կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 11:16
Տարածաշրջան

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին հակազդելու մասին օրինագիծը

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին հակազդելու մասին օրինագիծը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է կյանքի կոչել Իսրայելի թշնամական գործողություններին հակազդելու մասին օրենքը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրանի խորհրդարանը մայիսի 18-ին ընդունել էր Իսրայելին հակազդելու մասին օրենք, որը նախատեսում է ստեղծել վիրտուալ դեսպանատուն Երուսաղեմում, ինչից հետո այդ փաստաթուղթը հաստատվել էր Սահմանադրության պաշտպանության խորհրդի կողմից:

Համաձայն Իրանի կառավարության տարածած հաղորդագրության՝ նախագահը հրամայել է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին, Տեղեկատվության նախարարությանը (հետախուզություն), Զինված ուժերին և Ազգային անվտանգության գերագույն խորհրդին ՝ ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումներ «սիոնիստական ռեժիմի՝ խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված թշնամական գործողություններին հակազդելու համար»:

Մասնավորապես գործադիր մարմիններից պահանջվում է օժանդակություն ցուցաբերել պաղեստինցիներին, վեց ամսվա ընթացքում նախապատրաստվել Պաղեստինի տարածքում վիրտուալ դեսպանատան կամ հյուպատոսության ստեղծմանը: Ըստ իրանական լրատվամիջոցների ՝ խոսքը Երուսաղեմում  դեսպանատան մասին է՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք։

Արգելված է այն գործողությունները, որոնք սատարում են Իսրայելին  ռազմական, քաղաքական և մշակութային ոլորտներում, «գրավյալ պաղեստինյան տարածքներ» իրանցի քաղաքացիներին այցելելը, ինչպես նաև Իրանում իսրայելական ընկերություններին պատկանող ապրանքների տեղափոխումը:

Օրենքն ընդունվել է ի պատասխան Պաղեստինի ժողովրդի, իսլամական երկրների և Իրանի դեմ իսրայելական գործողությունների, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի տարածքների գրավման շարունակական փորձերին: Նշվում են նաև Իսրայելի «ապակառուցողական գործողությունները», որոնք ուղղված են խաղաղությունն ու միջազգային անվտանգությունն ապակայունացնելուն և «արգելված զենքի օգտագործմանը»: