվում միեւնույն կենսական ռեսուրսներից:
Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի:
Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին, եւ այս աղետը կանխարգելելու նպատակով կոչ ենք անում Ձեզ, որպես ոլորտի առաջատար կազմակերպություն՝
Ձեր գործընկերային ցանցին տեղեկացնել Արցախին եւ տարածաշրջանին սպառնացող լուրջ վտանգի մասին,
դատապարտել ռազմական ուժերի կողմից կենսական անտառների, ապրելավայրերի եւ էկոհամակարգերի փաստացի ոչնչացումը, ինչն արգելված է միջազգային իրավունքի բոլոր նորմերով,
պատասխանատվության կոչ անել՝ պաշտպանելու համար արցախյան արժեքավոր էկոհամակարգերը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսը սպառնացող էկոցիդից,
հղում կատարել եւ պահանջել բարոյական պատասխանատվություն դրսեւորել պատերազմի ընթացքում ինչպես մարդկանց, այնպես էլ բնության նկատմամբ։
Խնդրում ենք նաեւ մեզ՝ ներքոստորագրյալներիս, տեղեկացնել Ձեր՝ որպես բնության եւ կենսաբազմազանության պահպանման համար ջանքեր գործադրող, ունիվերսալ հումանիտար արժեքների ջատագով կազամակերպության կողմից նախաձեռնած գործողությունների ու հետագա քայլերի մասին՝ միտված Արցախյան տարածաշրջանում էկոցիդը կանխելուն, որ բազմաթիվ անհետացման եզրին գտնվող տեսակների ապրելավայր է ու չի ճանաչում ռազմաքաղաքական սահմաններ»: