Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական ճգնաժամի ցանկացած փուլում բազմաթիվ երկրներում անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել հակասեմականության ուժեղացմանը և դեպի Իսրայել ներգաղթի աճին, հետևաբար` Իսրայելին հարկ է լավ նախապատրաստվել ու չկորցնել հայրենադարձության նոր ալիքի պոտենցիալը. ըստ yerkir.am-ի` գրում է իսրայելական The Marker պարբերականը:
«Կորոնավիրուսի համավարակը գրավել է աշխարհը մի ժամանակաշրջանում, երբ տարբեր կատեգորիաների` որակավորում ունեցող և չունեցող, միգրանտների ներհոսքը հասել է աննախադեպ մակարդակի: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` ճգնաժամի սկզբում աշխարհում հաշվարկվել էր ավելի քան 15 մլն ներգաղթյալ: Կորոնավիրուսը հետզհետե կանգնեցրեց տեղաշարժը, և սեփական երկրից դուրս գալը կամ միգրանտների վերադարձը տունը դարձան գործնականում անհնար: Հետազոտողները և մասնագետները փորձում են գնահատել համավարակի արդյունքում համաշխարհային միգրացիայի երկարաժամկետ հետևանքները: Վաշինգտոնի ռազմավարական և միջժողովրդական ուսուցման կենտրոնի (CSIS)` վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնաճգնաժամը հանգեցնելու է լեգալ միգրացիոն հոսքերի զգալի կրճատման. աշխատանքային միգրանտների` ինչպես որակավորում ունեցող, այնպես էլ չունեցող, տեղաշարժը կսառեցվի, ինչը, իր հերթին, կանդրադառնա նրանց կողմից լքվող և նրանց ընդունող երկրների տնտեսությունների վրա: Ներգաղթյալների հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառով և նոր միգրացիոն քաղաքականության պարտադրման պատճառով նրանք կբախվեն դժվարությունների տարբեր երկրներում, և սպառանալիքի տակ հայտնվելով` միգրանտների որոշ հոսքեր կդառնան «ստվերային», անօրինական»,- գրում է իսրայելական պարբերականը` հավելելով, որ հրեական համատեքստում ճգնաժամի պատճառով տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել հակասեմականության աճի:
Ըստ The Marker-ի` քանի որ ապագայում տեղաշարժման հնարավորությունները սահմափակվելու են, ծագում է Իսրայելի «Վերադարձի մասին» օրենքի իմիգրացիոն պոտենցիալի հարցը: Իսրայելի պետական իմիգրացիոն քաղաքականությունը, որն իր արտացոլումն ունի վերը նշված օրենքում, թույլ է տալիս հրեաներին ու նրանց սերունդերին (մինչև թոռը) ամուսինների կամ կանանց հետ վերադառնալ Իսրայել և ժամանելուն պես քաղաքացիություն ստանալ: Բացի կորոնավիրուսով հիվանդներից (ներկայումս գործում է նրանց մուտքի արգելքի մասին օրենք` երկրի բնակչության առողջության պաշտպանության նկատառումով), Իսրայելը, ի տարբերություն բազմաթիվ երկրների, բաց կլինի հրեաների համար, որոնք «Վերադարձի մասին» օրենքով հայրենադարձվելու իրավունք ունեն:
«Համաշխարհային միգրացիոն հոսքերի սպասվող փոփոխությունները և դրանց հետևանքները Իսրայելի պետական մարմիններից պահանջում են նոր հնարավորություններ գտնել հայրենադարձման համար: Վերջին տարիներին Իսրայելն ամեն տարի ընդունել է մոտ 30 հազար ներգաղթյալի, որոնց մեծ մասը Ռուսաստանից և Ուկրաինայից է, կան նաև ներգաղթյալներ Ֆրանսիայից, Հյուսիսային և Լատինական Ամերիկաներից: Բարդ տնտեսական վիճակը և հակասեմական տրամադրությունների աճը, հատկապես` Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կարող են հանգեցնել այդ երկրներից արտագաղթի: Վերջին տասնամյակների ընթացքում այնտեղից Իսրայել են եկել բարձր մասնագիտական կարողություններով ներգաղթյալներ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխատանքի իսրայելական շուկայում (բժշկություն, հայթեք): Ճիշտ աբսորբման դեպքում այդպիսի մասնագետները զգալի ներդրում կունենան Իսրայելի տնտեսության մեջ»,- գրում է պարբերականը, թեև` նշում, որ վերջին տարիներին աշխատանքի տեղավորման հարցում զգալի դժվարություններ են եղել, այդ թվում` բարձր որակավորում ունեցող հայրենադարձների համար: Օրինակ` 2015-ին ռեկորդային թվով (ավելի քան 7 հազար) հայրենադարձ է եղել Ֆրանսիայից, սակայն դրանից հետո նրանց թիվը նվազել է` հիմնականում աշխատանքի իսրայելական շուկայում ինտեգրման խնդիրների պատճառով:
Ըստ The Marker –ի` ներկայումս Իսրայելը զբաղված է կորոնավիրուսի հետ կապված օրհասական խնդիրների լուծմամբ` և՛ առողջպահության բնագավառում, և՛ տնտեսության: Սակայն հայրենադարձության ոլորտի հետ կապ ունեցողները պետք է հաշվի առնեն հնարավոր սցենարը, որ Իսրայել վերադառնալու իրավունք ունեցողները կարող են օգտվել դրանից:
Փաստաբան Էլի Գերվիցի խոսքով` շատ երկրներ կորոնավիրուսի պատճառով փակել են սահմանները: Եթե նույնիսկ կորոնավիրուսը պարտվի, շոկը դեռ երկար չի անցնի, և բարդ կլինի ոչ միայն միգրացիան, այլ նաև իմիգրացիոն օրենքների սահմաններում կացության թույլտվություն կամ քաղաքացիություն ստանալը:
«Իսրայելը տարբերվում է նրանով, որ օտարերկրացիների մի կատեգորիայի համար` հրեաների ու նրանց բարեկամների, խոսքը ոչ թե ներգաղթելու, այլ հայրենադարձվելու մասին է ` առանձին օրենքի և առանձին փիլիսոփայական մոտեցման շրջանակներում: Այդ պատճառով 2020-ին սպասվում է նոր հայրենադարձների թվի աճ 2,5,-3 անգամ: Կորոնավիրուսի և ընդհանուր անհանգիստ իրավիճակի հետևանքով կտրուկ կավելանա հայրենադարձների թիվը արևմտյան հարուստ երկրներից` Ֆրանսիայից, Անգլիայից և ԱՄՆ-ից»,- նշում է փաստաբանը: