կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-06 12:55
Քաղաքական

Ադրբեջանը ստիպում է ընտրություն կատարել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը ստիպում է ընտրություն կատարել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այն, որ սահմանին Ադրբեջանը շարունակում է իրավիճակը լարված պահել, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, գալիս է նրա արտաքին ու ներքին խնդիրներից: Լրագրողների հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանում հիմա գնում է իշխանական համակարգի լծակների վերադասավորում, Նախիջևանում պետք է Սահմանադրություն փոխվի, և քանի ալիևյան կլանը տիրում է երկրում, Ալիևը ստիպված է սահմանային իրավիճակով շեղել հասարակության ուշադրությունը: Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ապա, ըստ Մելիք-Շահնազարյանի, ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը բավականին խաղաքարտեր է կորցրել և ուզում է բանակցային գործընթացը սկսել զրոյից` շրջանցելով ապրիլը:

«Եթե սահմանին իրավիճակն այսպես մնա, հայկական կողմը երկընտրանքի առաջ է կանգնելու` շարունակել պայքարը դիվանագիտակա՞ն ճանապարհով, թե՞ ռազմական: Ադրբեջանն իր այս պահվածքով ստիպում է ընտրություն կատարել: Պետք է ասեմ նաև, որ Հայաստանը երկու ուղղությամբ էլ հիմա ակտիվ աշխատանքներ է տանում` զգոն է ռազմական ուղղությամբ, իսկ դիվանագիտական առումով Արցախի ճանաչման գործընթացն է շարունակում»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա` Ադրբեջանի համար պատերազմն իրավիճակը շտկելու անհրաժեշտություն է, իսկ մենք պետք է պատրաստվենք պատերազմին պատերազմ թույլ չտալու համար: «Չի կարելի թերագնահատել սպառնալիքները, և մենք այդպես էլ անում ենք: Ինչ վերաբերում է ապրիլին, ապա այդ ժամանակ ոչ թե անլուրջ էր վերաբերմունքը, այլ անսպասելիության գործոնը կար մեզ համար, ինչը հիմա չկա: Բացի այդ` ապրիլյան պատերազմից հետո հերքվեց թեզը, թե Ադրբեջանը, երբ ուզենա, կարող է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղա-ադրբեջանական խնդիրը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: