կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-23 17:10
Մշակույթ

Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ

Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը համավարակով պայմանավորված դադարից հետո սպասված ներկայացմամբ կբացի 99-րդ թատերաշրջանը: Թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի իտալական վերածննդի դարաշրջանի ականավոր գրող Ջովաննի Բոկաչչոյի գլուխգործոցը՝ «Դեկամերոնը»:

Սեր, խարդավանք, խնջույքներ և ժանտախտ: Բազմազան պատմություններով, հետաքրքիր գործողություններով հարուստ ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան սեպտեմեբերի 25, 26, 27-ին:

«Մենք ոչ թե ադապտացրել ենք ինչ-որ ներկայացում, որը բերել ենք բաց տարածք, այլ բեմադրել ենք նոր ներկայացում, փոխել ենք մեր թատրոնի բակի մթնոլորտը, զրոյից ստեղծել ենք ամեն ինչ: Կարծում եմ` մեր հանդիսատեսին շատ հետաքրքիր պահեր են սպասում»,-սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի 18-ն են ներկայացումը խաղալու դրսում, իսկ հետո չի բացառվում, որ ներկայացումը ցուցադրվի նաև թատրոնի դահլիճում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց, որ մենք ականատեսն ենք թատրոնի աննկատ փոխակերպման: «Համավարակն իսկապես փոխում է հանդիսատեսի և թատրոնի հարաբերությունները, որակը, թատրոնի ընկալման տրամաբանությունը: Պատմականորեն թատրոնը եղել է  բաց, հրապարակային հանդիսություն: Կարծես թե  հիմա  թատրոնը ետ է նայում դեպի իր խոր անցյալը, և պարզվում է, որ այն իր հմայքը չի կորցնում անգամ այն դեպքում, երբ դուրս է գալիս բեմական «տուփի» տարածքից, պատերից: Դուրս  գալով այդ  բնական տարածքից` այն ձեռք է բերում նաև կինեմատոգրաֆիական  հմայք»,-շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարը նշեց, որ շատ է կարևորում Մայր թատրոնում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, քանի որ այն հնագույն ավանդույթներ պահող, պահպանող, միևնույն ժամանակ արտակարգ նոր ու անսպասելի դրսևորումներով հանդես եկող թատրոն է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, և այս շրջանում այն նոր արտահայտչամիջոցնր է փնտրել հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար: «Գուցե ոչ բոլոր միջոցներն էին արդյունավետ, բայց բոլորն էլ առիթ տվեցին մտածելու, թե ինչպիսին պետք է լինի թատրոնն այսօր, և ինչ  փոխակերպումների կարող են ենթարկվել մտածողությունը, շփման կերպերը՝ հանդիսատեսի հետ ընդհանուր եզրեր գտնելու համար: Պատահական չէ, որ մեր թատրոնը փորձեց դուրս գալ մեծ բեմի շրջանակներից, և ստեղծվեց  այս` Black Box հարթակը: Այո´, թատրոնը սկսվել է հրապարակից ու նորից վերադառնում է հրապարակ»,- շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Նրա համոզմամբ` թատրոնն օգնում է մարդկությանն ազատագրվել իր շուրջ տիրող քաոսից:

«Դեկամերոն» ներկայացման մեջ զբաղված են դերասանուհիներ Մարիամ Դավթյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Մարիամ Շահինյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Գասպարյանը, Գայանե Մողրովյանը: Նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկլարիչը` Մարի Սարգսյանը, երաժտության և երգերի հեղինակն է Մարիամ Շահինյանը:

Վարկածի և բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է, որը ներկայացման մեջ հանդես է գալիս նաև որպես դերասանուհի:

Խոսելով «Դեկամերոն» ստեղծագործության ընտրության մասին` Լիլի Էլբակյանն ասաց, որ նախընտրել է բեմադրել այն, քանի որ «Դեկամերոն» ստեղծագործության մեջ կարմիր գծով անցնում է ժանտախտի թեման: «Այս գործի իրադարձությունները որոշ չափով հիշեցնում են մեր օրերը, մեր հոգեվիճակը: Երբ հարց առաջացավ, թե ինչ բեմադրել, միանգամից «Դեկամերոնը» եկավ միտքս»,-նշեց նա:

Լիլի Էլբակյանը խոստովանեց, որ  ներկայացումը շատ դժվար է կայացել, որովհետև արև էր, շոգ էր, քամի էր դրսում: Ռեժիսորն ու դերասանուհիներն անսովոր վիճակում էին հայտնվել: Էլբակյանի խոսքով` եթե թատրոնի բեմը բերում է մթնոլորտ, ապա դրսում ամեն ինչ խանգարում է, բայց փորձել են անել հնարավորը գեղեցիկ, հետաքրքիր լուսային էֆեկտներով հարուստ բեմադրություն ստանալու համար:

Ներկայացման ընթացքում պահպանվելու են հակահամավարակային բոլոր ցուցումները: Հանդիսատեսը պարտադիր պետք է դիմակ կրի, ջերմաչափվի, ախտահանվի և պահպանի սոցիալական հեռավորությունը: Մայր թատրոնը բացօթյա հարթակում կարող է հյուրընկալել միայն հիսուն թատերասերի:

«Դեկամերոն» ժողովածուի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ Դանտե Ալիգիերիի և Ֆրանչեսկո Պետրարկայի  գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։