Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ինչպես արդեն տեղեկացանք՝ թանկացել են բարձրագույն կրթության ուսման վարձերը։ Օրինակ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի վարձը դարձել է 500 հազար դրամ՝ նախկին 430-ի փոխարեն։ Այսպես բարձրացել են բոլոր ֆակուլտետների վճարները։
Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածել վարձերը թանկացնելով, ի՞նչ նպատակներ են դրել իրենց առաջ, ի՞նչ խնդիրներ են լուծելու այս քայլով ու, ընդհանրապես, մտածելու ունակություն ունե՞ն այս «փառահեղ» քայլի հեղինակներն ու իրականացնողները։
Կամ ինչպե՞ս են պատճառաբանելու՝ թանկացումներն ի՞նչ հիմքով են բարձրացնում. դասախոսների աշխատավարձներն են բարձրացնելու՞, ժամանակակից սարքավորումներով զինելու ե՞ն ֆակուլտետները, մնալու տեղո՞վ են ապահովելու մարզերի ուսանողներին, թե՞ կրթությունն են հասցնելու մինիմալ մակարդակի։
Եվ մեզ այս հուզող հարցերը ու՞մ հղենք. բուհի ղեկավարությա՞նը, թե՞ նախարարին… հա՞ որ…նախարարի՞ն։
Դեռ չի հասցրել «փոշի նստել» նախարարի՝ հակահայագիտական գործողությունների վրա։
Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարը տենչում էր հայագիտական առարկաները Հայաստանի մայր բուհում դարձնել կամընտրական։ Հիմա էլ ուսման վարձերն է թանկացվում, և չի խոչընդոտվում դրանց թանկացմանը։ Իսկ մարմնի ո՞ր մասով են մտածում վարձերը թանկացնողներն, ու հենց Արայիկ Հարությունյանը։ Շատ ուսանողներ, մինչև վարձերի բարձրացումն էլ, դժվարությամբ էին կարողանում վճարել այդ գումարը, այս վիրուսն էլ մի կողմից ավելի ծանրացրեց վիճակը։
Պարո՛ն Հարությունյան, Դուք վերստին ապացուցեցիք, որ Ձեր որոշ գործընկերների հետ միասին, հեռու եք սպորտից, մշակույթից, առավել ևս կրթությունից ու գիտությունից։ Փոխանակ՝ վարձերը իջեցնելուն, որ դիմորդները ավելի շահագրգռված սովորեն, ավարտեն դպրոցն, ընդունվեն համալսարան, դառնան պետությանը պիտանի մասնագետներ, հակառակն եք անում կամ հենց հարցը դա է, որ ոչ մի բան էլ չեք անում ու թողնում եք, որ թանկացնեն, այդպես սովորողների պոտենցիալն եք կոտրում։
Մեր երկրում բազմաթիվ խելացի ու ընդունակ երեխաներ կան, ովքեր, չունենալով ուսման վարձը վճարելու համապատասխան միջոցներ, կորցնում են սովորելու հավատն ու ցանկությունը։
Հիմա կասեք՝ այդպիսի երեխաները պետք է որ անվճար ընդունվեն։ Ֆակուլտետներ կան, որոնք ընդամենը 1 անվճար տեղ ունեն, իսկ եթե այդ երեխայի բախտը չբերի ու այդ մեկը ինքը չլինի, ի՞նչ է ստացվում, որ պիտի չշարունակի՞ ուսումը՝ ֆինանսական սուղ միջոցների ու Ձեր ապիկարության պատճառով։
Իսկ եթե այս քայլն ուրիշ միտում ունի՞։ Վիրուսով պայմանավորված՝ ընդունելության կարգը բավականին հեշտ է այս տարի։ Դիմորդները շատ կլինեն ու մեծամասնության համար հեշտ կլինի ընդունվել բարձր վարկանիշ ունեցող ֆակուլտետներ։ Հետաքրքիր է՝ վարձերի թանկացումը ոչ մի կապ չունի՞ այս ամենի հետ։ Օրինակելի քայլ արեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրագույն կրթությունը դարձնելով անվճար։ Եթե մեր դեպքում նման կերպ վարվելը հնարավոր չէ, գոնե մի փոքր էժանացրեք, որպեսզի բոլոր շնորհալի երեխաները կարողանան ի կատար ածել իրենց նվիրական երազանքներից մեկը՝ դառնալ Երևանի պետական համալսարանի (ու ոչ միայն) ուսանող։
Մեր պետությանը մասնագետներ են պետք, ոչ թե ուղղակի քայլածներ։
Խելքով։
Իշխան Թովմասյան
ԵՊՀ շրջանավարտ