Փոխարժեքներ
24 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.88 |
EUR | ⚊ | € 415.23 |
RUB | ⚊ | ₽ 4.034 |
GBP | ⚊ | £ 491.42 |
GEL | ⚊ | ₾ 139.56 |
Երևանը, որպես ժամանակակից, զարգացող և էկոլոգիապես մաքուր քաղաք, հնարավոր չէ պատկերացնել առանց կանաչապատ տարածքների, այգիների, պուրակների, զբոսայգիների և զարգացած ենթակառուցվածքների: Ասել, որ Երևանում չեն իրականացվում կանաչապատման և ոռոգման աշխատանքներ` նշանակում է մեղանչել ճշմարտության առաջ, սակայն դրանք բավարար չեն` ապահովելու համար մայրաքաղաքի կանաչապատ տարածքների աճը, սանիտարահիգիենիկ և էկոլոգիական պայմանների բարելավումը և այլն: Այս իմաստով՝ կանաչապատման, ոռոգման և, առհասարակ, շրջակա միջավայրին առնչվող աշխատանքները մնում են խիստ թերի և ունեն համակարգային լուծման կարիք: Ի թիվս կանաչապատման և բնապահպանական այլ հարցերի, առաջնային խնդիրներից է ոչ միայն մայրաքաղաքի աղբահանության, այլև բնակելի շենքերից և այլ վայրերից տարհանվող կենցաղային ու շինարարական աղբի և դրանք աղբավայրերում պատշաճ մեկուսացնելու խնդիրը, որը, ըստ էության, մնում է շրջակա միջավայրի վրա ազդող էկոլոգիական կարևորագույն հարցերից մեկը:
Երևանում կանաչապատ տարածքների ավելացումը և պահպանումն առավելապես պայմանավորված է նոր ենթակառուցվածքների զարգացմամբ, որոնք կարող են կրճատել ծախսերը մի քանի անգամ: Այդ համակարգերից, մասնավորապես, կարելի է նշել կաթիլային ոռոգման ավտոմատ կառավարման համակարգը, նոր որակի տնկարանների հիմնումը, հակահրդեհային, լուսավորության ու տեսահսկման համակարգերը և այլն:
Կարևորում ենք քաղաքի լանդշաֆտին և արտաքին տեսքին ուղղված միջոցառումները, որոնք կխորհրդանշեն և կարտահայտեն քաղաքի դեմքն ու կոլորիտը: Կարևոր է նաև, որ տնկվեն քաղաքին ավելի համահունչ գեղեցիկ ծաղկող ծառեր, թփեր, շատ ուշադրություն դարձվեն այգիներին, պուրակներին, ջրային ավազաններին, բակային տարածքներին, քաղաքի շրջակայքում տնկվեն անտառաշերտեր, որոնք կպաշտպանեն քաղաքը քամիներից ու փոշուց և կդառնան թթվածնի լրացուցիչ աղբյուր:
2020 թվականին, Երևանի ավագանու որոշմամբ, քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն էլ պետք է համակարգի և իրականացնի Երևան քաղաքում ընդհանուր կանաչապատման, ոռոգման, շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները։ Սակայն ՀՈԱԿ-ի կազմավորման, դրա բյուջեի, աշխատանքների իրականացման և, ընդհանրապես, հաշվետվողականության ու թափանցիկության վերաբերյալ տեղեկությունները խիստ սահմանափակ են, և երևանցիները գրեթե ոչինչ չգիտեն ՀՈԱԿ-ի կատարած և կատարելիք աշխատանքների ծավալների ու ծախսերի մասին: Երևանի քաղաքապետն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Երևան քաղաքում այս տարի իրականացվել են աննախադեպ ծավալի կանաչապատման և ոռոգման աշխատանքներ, որոնք մինչ այժմ չի տեսել Երևանը, սակայն այս հայտարարությունը մնում է լոկ հայտարարություն, քանի որ չկան այն հիմքերը և փաստացի թվային ցուցանիշները, որոնք կարելի է համեմատության մեջ դնել նախորդ տարիների հետ:
