կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 12:06
Տնտեսական

Ռուսաստանը Բելառուսին թողել է առանց լրացուցիչ եկամուտների` արգելել է բենզինի ներմուծումը

Ռուսաստանը Բելառուսին թողել է առանց լրացուցիչ եկամուտների` արգելել է բենզինի ներմուծումը

Ռուսաստանի կառավարությունը մինչև հոկտեմբեր արգելել է բենզինի, դիզելային վառելանյութի , կերոսինի և վառելանյութի ևս մի քանի տեսակների ներմուծումը: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է որոշումը դեռևս մայիսի 22-ին, սակայն այն հրապարակվել է երեկ ` մայիսի 25-ին.  տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Ռուսաստանի կառավարության այդ որոշումը հաստատապես հարվածում է Բելառուսին, որը վերջին ամիսներին Ռուսաստանին էր վաճառում իր արտադրած բենզինի մեկ քառորդը` ավելացնելով վաճառքը հարյուրավոր անգամներ:

ՌԴ կառավարության որոշման մեջ նշվում է, որ նպատակը ՌԴ էներգետիկ անվտանգության ապահովումն է և վառելանյութի ներքին շուկայի կայունացումը: Ընդ որում` սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հեռավոր արտասահմանի, այլ նաև ԵԱՏՄ երկրներին: «ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը` սահմանված կարգով տեղյակ պահել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ժամանակավոր արգելքի սահմանման մասին»,- ասվում է  ՌԴ կառավարության որոշման տեքստում:

Այն բանից, որ Ռուսաստանում վառելանյութն ավելի թանկ է դարձել, քան արտասահմանում, շահում էր միայն Բելառուսը: Գարնանը երկիրն ավելացրել էր վառելանյութի արտահանումը հարյուրավոր անգամներ: Այսպես` ապրիլին Բելառուսը Ռուսաստանին վաճառել էր 49 հազար տոննա բենզին, մայիսին` ավելի քան 30 հազար տոննա, մինչդեռ ամբողջ նախորդ տարվա ընթացքում` ընդամենը 200 տոննա: Argus գործակալության հաշվարկներով` Ռուսաստանին շարժիչային վառելանյութ վաճառելը բելառուսական ընկերություններին տոննայի դիմաց  100 դոլարով ավելի շատ օգուտ է բերել, քանի, օրինակ, Լատվիային վաճառելը:

Ռուսաստանը տարեկան  սպառում է միջինը 35 մլն տոննա բենզին, և Բելառուսը, ըստ միջկառավարական համաձայնագրի, պարտավոր էր մինչև 2017 թվականը Ռուսաստանին վաճառել իր արտադրած բենզինի մի մասը` առանց մաքսատուրքերի նավթի մատակարարման դիմաց: Սակայն երեք տարի առաջ Ռուսաստանի նավթարդյունաբերական գործարանները մեծացրին իրենց հզորությունը մինչև սպառման ամբողջական ապահովում, և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքով` Բելառուսն այլև պարտավորություն չունի Ռուսաստանի նկատմամբ նավթային ապրանքների մատակարարման հարցում:

ՌԴ կառավարությունը բենզինի ներմուծումն արգելելու մասին խոսում էր դեռևս ապրիլից: Դա կապված էր այն բանի հետ, որ Ռուսաստանում բենզինի գինը նավթի գների անկումից հետո չէր փոխվել` տեղական արդյունաբերողների` բյուջե դեմպֆերային մուծումների պատճառով: Իսկ Եվրոպայում շարժիչային վառելանյութը դարձել էր ավելի էժան, քան Ռուսաստանում: Ըստ փորձագետների` ցանկացած ներմուծված վառելանյութի վրա կատարված ծախսերը չէին ծախսածածկվի, և լոգիստիկ առավելություններ ուներ միայն Բելառուսը: