կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 13:40
Քաղաքական

Հայաստանի անվտանգության «դոսյեն». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանի անվտանգության «դոսյեն». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում ասվում է. « Քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաեւ ԱԱԾ պետը. « ... Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում եւ ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։

Հայաստանի խոցելի լրջությունը

Կարծում ենք՝ սա լավ առիթ է հասկանալու այս եւ այլ դոսյեների ազդեցությունը եւ դրանց կարեւորությունը։

Ռուսական կոչվող «Դոսյե» կենտրոնը Միխայիլ Խոդորկովսկու նախագծերից մեկն է։ Խոդորկովսկին այն դեմքերից է, որը ոչ միայն թշնամի է ռուսական պաշտոնական շրջանակների  համար, այլեւ միանշանակ չի ընկալվում նաեւ ռուսական լիբերալ շրջանակներում։ Հիշեցնենք, որ նա վաղուց  ապրում է արեւմուտքում։ «Դոսյե» կենտրոնի առաջնային խնդիրների  մեջ գրված է «Կրեմլի հանցավոր խմբավորման պարագլուխների եւ նրանց մերձավորների մասին լրագրողական հետաքննությունները տեղափոխել դատաիրավական հարթություն»։ Ակամայից ստացվում է այնպես, որ այդ փոխանցողներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ պետն է։

Խոսքը վերաբերում է այն Ռուսաստանին, որը մեր անվտանգության կարեւորագույն գործոններից է, եւ որի հետ մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում։

Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ զարգացող սառը դիրքային պատերազմի պայմաններում շրջանառության նետված նման նյութերը  կարող են իրենց ետեւում ունենալ տարբեր նպատակներ։ Այդ նպատակներից կարող է լինել Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը, մասնավորապես՝ ԱԱԾ-ի եւ ռուսական հատուկ ծառայությունների միջեւ անվստահության սերմանմամբ հարաբերությունների վատթարացումը։ Այս առումով պետք է լինել շատ զգույշ, եւ դա հատկապես վերաբերում է իշխանություններին։Պետք է լինել շատ զգույշ՝ տարածաշրջանում թուրքական ակտիվության կտրուկ բարձրացման ֆոնին։

Հայաստանն  իր սահմանափակ նյութական, տեխնոլոգիական եւ մարդկային ռեսուրսներով չի կարող ապահովել հատուկ ծառայությունների գծով իր համար կենսական անհրաժեշտություն ունեցող ինֆորմացիոն հոսքերի ողջ ծավալը։ Այդպիսի վիճակում են գտնվում մեր տիպի բոլոր պետությունները։ Եվ լուծումը մեկն է՝ գտնվել այլ հզոր համակարգերի հետ փոխշահավետ աշխատանքային համագործակացության տիրույթում։ Այս առումով պետք է հստակ հասկանալ, որ  Հայաստանի եւ ՌԴ հատուկ ծառայությունների միջեւ խզվածությունը սպասարկում է թուրքական շահը եւ ուղիղ հարված է մեր ազգային անվտանգությանը։ Գուցե՞ հենց այդ նպատակով էր «Դոսյե»-ի նյութը։

Դոսյեն, Վիկիլիքսը եւ մյուս  արտահոսքերը

ԱԱԾ տնօրենի խոսքին զուգահեռ, գրեթե միաժամանակ վարչապետ Փաշինյանը մեգանպատակներից 2-րդը ներկայացնելիս խոսում էր տեղեկատվական անվտանգության մասին։ Եվ կոնկրետ օրինակով ցույց տալիս, որ ինչ-որ տեղից  կարող է կեղծ լուրը առաջացնել երկրի ներսում խնդիրներ։ Անշուշտ դա այդպես է, եւ նման բազմաթիվ օրինակներ կան։

Բայց ԱԱԾ տնօրենի եւ վարչապետի պատկերացումները արտահոսքերի եւ տեղեկատվական անվտանգության թեմայի շուրջ կարծես թե տարբերվում են։

Ամենանայն հավանականությամբ կարիք չկար, որ «Դոսյե»-ի հրապարակմանը անդրադառնար ԱԱԾ-ը տնօրենը։  Նա, նախ կարեւորում է բավական վիճելի աղբյուրի հրապարակումը, եւ երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ չի արձագանքում նա մյուս արտահոսքերին, այլ աղբյուրների տեղեկատվությանը, ասենք՝ նույն Վիկիլիքսի։

ԱԱԾ տնօրենը իր խոսքում ճիշտ ձեւակերպեց «Դոսյե»-ի նյութը՝ անվանելով այն հոդված։ Դա իսկապես այդպես է. եթե Վիկիլիքսը ամերիկյան դիվանագետների փաստացի, չոր նամակագրություն է, ապա «Դոսյեում» տեղ գտածը՝ սովորական հոդված։ Սա իսկապես մեծ տարբերություն է, որովետեւ հոդվածը սուբյեկտիվության զգալի ռեսուրս ունի։

Առաջին ծագող տրամաբանական հարցը. եթե ԱԱԾ-ն «Դոսյեն» դիտարկում է որպես «հանցագործության մասին հաղորդում», ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Վիկիլիքսի մասին։ Միայն մարտի 1-ի թեմայով Վիկիլիքսում կան փաստեր, որոնք ամբողջությամբ կարող են փոխել այսօր ընթացող գործի ընթացքը, ուղղակի հերքել ՀՔԾ-ի սահմանադրական կարգի տապալման վարկածը։ Ինչո՞ւ է ՀՔԾ պետը Վիկիլիքսից վերցնում իրեն հարմար դրվագը, որն, ի դեպ, հերքվում է հետո, եւ չի նկատում բազմաթիվ այլ էջեր, որոնք հրապարակվել են մամուլում։

Մի կողմ թողնենք Վիկիլիքսը. մամուլում տարբեր ժամանակներում հրապարակումներ են եղել տարբեր օտարերկրյա աղբյուրներից այս կամ այդ գործչի՝ այս կամ այն ազդեցության տակ գտնվելու մասին, եւ նրանք այսօր հանդիսանում են իշխանության մաս կամ մերձիշխանական դեմք։ Այդ հրապարակումները պետք է անտեսվե՞ն։ Արդյո՞ք միայն ռուսական ծառայությունների հետ համագործակցելն է Հայաստանում հարցեր առաջացնում, մյուս բոլոր երկրների ծառայությունների հետ սերտ եւ երբեմն անգամ անթաքույց համագործակցությունը նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողները հարմար առիթի դեպքում կարող են տալ ԱԱԾ տնօրենին։

Հայաստանի անվտանգության այլ գործոններ

Վերջերս սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարեց «Ի գործ» ծրագրի մասին, համաձայն որի՝ սփյուռքի մոտ 100 մասնագետ կհրավիրվի աշխատելու ՀՀ պետական կառավարման համակարգում։ Հաշվարկվա՞ծ են արդյոք այս գաղափարի ռիսկերը ազգային անվտանգության տեսակետից։ Աշխարհի տարբեր պետություններից, տարբեր անվտանգության համակարգերում գտնվող,  տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող պետություններից շատ մեծ թվով անձինք միանգամից ներառվում են ՀՀ պետական համակարգ։ Պոպուլիզմը լայվի ժամանակ այլ բան է, իսկ պոպուլիզմը պետական կառավարման մեջ՝ լրիվ այլ որակի ռիսկ։ Կասեք՝ մեր հայրենակիցնե՞րն են. դա կլինի բացարձակ անլրջություն։ Ի՞նչ կապ ունի։ Դա կնշանակի՝ ընդհանրապես չպատկերացնել ռիսկերը։

Մեր պետության համար, որի ժողովրդի 60-70 տոկոսը հայրենիքից դուրս է ապրում, սփյուռքի հետ աշխատանքը ամենակարեւոր ոլորտներից է՝ ազգային անվտանգությանը հավասար ուղղություն։ Եվ Հայաստանը պետք է ունենա օրենքով սահմանված նորմ՝ սփյուռքի հետ աշխատանքները պետք է համակարգի ՀՀ-ում մշտապես ապրած, միայն ՀՀ քաղաքացին։ Մենք վստա՞հ ենք , որ Գլենդելի նախկին քաղաքապետը, որին այսօր վստահվել է այդ կարեւորագույն ուղղությունը, զերծ է տարբեր ստվերային պարտավորություններից։  Նույնը վերաբերում է այսօրվա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Երբ վարչապետ Փաշինյանը կարեւորում է տեղեկատվական անվտանգության խնդիրը, նա միանշանակ ճիշտ է։ Եթե նա անկեղծ է, ապա պետք է ստեղծվեն լուրջ համակարգեր՝ այդ հիբրիդային պատերազմում մեր երկրի դիրքերը ամրացնելու համար։ Բայց նա պետք է կարողանա ապացուցել, որ ինքն անկեղծ է։

Տեղեկատվական անվտանգությունը վերաբերում է նաեւ տեղեկատվության ներքին շրջանառությանը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պետական միջոցներով՝ Հ1-ով, «Ազատություն»-ով, հայտնի ՊՈԱԿ-ով, մերձիշխանական ֆեյքերով, ուղղակի նշանակում է բացել պետության սահմանները թշնամիների առաջ։ Հայաստանի իշխանության համար Մարգարիտա Սիմոնյանի RT-ն եւ «Ազատությունը» նույն հարթության մեջ պետք է լինեն։ Բայց սա պետք է կարողանալ գիտակցել։

Հայաստանի 29-ամյա պատմության ընթացքում քիչ չեն դրսից կազմակերպված տեղեկատվական դիվերսիաները, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել հայաստանյան ներքին քաղաքական կյանքում եւ երկրում տրամադրությունների ստեղծման հարցում։ Քի վեսթի բանակցությունների եւ Մեղրին ծախելու վարկածը  Հայաստանին հարվածելու եւ թշնամու կոնկրետ հաշվարկված շահերին ծառայող թեմա էր։ Եվ Հայաստանին այն, իհարկե, վնաս տվեց։ Ադրբեջանին պետք էր իր կողմից տապալած ամերիկյան միջնորդությունը արժեզրկել, դուրս գալ ամերիկյան միջնորդությունը տապալած լինելու բեռից։ Եվ նա սկսեց տեղեկատվական արշավ։

«Մեղրիի» թեման, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է դրսից, եւ ներսում արդեն ոչ ոք չէր մտածում, որ այն տիրաժավորելով՝ սպասարկում էր կոնկրետ ոչ բարեկամ պետության շահ։ Ի վնաս՝ քո սեփական շահի։ Հայաստանում ուղղակի ներքաղաքական շահը կարեւորվեց պետական շահից։ Հիմա  հետադարձ հայացքով նայեք, թե ո՞ր հայաստանյան շրջանակները եւ լրատվամիջոցներն են տարիներով լծված եղել այդ գործին։ Տեղեկատվական անվտանգությունը հենց սա է։

Հենց այսօր, մեր օրերում տեղեկատվական պատերազմով հայ հասարակությանը համոզում են, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք։ Հայաստանի շահի տեսակետից կա՞ արդյոք, մեկ բանական բացատրություն, թե ինչու է այդպես արվում, իհարկե՝ ոչ։ Այստեղ լրիվ այլ պետության եւ ուժերի շահն  է։

Տեղեկատվական պատերազմում մենք Ալիեւին տվել ենք ֆանստաստիկ առավելություն եւ նա հիմա ձեւակերպում է պաշտոնական Բաքվի թարմացված մոտեցումերը՝ «ես ու հայրս 25 տարի բանակցել ենք գող ու թալանչի նախագահների հետ, ու դա ես չեն ասում, դա ասում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Եվ այդ գողերն ու թալանչիներն են, որ հետ չեն տվել մեր հողերը, խաբել են միջազգային հանրությանը։ Եվ հետեւաբար մեր տեսակետները այսօր միջազգային հանրության համար հասկանալի են, եւ մեր ասածը արդար է... Մենք ապրիլին ջախջախիչ  հաղթել ենք, դա ես չեմ ասում, դա ասում են Հայաստանի այսօրվա պաշտոնյաները»։ 

Հայաստան եւ մեծ շահեր

Վերադառնալով «Դոսյե»ի թեմային՝ այո, պետք է ընդունել, որ Հայաստանը եւ տարածաշրջանը միշտ գտնվելու են այլ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության տակ։ Այդպիսին է ժամանակակից աշխարհը։ Եվ միշտ լինելու է ցանկություն՝ ի վնաս Հայաստանի շահի, Հայաստանում լուծել խնդիրներ։ Հայաստանի սոլիդ իշխանության խնդիրն է՝ միշտ, սա գիտակցելով, երբեք թույլ չտալ Հայաստանի շահի ստորադասում։ Պետք է լինեն կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի անցնել կամ անցնելը հնարավոր չի լինի։ Կա նաեւ շատ նուրբ բալանսի խնդիր։

Եթե ԱԱԾ-ն քրեաիրավական խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» նշված տարբեր անձինք կարող են գտնված  լինել ռուսական ազդեցության  տակ, ապա նույնը պետք է արվի արեւմտյան ազդեցության գործակալների հանդեպ։ Եթե որոշ անձինք ռուսական կողմից ստացել են ինչ-որ դրամաշնորհներ, ապա նույն խնդիրները պետք է տեսնի, որ գործող իշխանության մեջ մեծ թվով նախարարներ եւ պատգամավորներ ստացել դրամաշնորհներ հայտնի արեւմտյան  ֆոնդերից։

Մեր կարծիքով՝ դրամաշնորհները չեն ռիսկերը։  Խնդիրը պետության ինստիտուցիոնալ իմունիտետի մեջ է, որը պետք է ձեւավորի մեխանիզմներ, որ Հայաստանի պետական շահը որեւէ պարագայում չվտանգվի։ Այս խնդիրը շատ երկար ժամանակ լինելու է ակտուալ։ Իսկ որպես մասնավոր օրինակ՝ ԱԱԾ-ն պետք է հաշվարկի եւ պարզի, թե Խոդորկովսկու հիմնարկը՝ «Դոսյեն», ինչո՞ւ հենց այսօր հրապարակեց նյութը եւ ի՞նչ խնդիրներ են ուզում լուծել դրանով՝ այլոք։ Վաղը կարող են այլ երկրներում հայտնվել այլ կազմակերպություններ, որոնք հայկական շուկա կուղարկեն այլ տեղեկատվական հոսքեր՝ այլ շահերով, այլ նպատակներով։ Պետության ինստիտուտները պետք է ունենան զգալի լրջություն՝ զերծ պահելու համար հասարակությանը հեշտ մանիպուլյացիաների ռիսկից։ Արդյո՞ք արվում է այս ամենը։ Թե՞ տրվում ենք պահի գայթակղությանը՝ չմտածելով երկարաժամկետ ռիսկերի մասին։ Թե՞, գուցե, դա անում ենք ամենեւին էլ ոչ պատահաբար։