Երևանում կանաչապատմանն ու էկոլոգիային ուղղված աշխատանքները հիմնականում կրում են իներցիոն բնույթ, անզեն աչքով տեսանելի են մայրաքաղաքում տիրող այն նույն խնդիրները, որոնք առկա էին նախկինում, և որոնց մասին բարձրաձայնում էին ներկայիս քաղաքային իշխանությունները: Աշխատանքների իրականացման ժամանակ շեշտը դրվում է ավելի շատ ցուցադրական՝ ձևական կողմի վրա, քան՝ բովանդակային, օրինակ՝ աշխատանքներ են իրականացվում այնպիսի վայրերում, որոնք առավել տեսանելի են հանրության կողմից, իսկ որոշ համայնքների բակային և այլ տարածքներում իսպառ բացակայում կամ թերի են իրականացվում ոռոգման ու ծառատնկման աշխատանքները: Ծառատունկն իրականացվում է այնպիսի վայրերում, որտեղ ջրամատակարարում չկա, ինչի արդյունքում տնկիները չորանում են: Երբեմն բարեկարգվում, ստեղծվում են կանաչ գոտիներ, բայց պահպանության մասով մնում են բարձիթողի վիճակում, կարծես թե չկա այն համապատասխան մարմինը, որը պետք է պահպանի դրանք: Թերի կամ ձևական են իրականացվում ծառերի խնամքի աշխատանքները, օրինակ՝ այս տարվա գարնանային էտն անցկացվել է ծառերի ծաղկման շրջանում, որն անթույլատրելի է, իսկ շատ վայրերում էլ կան ծառեր, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում: Ծառերի բուժման աշխատանքները նույնպես էական արդյունք չեն տալիս, հավանաբար՝ անորակ դեղորայքի և անուշադրության պատճառով:
Ուշադրության չեն արժանանում պուրակների այն հատվածները, որոնք գտնվում են մայրաքաղաքի վարձակալված տարածքներում: Այստեղ պատասխանատվությունն ամբողջությամբ թողնված է վարձակալների վրա, որոնք որքան էլ ունեն իրենց վարձակալած տարածքներում շրջակա միջավայրը պահպանելու որոշակի պատասխանատվություն, այնուամենայնիվ, պետք է ենթարկվեն կանաչապատման, պահպանման և խնամքի ընդհանուր քաղաքականությանը և իրականացնեն ընդհանուր մեթոդաբանությամբ՝ ապահովելու համար աշխատանքների արդյունավետությունը: Այստեղ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, թե ծախսերի պլանավորման մեջ այս վարձակալված տարածքներում իրականացվելիք ծախսերը հաշվի՞ են առնված, թե՞ ոչ, իսկ եթե հաշվի են առնված, ինչո՞ւ են թողնված վարձակալների պատասխանատվությանը, և ո՞ւր են գնում այդ գումարները հաշվետու տարվա վերջում:
Արդեն ասացինք, որ մայրաքաղաքի կանաչապատման համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում հանրային այգիներն ու պուրակները, դրանց պահպանումը և նորերի հիմնումը: Նոր այգիների և պուրակների աճի մասին դրական գնահատական տալը դժվար է՝ չնայած որոշ վայրերում իրականացված որոշակի աշխատանքներին: Գոյություն ունեցող այգիներն ու պուրակները, որոնք մասնավոր հատվածի ուշադրության ներքո չեն, հիմնականում ունեն խնամքի, ուշադրության կարիք և, կարելի է ասել, անտեսված են: Անուշադրության և ինքնահոսի են մատնված այնպիսի հանրային այգիներ, ինչպիսիք են Կոմիտասի անվան պանթեոնը և շատ այլ այգիներ ու պուրակներ:
Երևանի քաղաքային իշխանություններից մեր պահանջն է՝ վերջ տալ սիրողական մակարդակով քաղաքը կառավարելուն, դուրս գալ ձևականության ու ցուցադրականության վիճակից: Երևանին ու երևանցուն պետք չեն ցուցանիշներ ու անվերջ համեմատականներ, որոնք, իրոք, հոգնեցրել են բոլորիս: Երևանն արժանի է և պետք է դառնա ժամանակակից, կանաչազարդ ու էկոլոգիապես մաքուր քաղաք, իսկ երևանցին՝ այդ քաղաքի իրական տերն ու զարդը:
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտե