կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 12:23
Քաղաքական

Եթե քո ներքին օրակարգը դու չես ձեւավորում, ապա ով էլ դա դրսից ձեւավորի, վատ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Եթե քո ներքին օրակարգը դու չես ձեւավորում, ապա ով էլ դա դրսից ձեւավորի, վատ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Եթե քո ներքին օրակարգը դու չես ձեւավորում, ապա ով էլ դա դրսից ձեւավորի, վատ է: Այս մասին հոդված է հրապարակել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հոդվածը՝ ստորև:

Հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս

Ամիսներ առաջ մենք հրապարակել էին երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձեւավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռեւս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձեւավորվում է  այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձեւավորելու անկարողությունը։

Այս պայմաններում լավի կամ վատի ընտրության հարց չկա. եթե քո ներքին օրակարգը դու չես ձեւավորվում, ապա միեւնույն է, թե դրսից ով կանի դա քո փոխարեն. միեւնույն է՝ վատ է։

Տեղեկատվական հոսքերը եւ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում։ Սա այն է, ինչից պետք էր խուսափել, ինչի մասին մենք զգուշացնում էինք  ամիսներ առաջ։ Դրսից օրակարգ հրամցնելը ազդեցության սահմանման կարեւորագույն գործիքներից է, ի թիվս այլ գործիքակազմի։ Խնդիրն այն է, որ գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում, եթե այն նույնիսկ տեղի է ունենում Հայաստանում, մեր երկիրը կարող է բացակայել։ Ոչ միայն Հայաստանի շահը կարող է բացակայել, այլեւ բուն պետությունը չլինի վերջնահաշվարկում։

Տեսանելի ակտիվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում ցուցաբերում է նկատելի ակտիվություն։ Հանդիպումներ ՀՀ վարչապետի հետ, ՀՀ գործող նախագահի հետ, 3-րդ նախագահի հետ, ԱԺ նախագահի հետ, գործող-չգործող մանր մունր կուսակցությունների հետո, որոնք որպես փոխանցիկ դրոշ անցնում են ԱՄՆ մեկ դեսպանից մյուսին եւ այլն։

Կա որոշակի տեղեկատվություն, որ ՀՀ-ում այսպես կոչված դատաիրավական բարեփոխումները իրականացվում եմ ԱՄՆ ուղիղ խորհրդատվությամբ կամ ավելի ճշգրիտ ձեւակերպմամբ՝ բառացի թելադրանքով։ Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Անցումային արդարադատությանը», «Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագծին» եւ այլն։ Չի բացառվում, որ ստվերային ազդեցության եղանակներով «խորհրդատվություն» է իրականացվում նաեւ քաղաքական խնդիրները դատաիրավական ճանապարհով լուծելու հարցերում։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում դեսպան Լին Թրեյսին բաց հայտարարում է. «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»։ Տվյալ դեպքում դժվար չէ կռահել, թե խոսքը ինչ օրինագծերի եւ սպասվելիք ինչ զարգացումների մասին է։

Դրանք հենց այն զարգացումներն են, որոնք Հայաստանի  ստրատեգիական դաշնակցի Ռուսաստանի մոտ առաջացնում են կենսական անտագոնիզմ։ Ակնհայտ է, որ իր իսկ ռազմավարական շահերից ելնելով Ռուսաստանը չի հանդուրժելու Հայաստանի համար նման ներքին օրակարգի ձեւավորումը։

Հայաստանը հայտվում է խիստ անբնական եւ խիստ վտանգավոր տիրույթում. իր առաջիկա զարգացման օրակարգը ձեւավորում է ԱՄՆ լիակատար աջակցությամբ, իսկ անվտանգության խնդիրը լուծվում է Ռուսաստանի աջակցությամբ։ Սա նոնսենս է։ Նման բան չի կարող լինել։ Պետությունները չեն կարող գտնվել այլ գերտերության օրակարգային տիրույթում, եւ միաժամանակ գտնվել նրան հակառակ, այլ գետերության անվտանգության համակարգում։ Սա տեսանելի ապագայում բերելու է լուրջ խնդիրների։

Կա նաեւ հարցի տնտեսական կողմը։ Կյանքը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Հայաստանի համար ներդրումների ամենախոշոր եւ ամենաիրական  աղբյուրը ՌԴ-ն է։ Մեկ օրինակով կարելի է ցույց տալ Հայաստանի համար իրավիճակի ողջ ռիսկայնությունը։ Մի դեպքում Հայաստանը կարող է տուրք տալ ԱՄՆ հորդորներին գնալ բանկային գաղտնիքի թուլացման ճանապարհով, իսկ հետո ակնկալել, որ ռուսական կապիտալը կարող է գալ Հայաստան։ Նման բան չի կարող լինել։ Ռուսական կապիտալը երբեք չի գա Հայաստան, եթե նրա բանկային գաղտնիքը լիարժեք պաշտպանված չէ, ավելին՝ ուղղակի մատչելի է  ամերիկյան կողմի համար։ Սա շատ պարզ շահերի կոնֆլիկտ է, որը կիրառվել է նաեւ այլ երկրներում։

Ընդ որում, ամենուր գործում է նույն օրենքը՝ որեւէ երկրի տարածքում գերտերությունների հետաքրքրութունների բախումից տվյալ երկիրը ոչինչ չի շահում, այլ միայն տուժում է։ Այս տարի օտարերկրյա ներդրումները տնտեսության իրական հատվածում կազմել են ընդամենը 15 մլն դոլար։ Միայն այս թիվը հերիք է հասկանալու համար, որ գերտերությունների շահերում Հայաստանը չորրորդական տեղում ունի, եւ նաեւ հերիք է հասկանալու համար, որ այդտեղ մեղքի 90 տոկոսը մերն է։

Աննկատ պրոցեսների ռումբը

Ցուցադրական ակտիվությանը եւ հրապարակային աջակցությանը զուգահեռ մեր երկրի տարածքում ընթանում են նաեւ այլ պրոցեսներ, որոնք հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս եւ լայվի ժանրից ավելին։

Ըստ հավաստի լուրերի՝ Ռուսաստանն այսօր ակտիվորեն վաճառում   ռուսական կապիտալով հայայստանյան բիզնեսում իր մասնաբաժինները։ Խոսքը վերաբերում է պատկառելի  ցանկի մասին. Բիլայն, ՄՏՍ, Արմենալ, Հրազդան կասկադ, Թեղուտի հանք...։ Չի դադարում լարվածությունը հայկական երկաթուղու շուրջ։

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանը իր հետեւություններն է արել Ուկրաինական դառը փորձից եւ մինչ պայթյունն է հանում իր կապիտալը՝ այն անվերադարձ չկորցնելու համար։

Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ վաճառելով իր բիզնեսները կամ մասնաբաժինները ռուսական կողմը շատ բծախնդիր է  նոր գնորդի հարցում եւ որեւէ պատահականություն թույլ չի տալիս։ Բիզնեսները սովորաբար «առաջարկվում» է ռուսահայ գործարարներից։ Մի կողմից՝ Ռուսաստանը հանում է իր կապիտալը, այն հանձնելով ռուսահայ գործարարներին եւ դրանով իսկ վերահսկողության զգալի լծակներ պահելով, բայց նաեւ՝ նրանց հանձնելով ռիսկերը։

Այս պրոցեսների մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում։ Ցավոք, Հայաստանի ոչ էլիտան, որ հասարակությունը պատրաստ չեն դժվար հարցերի քննարկմանը։

Լավրովի ձեւակերպումները եւ հայկական ընտրությունը

ՌԴ արտգործնախարար Լավրովի Երեւանյան ձեւակերպումները ակտիվ քննարկվում են հայկական մամուլում եւ քաղաքական շրջանակներում։ Յուրաքանչյուր կողմ ցանկանում է այդ հայտարարություններում տեսնել իր շահավետ շեշտադրումները։ Իսկ Լավրովի իրական մեսիջները մնում են անհետեւանք։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն Լավրովը դիվանագիտորեն բարձրաձայնել է այն ստվերային երկխոսությունը, որը ընթանում է ՌԴ-ի Հայաստանի միջեւ։ Լավրովը առաջարկում է Հայաստանին ընտրություն՝ հստակ առանց երկիմաստությունների։ ՌԴ-ն դնում է մի քանի հարց, որի բավարարման դեպքում պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին։ Դժվար չէ կռահել, որ հարցերից ամենակարեւորը՝ ամերիկյան ներքին օրակարգից հրաժարումը։ Դրա դիմաց ՌԴ պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին անվտանգության եւ տնտեսական օժանդակության հարցերում։ Դիվանագիտական լեզուն է այդպիսին. Ավանսով բարի խոսքեր, իսկ հետո հետեւություններ՝ կոնկրետ քայլերով։

Ամփոփում

Հայաստանը երբեք չպետք է  դառնա գերտերությունների հետաքրքրությունների բախման հարթակ։ Դրա միակ ճանապարհը նրանց հետ բաց ու ազնիվ հարաբերություններն ու միայն ու միայն սեփական ներքին օրակարգը։ Հայաստանը կարող է եւ պետք է ԱՄՆ-ի հետ ունենալ բաց ու վստահելի հարաբերություններ։ Դա բխում է մեր պետության շահերից, բայց Հայաստանը չի կարող որպես ներքին օրակարգ ընդունել այն հարցերը, որոնք երկրին բերում են թշնամանք ու պառակտում, ընդ որում առանց տեսանելի օգուտի։ Հայաստանի սեփական ներքին օրակարգն է այն հենքը, որը թույլ կտա աջակցություն գտնել թե ՌԴ-ում թե Արեւմուտքում եւ երբեք չվտանգել մեր անվտանգության համակարգը։ Այս առումով Հայաստանի գործող իշխանությունը կանգնած է ընտրության առաջ։ Կկարողանա՞ վերանայել իր որոշ մոտեցումներ, կկարողանա՞ սրբագրել իր որոշ սխալներ՝ վերագրելով դա անփորձությանը, կկարողանա՞ վերակազմավորվել՝ դեպի ավելի հասուն իշխանություն, կկարողանա՞ աջակցության կամ գոնե լոյալության նոր ռեսուրսներ գտնել հասարակության տարբեր շրջանակներից՝ դրանով իսկ նվազեցնելով այլ ուժերի ծուղակում հայտնվելու վտանգը։