Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը համոզված է՝ Թուրքիայի ռազմական խորհրդականները մասնակցում են հայ-ադրբեջանական հակամարտությանը։ «Հավանական է, որ, օրինակ, թուրքական անօդաչու սարքերը, որոնք օգտագործում են մեր դեմ Արցախում և արդեն ՀՀ տարածքում, ամենայն հավանականությամբ, կառավարում են հենց թուրք օպերատորները»,- Yerkir.am-ի հարցին, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտում որքանո՞վ է ներգրավված Թուրքիան, պատասխանեց նա:
Ըստ փորձագետի՝ 2-3 ամսում ադրբեջանցի զինվորականները չեն կարող տիրապետել Ադրբեջան տեղափոխված ռազմատեխնիկային: «2-3 ամիսը շատ քիչ ժամանակ է, որպեսզի ադրբեջանցի օպերատորները կարողանան սովորել և արդյունավետ կիրառել։ Բայց չի կարելի բացառել, որ Թուրքիայի հատուկջոկատայինները մասնակցեն ինչ-ինչ դիվերսիոն գործողությունների, առավել ևս, որ Ադրբեջանի հատուկջոկատայինները Թուրքիայում վերապատրաստվում են, մարզվում, տարին մի քանի անգամ զորավարժություններ անում»,- նշեց նա։
«Ինչո՞ւ Թուրքիան 100 տարի անց որոշեց կրկին պատերազմել Հայաստանի դեմ, սակայն՝ Ադրբեջանի ձեռքով» Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ Թուրքիան այսպես երկու խնդիր է լուծում:
«Այս ամենի մեջ ես այդպիսի պատմական սիմվոլիզմ չէի փնտրի՝ անկախ նրանից՝ կա՞, թե՞ ոչ։ Պարզապես Թուրքիան այսպես երկու խնդիր է լուծում։ Նախ՝ Էրդողանի անձնական ռեյտինգի խնդիրը, քանի որ Թուրքիայում կորոնավիրուսի բավականին ծանր ընթացքը լուրջ տնտեսական կորուստներ է առաջացրել։ Օրինակ՝ փորձեցին տուրիզմը բացել, սակայն դա նպաստեց վարակի կտրուկ աճին։ Այստեղ պարզ է, որ Էրդողանը խնդիրներ ունի, դրա համար էլ վերջին ժամանակներում ակտիվ է և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։ Անընդհատ ուզում է իրեն ցույց տալ իբրեւ նոր օսմանյան սուլթան, որը Օսմանյան կայսրության անցած փառքը փորձում է վերականգնել։ Իսկ երկրորդ խնդիրն էլ այն է, որ այս քայլով Էրդողանը Ռուսաստանի համար նոր ճակատ է ստեղծում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործի որպես խաղաքարտ»,- նշեց փորձագետը։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ թուրքերն ու ռուսները իրար դեմ են կռվում, բայց ՌԴ-ն պաշտոնապես հակաօդային համակարգեր է վաճառում Թուրքիային: «ՌԴ-ն ատոմակայան է կառուցում Թուրքիայում, գազ է մատակարարում, հակաօդային համակարգեր է վաճառում, բայց, մյուս կողմից, ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները կռվում են նմանատիպ թուրք մասնագետների, զինվորականների դեմ Լիբիայում, Սիրիայում, հնարավոր է՝ նաև Իրաքում։ Բնական է, որ Ադրբեջանն էլ իր շահերն ունի, թեև այստեղ նաև Իլհամ Ալիևի ռեյտինգի հարցն է։ Այնուամենայնիվ, այս անգամ առաջին հերթին, կարծես, նրանց գլխավոր նպատակն է փորձել հենց ռազմական ուժով գրավել Արցախը»,- ասաց նա։
Երբ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական տանդեմը գործի նաեւ Նախիջևանի կողմից, ռազմական փորձագետը չբացառեց, սակայն նշեց․ «Նախիջևանը բավականին խոցելի դիրքում է, բայց Նախիջևանում Ադրբեջանը, «Ռազմինֆո»-ի մասնագետների մոտավոր հաշվարկներով, ունի մոտ 15 հազարանոց առանձին բանակ, նաև՝ ստորաբաժանումներ, սահմանապահ դիվիզիա։ Այդ ուժն այս պահին գուցեև ոչ մի բան չանի, բայց հենց մեզ մոտ, օրինակ, իրավիճակը ծանրանա, ինչ-որ պահի կարող են փորձել նաև Նախիջևանից հարվածել, ասենք՝ ճանապարհները կտրելու համար ինչ-որ դիվերսիաներ անեն։ Ըստ էության, նրանք հնարավորություն ունեն Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու, բայց, իհարկե, դա անպատիժ չի մնա։ Նախիջևանը կարող են օգտագործել որպես կռվախնձոր՝ Թուրքիային այս կոնֆլիկտում ավելի սերտ ներգրավելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում: