կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 14:16
Իրավական

Երկուսուկես տարի է` փորձում են «գտնել» Մհերյանի սպանության գործով ապացույցներ կեղծած պաշտոնյային

Երկուսուկես տարի է` փորձում են «գտնել» Մհերյանի սպանության գործով ապացույցներ կեղծած պաշտոնյային

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցված նոր քրեական գործով մինչ օրս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյան: Մեզ ուղղված գրությամբ Միքայելյանը տեղեկացրել է, որ հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:

Նշենք, որ խոսքը դեռեւս 2015 թվականի մարտի 27-ին հարուցված` պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մասին է: Մասնավորապես` նոր գործի շրջանակներում պետք է պարզվեր` արդյոք պաշտոնատար անձինք բուն՝ սպանության գործով ապացույցներ կեղծե՞լ են, թե՞ ոչ:

Գործում շոշափվում են նախկին և ներկայիս պաշտոնյաների անուններ, այդ թվում ՝ Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Հունան Պողոսյանի, Արթուր Մարգարյանի: Այս գործով, որպես վկա, հարցաքննվել է Շիրակի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը:

Հիշեցնենք, որ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից: Փոխոստիկանապետը 34 տարեկան էր: Մհերյանը փոխոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2008-ի հուլիսին, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի` իրավական հարցերով օգնականն էր:

Մհերյանի սպանության դեպքից անցել է 8 տարի, սակայն գործը մինչ օրս բացահայտված չէ: