կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 12:03
Տարածաշրջան

Թուրքիայում ուժի մեջ է մտել «Շուշիի հռչակագրի» մասին օրենքը

Թուրքիայում ուժի մեջ է մտել «Շուշիի հռչակագրի» մասին օրենքը

Թուրքիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» վավերացման մասին օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում։

Օրենքի համաձայն՝ վավերացվել է 2021 թվականի հունիսի 15-ին թուրք-ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված հայկական Շուշիում ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» «Շուշիի հռչակագիրը»։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների և սպառնալիքների դեպքում։

Հռչակագրի համաձայն՝ եթե նման ռիսկեր առաջանան, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ ռիսկերն ու սպառնալիքները վերացնելու նախաձեռնություններով և փոխադարձ օգնություն կցուցաբերեն։ Միաժամանակ, անհապաղ քննարկումների ու համատեղ գործողությունների միջոցով կորոշվի օգնության ծավալն ու ձևը, երկու երկրների զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ համակարգումը։

Բացի դրանից՝ հռչակագրում կա կետ, ըստ որի՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։

Հռչակագրի մեկ այլ հակահայկական կետով նշվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան «աջակցում են առանձին երկրների արխիվների բացմանը և պատմաբանների կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների հետաքննությանը»:

Նյութը` Yerkir.am