կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-01 15:37
Սփյուռք

Հայկական տեղեկատվական առավելություններ՝ աշխարհաքաղաքական նախադրյալներով

Հայկական տեղեկատվական առավելություններ՝ աշխարհաքաղաքական նախադրյալներով

Հայկական տեղեկատվական ռազմավարությունը` քաղաքական, թիրախային եւ հանրային  կարծիքի  ձեւավորման առումներով արդեն որոշ արդյունքներ է ձեռք բերել։ 

Պատերազմի սանձազերձման առաջին րոպեներից արդեն զգալի էր հրամայականը տեղեկատվական առումով կենտրոնանալու Բաքվի նախահարձակ լինելու հանգամանքի վրա: Հիմնական  նշանակություն ունեցող այս հանգամանքի վրա լուսարձակներ կենտրոնացնելը ոչ միայն պատերազմի այս հանգրվանին է վերաբերում, այլ ամբողջ համակարտության էության հետ խոր առնչություն ունի: Արցախի հայության դեմ գոյութենական սպառնալիքի հերթական արարն է, որը փորձում է իրականացնել Բաքուն:  Հայկական կողմը կանխարգելում է իր դեմ ծրագրված ցեղասպանական գործողությունները: 

Նախահարձակ լինելու հանգամանքը ադրբեջանական ինքնախոստովանանքներ ունի: Հուլիսից Ադրբեջանի նախագահը խոսում է բանակցային գործընթացի սպառված լինելու եւ ուղղակի`խնդիրը ռազմական միջոցով լուծելու մասին: Այս առումով շատ են տվյալները, որոնք խոսում են ադրբեջանաան նախահարձակողականության մասին՝ փաստերով։ 

Ադրբեջանական ուժերի կողմից բնակավայրերի դեմ  հրթիռակոծումները  եւ  քաղաքացիական անձերի զոհվելը շատ արագ բարձրաձայնվեցին թե՛  Արցախի եւ թե՛  Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանների կողմից: Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել հայկական կողմի դիմումին՝  փաստահավաք ներկայացնելու քաղաքացիների դեմ կիրառված զինվորական գործողությունների մասին: Այս գործընթացները զուգակցվում են միջագային լրատվական լայն հնչեղությամբ: 

Սակայն, ամենից կարեւոր բաղադրիչը  Թուրքիայի ներգրավվածության մասին միջազգային մամուլի աննախադեպ տարողությամբ արձագանքն է:  Հայկական գերատեսչությունների եւ առհասարակ լրատվամիջոցների այս մասին կատարվող բարձրաձայնումներն ունեն քաղաքական նպաստավոր ենթահող:  Տավուշյան դեպքերից սկսած Անկարայի սպառնալիքների առաստաղի բարձրացումը, թուրքական վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից ահաբեկիչ տարրերի տեղափոխումը Ադրբեջան, թուրքական զինտեխնիկայի տրամադրումը, «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւի ռազմական գործնական դրսեւորումները, թուրքական օդուժի մասնակցությունը եւ այդ բոլորի  ընթացքում  թուրք սպայակույտի խոսակցությունների արձանագրությունները հայկական  կողմից ներկայացվում են միջազգային կարծիքին: 

Այս բոլոր տվյալները պարզ են ու համոզիչ: Թուրքական ներգրավվածության դատապարտանքի միջազգայնացումը սակայն ունի աշխարհաքաղաքական ենթահող:  Պաշտոնական հայտարարությունները ընդհանուր համապատկերում անհեթեթ հավասարեցման, հակամարտող կողմերին միեւնույն կոչը հղելու դասական մոտեցումներովառկա է: Եւ այստեղ եւս պետք է նկատել ինչպես Մոսկվայի,  այնպես նաեւ Ֆրանսիայի եւ  ԱՄՆ-ի երրորդ կողմին ուղղված զգուշացումները: Իսկ այս երեքը արդեն մտաբերել են տալիս միջնորդական ձեւաչափը: 

Տեղեկատվական դաշտը, ի տարբերություն պաշտոնական-պետականի, շատ ավելի է  բարձրաձայնում, վերլուծում եւ մեկնաբանում Անկարայի դերակատարությունը,  մասնակցությունը եւ խաղի կանոններ փոխելու մտադրությունը: Հակաթուրքական  տրամադրությունների աշխարհագրությունը ընդարձակվել է Միջին Արեւելքից  մինեւ  Հյուսիսային Աֆրիկա, Եվրոպայից մինչեւ ԱՄՆ: Համատարած այս աշխարհագրության  քաղաքական մոտեցումների արտացոլացումը միջազգային մամուլում, պարզ է: Այնպես է,  որ հայկական կողմի կասեցումը թուրքական առաջխաղացքին առաջադրում են  Անկարայի դեմ զինվորական, քաղաքական եւ տեղեկատվական առումով կռիվ մղող թե՛  միջինարեւելյան, թե՛ Աֆրիկյան եւ թե՛ որոշ առումներով ամերիկյան կողմերը:  

Երրորդ զգայուն բաղադրիչը Թուրքիայի կողմից ահաբեկչության տարհանման  գործողություններն են: Այս հանգամանքը եվս որքան էլ սուր հնչեղություն տալու փորձ անի, հայկական կողմը նման արձագանքում չէր լինի միջզգային մամուլում, եթե չլինեին Անկարային հակադրված կողմերի քաղաքական դիրքորշումները: Անկարան միջազգային  մամուլի ամենահեղինակավոր ներկայացուցիչների կողմից ահաբեկչությանը սատարող,  ահաբեկչությունը հովանավորող եւ ահաբեկիչները պատանդված վիճակում պահող  կենտրոն է, որ օգտագործում է նման պարագաներում: Վիթխարի են այն նյութերը, որոնք  խոսում են ահաբեկիչների ինքնախոստովանանքների մասին:  

Տեղեկատվական անվտանգության առումով սադրիչ գործողություններ ու փորձ  կատարեց թուրք եւ ադրբեջանական միացյալ գործիքակազմը` քանդելով պետական եւ ոչ  պետական լրատու գործակալությունների կայքերը: Կայքերի վերականգնման աշխատանքները շատ  արագ ընթացան: Այժմ անխափան շարունակում են գործել հայկական պաշտոնական  եւ լրատվական կայքէջերը: Մինչ, որոշ ժամանակահատվածի համար չգործարկվեցին Ադրբեջանի հատկապես պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքերը: Կայքահենների պատերազմը պիտի շարունակվի անշուշտ:  

Թուրք եւ ադրբեջանական միացյալ տեղեկատվական  քարոզչամեքենան կարճաժամկետ կտրվածքով որոշ խնդիրներ փորձում է լուծել:  Ընդհանուր առումով հայկական առավելությունները տեսանելի են այս հողի վրա: Միջազգային լրատվադաշտը  ուղղակի, թե անուղղակի խոսում է Ադրբեջանի գաղութայնացման,  շահարկվելուն  եւ  այս բոլորի հետևում` թուրքական գործոնի նկրտումների մասին։ Աշխարհաքաղաքական նախադրյալները այս հանգրվանին աշխատում են հոգուտ հայկական կողմի։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                            

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր