Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ աշխատանքից ազատելու մասին որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, որն օրերս արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։
«Եթե այս տրամաբանությանը հետևենք՝ մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի հեռացվեն, որովհետև օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել մինչև 2019-ի հունվարի 1-ը։ Այդ ժամանակ մեր բյուջեն ավելացրին 20 տոկոսով, որը ստանում ենք ու հարկը փոխանցում։ Խնդիրն առաջացավ, երբ ՊԵԿ-ից գալիս էին ստուգման։ Որ ՊՈԱԿ-ում ստուգումներ են իրականացվել, այս խնդիրը եղել է, ու որտեղ իրականացնեն, այս խնդիրն առաջանալու է։ Եթե այս տրամաբանությամբ մտածենք՝ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի ազատվեն աշխատանքից, բայց ոչ մեկն այս կետի համաձայն չի ազատվել, միայն ես եմ ազատվել»,- նշեց նա։
Վիրաբյանը հիշեցրեց՝ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել, դրա համար էլ 2018-ին իրենք դիմել են տարածքային կառավարման նախարարություն, որն էլ, իր հերթին, կառավարությանն է դիմել, վերջինս էլ արխիվի բոլոր հարկերը փոխանցել է ՊՈԱԿ-ի հաշվին, որից հետո խնդիրը հարթվել է, իսկ վարույթը՝ կարճվել։
«Տրամաբանությամբ՝ պետք է Պապիկյանն ինձ ազատեր, բայց նա դիմել է կառավարություն, որ այդ գումարները փոխանցվեն, իսկ երկու տարի անց հանկարծ հիշել են այս կետի մասին։ Ենթադրում եմ, որ արդարադատության նախարարը շտապել է ինձ ազատել աշխատանքից»,- ասաց նա։
Թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, Վիրաբյանը նշեց՝ չի կարող ասել, քանի որ նախարարն իրեն չի ընդունել։ «Խոսակցություններ են տեղի ունեցել նրա խորհրդականների միջոցով։ Ենթադրում եմ, որ քաղաքական որոշում է»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք իրեն առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել, Վիրաբյանն արձագանքեց. «Այո, եղել է՝ մեկ ամիս առաջ, բայց ասել եմ, որ չեմ գրի»։