կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 23:43
Քաղաքական

Երկուսուկես տարվա ընթացքում բովանդակային քննարկում չենք տեսել

Երկուսուկես տարվա ընթացքում բովանդակային քննարկում չենք տեսել

Մի քանի օր է՝ Հայաստանի քաղաքական դաշտում «բռնաբարների» եւ «գժերի» պատերազմ է ընթանում։ Քանզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատելու, իրական ռեֆորմներ անելու, ընդդիմադիրների քննադատությունները կառուցողական մթնոլորտում քննարկելու փոխարեն որոշել է քաղաքական հակառակորդներին շշպռելու, վիրավորելու «մաստեր կլասներ» ցուցադրել։
Ամեն ինչ սկսվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քննարկումից, որի ժամանակ կրթական աղմկահարույց չափորոշիչների թեման էր արծարծվում։ Նախարար Արայիկ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթը որոշեց նվիրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ իրեն քննադատողների հոծ բանակից թիրախավորելով միայն վերջինիս։ Ասաց՝ իբր կրթական չափորոշիչներն իրականում այն մասին են, որ «եկեղեցու տարածքում այլեւս օտարի նկատմամբ սեռական բռնություն չի լինի»՝ ակնարկելով Գագիկ Ծառուկյանին վերագրվող, 40 տարվա վաղեմության հայտնի քրեական գործը (ի դեպ, Ծառուկյանն այդ գործով արդարացվել է 22 տարի անց, արդարացնող դատավորն էլ եղել է Փաշինյանի սիրելի ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի հայրը)։

Ինչեւէ, իր նախարարին նախատելու, ինչու չէ՝ պաշտոնից ազատելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գնաց հակառակ ճանապարհով՝ ավելի խորացնելով անբովանդակ ու ճղճիմ դիսկուրսը եւ կրթական թեմայով բովանդակային քննարկման փոխարեն կանաչ լույս վառեց փողոցային բանավեճի, անձնական վիրավորանքների առջեւ։ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։

Գագիկ Ծառուկյանի պատասխանը չուշացավ, նա էլ ակնարկեց վարչապետի հոգեկան խնդիրների մասին․ «Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։ 

Ապա գնաց «կաշը», սկսվեց «բազառ-վակզալը», ով որտեղից ու ոնց հասցրեց՝ միացավ «ռազբորկային»։ Ինչպես միշտ, փեսային օգնության հասավ աներձագը՝ հայտարարելով, որ համաձայն է Ծառուկյանի հետ, բայց ոչ միայն հոգեկան հիվանդների համար պետք է սահմանափակումներ արվեն, այլեւ մտավոր հետամնացների։ Անմասն չմնաց Ալեն Սիմոնյանը․ ստանձնելով Գագիկ Ծառուկյանի խոսնակի դերը՝ մեկնաբանեց, թե Ծառուկյանը հոգեկան հիվանդ ասելով ոչ թե վարչապետ Փաշինյանին է նկատի ունեցել, այլ իր կուսակից Գեւորգ Պետրոսյանին։

«Պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, վստահ եմ՝ գտել է»։ Սիմոնյանին պատասխանեց Իվետա Տոնոյանը։ Բնականաբար, Գեւորգ Պետրոսյանն այս հայտարարությունից հետո դարձավ անկառավարելի եւ ԱԺ փոխխոսնակին ստատուսը ստատուսի ետեւից էր նվիրում։ Բանավեճին կողմնակի անձանց մուտքն էլ հնարավոր չեղավ կանխել, ոմանք հետ չմնացին եւ ֆանտաստիկ վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակեցին Նիկոլ Փաշինյանի անձնական կյանքից։ Մի խոսքով՝ միմյանց մերժելու, ոչնչացնելու իսկական մարաթոն, որի նախաձեռնողը պետության ղեկավարն է, որը պետք է հակառակ օրինակը ցույց տար եւ երկրում համերաշխության մթնոլորտը խրախուսեր։ Բայց եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ հանցանք է կատարել, արդյո՞ք դա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը լավ նախարար է, կամ կրթական համակարգը կարելի է ավերել։ Ինչո՞ւ է իշխանությունը պարբերաբար իջնում «պլինտուսից ցածր» մակարդակի եւ բովանդակային քննարկումները տեղափոխում անձնական տիրույթ։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքական գործիչների հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը շտկում է մեզ․ «Ոչ թե պարբերաբար, այլ սա այլեւս իրենց համար վարքագիծ է եւ վարքականոն... իշխանության երկուսուկես տարիների ընթացքում մենք երբեք էլ բովանդակային քննարկում չենք տեսել։ Որովհետեւ քաղաքական այդ ուժը մերժում է ընդհանրապես բովանդակային քննարկումը եւ երկխոսությունը։ Հայաստանում արդյոք կա՞ քաղաքական բովանդակային երկխոսություն։ Իհարկե՝ ոչ։ Մերժումը մի քանի պատճառներ ունի․ նախ՝ մեծամիտ ամբարտավանությունը, երկրորդ՝ բովանդակության աղքատությունն ու սնանկությունը։ Երկիրը տարել են քաղաքական ինտելեկտի անապատացման, եւ երբ որ բացակայում են այս գործոնները, ստիպված դիմում են անձնական դաշտում վիրավորանքների»։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, դասախոս Նարինե Դիլբարյանի կարծիքով, Հայաստանում այդպես էլ միմյանց հետ խոսելու քաղաքական ավանդույթ չի ձեւավորվում, միայն քաղաքական հարթությունում կառուցողական բանավեճ իրականացնելու, «եւ միշտ ծագում է այդ գայթակղությունը՝ հարցը տեղափոխել այլ դաշտ»։ Նա հիշեցնում է, որ «մանիպուլյատիվ» այդ տեխնոլոգիան կիրառելի է ողջ աշխարհում․ «Եթե դու չունես հստակ պատասխաններ, ապա քննարկման հունը փոխում ես այլ ուղղությամբ՝ կենցաղային, կենսագրական, քրեական մակարդակ, իսկ այդ պարագայում ինքնին դժվար է պարզել, թե ով է մեղավորը, ով էր սկզբում սկսողը, քանզի առաջանում է բազմակողմ վարկաբեկում»։ Իսկ հասարակությունն այս ամենից, Դիլբարյանի խոսքով, միայն տուժում է․ «Մարդը երբ տեսնում է, որ պետական վերնախավը նախընտրում է բանավեճի ընդունելի ձեւաչափից դուրս գալ, ավելի հուսահատվում եւ կոտրվում է։ Նման վարքային կանոններն առաջացնում են հասարակության խորը հիասթափություն»։

Աղբյուրը՝  hraparak.am