Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ երեկոյան Երևանում քաղակտիվիստները տոնեցին իրենց հաղթանակը: Երևանում ծառերի սպանդը կդադարեցվի. համենայնդեպս այդպես խոստացավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել ծառասպանությունը, Տիգրան Ավինյանը ստիպված եղավ իջնել ու զրուցել մարդկանց հետ: Նա խոստացավ, որ էլ ծառ չի կտրվի:
Հիշեցնենք, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տխրահռչակ ղեկավար Արմեն Բեգոյանի մանիպուլատիվ հնարքներով հաստատվել էր քաղաքապետարանում ծրագիր, որ 3000 ծառեր պետք է արմատախիլ արվեին՝ փոխարինվելով նոր խորհրդանշական անուն ունեցող Հուդայածառերով, սակայն մոտ 350 ծառերի հատումից հետո երեկ Ավինյանը կասեցրեց ծրագիրը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, ով «Էկոցիդ, փրկենք Երևանի ծառերը» բնապահպանական շարժման հիմնադիրներից է և երեկ մասնակցում էր ակցիային:
«Շաբաթ օրը, երբ մեր ակտիվիստ ընկերների հետ միասին հայտարարեցինք քաղաքացիներին, որ պետք է հավաքվենք և կանխենք ծառերի սպանդը Սուրբ Զատկի և մեր մեկ ժամ առաջ ծանուցման պատճառով առավել քիչ երևանցիներ հավաքվեցին: Բայց երեկ արդեն ավել մեծ թվով էինք, շնորհակալ եմ մեզ միացած քաղաքացիներին: Հատուկ շնորհակալություն նաև մեր մայրաքաղաքի նոր ռուս բնակիչներին առանց որոնց կազմակրպչական հմտությունների չէինք կարողանա երեկվա ակցիան կազմակերպել: Նրանք ակտիվ էին նաև սոցհարթակներում և մեզ միասնաբար հաջողվեց կասեցնել ծառերի սպանդը»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:
Նկատենք, որ երեկ, երբ քաղաքապետը առաջին անգամ հանրային լուրջ ճնշման տակ էր, հարազատ ՔՊ-ն Տիգրան Ավինյանին միայնակ թողեց: Ավագանու ՔՊ-ական որևէ անդամ չկար Ավինյանի կողքին: Միայն փոխքաղաքապետերն ու մի քանի աշխատակիցներ էին: Ավինյանի կողքին չէր նաև առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը»։