կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 22:25
Արցախ

Երեխաների իրավունքերի պաշտպանության ուղղությամբ Արցախում հետազոտություն է իրականացվում

Երեխաների իրավունքերի պաշտպանության ուղղությամբ Արցախում հետազոտություն է իրականացվում

Անկախության տարիներին  բավականին աշխատանք է տարվել  երեխաների իրավունքերի պաշտպանության բնագավառի օրենսդրական կարգավորման ուղղությամբ:  Այս առումով  օրենսդրությունը  բավականին առաջադիմական է:  Այս  մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, և գործնականում, և օրենսդրական դաշտում  կան խնդիրներ, որոնք պետք է  լուծումներ ստանան:

Մարդու իրավունքերի պաշտպանի հաղորդմամբ, Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով,  «Վորլդ Վիժն Հայաստան» Երեխաների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել են հետազոտական ծրագիր: Ըստ այդմ,  վեցամսյա կտրվածքով,  համապատասխան փորձագետները  միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ ուսումնասիրություններ են կատարելու,   գնահատելու համար, երեխաների շուրջ  10  իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում և նախանշելու ոլորտի հիմնային բարեփոխման ուղղությունները:

Ըստ Ա. Բեգլարյանի խորը և համափարփակ հետազոտություն է կատարվելու՝ ուսումնասիրելով և՛ օրենսդրությունը, և՛ գործնականը: Վերհանելով բոլոր առկա խնդիրները ՄԻՊ-ը արտահերթ զեկույց կներկայացնի Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վերաբերյալ: Այդ հիմքով նաև առաջարկներ են ներկայացվելու պետությանն ու պատկան մարմիններին բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Երեխաների իրավունքերի պաշտպանության ոլորտում, արդեն իսկ արձանագրված և լուծում պահանջող խնդիրներից, Մարդու իրավունքերի պաշտպանն մասնավորապես նշեց կրթության իրավունքի ուղղությունը: Ա. Բեգլարյանը համարում է, որ  Արցախում ներառական կրթությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Ըստ նրա՝ առկա խնդիրները պայմանավորված են մասնագիտական կարողությունների պակասով, ինչպես նաև համակարգային ու օրենսդրական կարգավորում են պահանջում: Էական խնդիր կա նաև նախադպրոցական հաստատությունների հասանելիության ու մատչելության առումով: Պաշտպանի խոսքով՝  2018-ի վիճակագրական տվյալներով,  Արցախում երեխաների մոտ 50 տոկոսն է հաճախում նախադպրոցական հաստատություններ, ինչը նշանակում է, որ մյուս  50 տոկոսը չի այցելում:

«Ընդ որում, քաղաքային բնակավայրերում նախակրթարանների հասանելիությունը բարձր է, իսկ  գյուղերում՝ ցածր»,-մանրամասնել է  Ա. Բեգլարյանը՝  անընդունելի համարելով այդ տարբերությունը՝ միաժամանակ նշելով, որ գյուղերում ևս պետք է նման հնարավորություն ստեղծվի երեխաների համար, իսկ քաղաքներում ավելացվեն նախադպրոցական հաստատությունների թիվը:

 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքերի պաշտպանն իր նաև   պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու բոլոր շահագրգիռ կողմերին ու պատկան մարմիններին՝   ոլորտում  լուրջ բարեփոխումներ կատարելու   գործում:

Վան Նովիկով