կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 15:40
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորամարգում լարված է․ ուսուցիչներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրենի արդար ընտրություն

Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները բողոքի ակցիա են անում հօգուտ նախկին տնօրենի՝ հայտնում է Yerkir.am-ը:

Դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը, որը նշանակված էր հուլիսի 17-ին, տեղի չունեցավ, քանի որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չներկայացավ մրցույթին։ Այս փաստից վրդովված՝ ուսուցիչներն ու ծնողները հավաքվել են Արարատի մարզպետարանի մոտ՝ բողոքելու դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի ձգձգումից։

Նրանք գրություն հանձնեցին մարզպետին՝ նրա ուշադրությունը հրավիրելով նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով չկայացած եւ այս հինգշաբթի տեղափոխված՝ մրցույթի վրա։

Ձգձգումը նրանք միտումնավոր են համարում, քանի որ համարում են, որ տնօրեն ընտրվելու ամենամեծ շանսն ունի ներկա տնօրեն Ծովինար Գալստյանը, որը  նշանակվել է նախկին իշխանության օրոք։

«Միտումնավոր խափանում է, չենք ուզում, որ հինգշաբթի նույնպես խափանվի, թող մրցույթը ճիշտ կայանա։ Մեր պահանջն է, որ լինի արդար ընտրություն։ Ոչ մեկս չենք խուսափում արդար ընտրություններից», - ասաց ակցիայի մասնակիցը։

Ընտրության օրը դպրոցական խորհրդի քարտուղարը փորձել է կապ հաստատել նախարարության ներկայացուցչի հետ, բայց հեռախոսահամար չեն տվել։

«Անհիմն պատճառներով գյուղապետարանի ներկայացուցիչն էլ չի եկել, չի ուղարկել համապատասխան գրություն, որ չի ներկայանալու ինչ-ինչ պատճառներով»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Նորամարգի դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար բացի Ծովինար Գալստյանից թեկնածություն են առաջադրել ևս երկու հոգի Մասիս քաղաքից՝ Սահակյան Գոհար, Մինասյան Գևորգ։ Մրցույթը տեղի չունեցավ, որովհետև մրցույթին չներկայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը, ում մասնակցությունը, համաձայն ՀՀ կառավարության 04.05.2010թ-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված կարգի, վերոնշյալ մրցույթին պարտադիր էր: Բացի այդ, մրցույթին չներկայացավ մարզպետարանի ներկայացուցիչ խորհրդի անդամ Հայկազ Տերտերյանը, և համայնքի կողմից նշանակված խորհրդի անդամը՝ Առաքել Ավետիսյանը: Իսկ ամենատարօրինակն այն էր, որ Խորհրդի անդամներից Արամ Գասպարյանին Արարատի մարզպետը մրցույթի նշանակված ժամին կանչեց Արտաշատ քաղաք՝ հանդիպման, քաջատեղյակ լինելով, որ այդ օրը, այդ ժամին տեղի է ունենալու մրցույթը:

Մանրամասն՝ տեսանյութում․