կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 15:54
Քաղաքական

Ծառուկյանի գործի փաստաթղթերը Ազգային արխիվից երբեք դուրս չեն եկել․ Ամատունի Վիրաբյան

Ծառուկյանի գործի փաստաթղթերը Ազգային արխիվից երբեք դուրս չեն եկել․ Ամատունի Վիրաբյան

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ՝ փակ քննված քրեական գործի փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվում են և Արխիվից երբեք դուրս չեն եկել՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Այո, մեզ մոտ է, բայց մեր մոտից դա երբեք դուրս չի եկել։ Մինչև այդ են երևի պատրաստել պատճեները, որովհետև այդ գործը բոլորին հետաքրքրել է՝ ժամանակին էլ է հետաքրքրել։ Մեր մոտից ոչ մի մարդ այդ գործի հետ չի ծանոթացել, չէր էլ կարող ծանոթանալ, որովհետև պահվում է փակ վիճակում»,-ասաց նա։

Պրն Վիրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ Սոցիալիստական Հանրապետության հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դռնփակ քննված դատական գործի նյութերն ու դատավճիռը արխիվացվել են 2 տարի առաջ։

Ազգային արխիվում գործը պահվելու է մշտապես, քանի որ այդպիսի ծանր հանցագործությունների և հանրային հնչեղություն ունեցող գործերի փաստաթղթերը պահվում են մշտապես։

Կարելի է եզրակացնել, որ անձնական տվյալներ պարունակող դռնփակ գործի նյութերը մինչև Ազգային արխիվ հանձնելն են պատճենվել։ Բնականաբար, այս գործին հասանելիություն ամեն մեկը չէ, որ ունեցել է՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները։

Թերևս պատահական չէ, որ այս փաստաթղթերը հրապարակվեցին հենց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում։ Սա կարող է ընկալվել իբրև կոմպրոմատ, որն օգտագործվեց քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։ Ընդդիմադիր գործչի հետ  41 տարի առաջ կատարվածը հենց այս պահին հրապարակելը պետք է որ էական հիմքեր ունենա հրապարակողների համար։

Համենայն դեպս, այն, ինչ կատարվել է, ապօրինի է, քանի որ Խորհրդային Հայաստանի Գերագույն դատարանի դռնփակ նիստի արխիվային նյութերը կարելի է ստանալ միայն տվյալ անձի դիմումի, ընտանիքի անդամի, կամ տվյալ անձի կողմից լիազորված անձի միջոցով: Ի դեպ, հրապարակված նյութերի վրա այն պահպանող պետական հաստատության տվյալները բացակայում են, սա անուղղակի վկայություն է, որ նյութերը պատճանվել են մինչև Ազգային արխիվ հանձնելը։

Ոչ վաղ անցյալում, երբ հրապարակվեցին իշխող թիմի ներկայացուցիչ՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի՝ երիտասարդ տարիներին դատվածություն ունենալու մասին տեղեկությունները, իշխանական և այլ շրջանակներ հայտարարեցին, որ բարոյական չէ անձնական տվյալներ հրապարակել մարդու անցյալից: Դրան արձագանքեց նաև ինքը՝ պարոն Պապիկյանը: Այժմ նախկինում այդ նույն նախարարության ենթակայության, իսկ 2019 թ. սեպտեմբերից՝ ԱՆ հիմնարկում՝ ՀՀ Ազգային արխիվում, պահվող փակ փաստաթղթերի բովանդակության արտահոսք են արել՝ անուղղակիորեն սլաքներն ուղղելով այդ հիմնարկի դեմ։ Հետաքրքրիր են Սուրեն Պապիկյանի և Ռուստամ Բադասյանի դիրքորոշումներն այս մասին։