կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 16:55
Հասարակություն

Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները

Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ դեպքայնությունը 1.5 անգամ գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
 
Ընդհանուր առմամբ, գրանցվել է 6896 դեպք: Յուրաքանչյուր 5 դեպքից 2-ը պատահել է տանը: Առավել խոցելի խումբ են մինչև 4 տարեկան երեխաները, որոնք 50% դեպքերում վնասվել են տնային պայմաններում: Նշված տարիքային խմբում առավել տարածված պատճառներից են ընկնելը՝ այդ թվում բարձրությունից (մահճակալ, աթոռ, բազմոց և այլն), այրվածքները, օտար մարմինները, դռան տակ թողնված մատներն ու դաստակները: 
 
Շատ կարևոր է, որպեսզի ծնողները հետամուտ լինեն երեխաներին և նրանց պահվածքին, ինչը հնարավորություն կընձեռի զգալիորեն նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները:
 
Երեխաների շրջանում կենցաղային վնասվածքների  պատճառներից մեկն էլ այրվածքն է: 2018 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում այրվածքների պատճառով բուժօգնության է դիմել 388 երեխա, որից 370-ը տեղի են ունեցել տնային պայմաններում: 
Առավել խոցելի են ամենափոքր երեխաները, հատկապես 1-2 տարեկանները, որոնք կազմել են այրվածք ստացողների 54%-ը:
 
Ուշագրավ է, որ 0-5 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են տնային կենցաղային վնասվածքների ամեն 7-րդ դեպքի պատճառը: Իսկ մինչև 1 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են վնասվածքների 25%-ը՝ զիճելով միայն բարձրությունից ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքներին: