Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղիղ մեկ տարի առաջ Ազատության հրապարակում խառնամբոխը հարձակվեց ՀՅԴ-ական հայտնի քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա ընտանիքի վրա, որոնք ընդամենն անցնում էին այդ տարածքով: Սակայն տեղի ունեցածը մնաց անպատիժ եւ դարձավ նաեւ նախադեպ այս մեկ տարվա ընթացքում մանր ու մեծ հաշվեհարդարների եւ անպատժելիության մթնոլորտի խորացման համար: Այս եւ ներքաղաքական մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
«ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ ՉԿԱ, ԱՅՆ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԲԻՐՏ ՈՒԺՈՎ»
– Տիկին Գալստյան, չե՞ք կարծում, որ եթե ժամանակին կանխվեր կամ գոնե պատժվեին Հրանտ Մարգարյանի ընտանիքի վրա հարձակվողներն ու վիրավորանքներ հնչեցնողները, այսօր չէինք ունենա այն իրավիճակը, որն ունենք` անհանդուրժողականության մթնոլորտի առումով:
– Իրականում Հայաստանում բռնության եւ բիրտության ռեժիմը շատ ավելի վաղ է սկսվել եւ պայմանավորված է քաղաքական մեծամասնության եւ հատկապես երկրի ղեկավարի խոսույթով: «Պատին ծեփելու», «ասֆալտին պառկեցնելու» երկրի առաջին դեմքի արտահայտությունները քաղաքական կամերտոնի նշանակություն ունեցան: Եվ բնական է, որ քաղաքական մեծամասնության եւ նրա հետեւորդների համար սա որդեգրելի քաղաքական եւ հանրային վարքագծի վերածվեց: Անգամ շատ տխրահռչակ չինական, լատինաամերիկյան հեղափոխությունների հանգույն, մեզ մոտ էլ ի հայտ եկան «հեղափոխության պաշտպաններ»: Մեր հասարակության մեջ ստեղծվել է քաղաքական մի անտանելի մթնոլորտ, որտեղ այլակարծությունը, այլ տեսակետը չի հանդուրժվում: Դեռեւս Երեւանի ավագանու ընտրություններին սեւերի եւ սպիտակների, մերոնքականների եւ ոչ մերոնքականների բաժանումը վերածվեց կառավարման վարքականոնի փիլիսոփայության, այսքան պառակտված հասարակություն չենք ունեցել: Հրանտ Մարգարյանի ընտանիքի վրա հարձակումը այս մանրապատկերի մի փոքր բաժինն է: Հետագայում տեսանք, որ բռնությունը ամենուրեք է` խոսքի մակարդակից մինչեւ բռունցքներ: Խորհրդարանի վերջին զարգացումները նույնպես դրա արդյունքն է: Ըստ էության, ներկա քաղաքական համակարգը, չունենալով քաղաքական օրակարագեր, Հայաստանի հեռանկարի պատկերացումներ եւ ստեղծարար միտք, ինտելեկտ եւ քաղաքական վարքաբանություն, այն փոխարինվում է բիրտ ուժով: Ցավում եմ, որ չի գիտակցվում, թե այսպիսով որքան են թուլացնում մեր ներքին դիմադրողականության իմունիտետը:
«ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԵՐԿՐԻ ԽՈՐԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»
– Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին, այդ թվում` համավարակի, ՀՅԴ-ի նախկին հայտարարություններն ավելի շատ խորհրդատվական բնույթի էին, որոնք ուղղված էին կառավարությանը: Սակայն, ՀՅԴ ԳՄ-ի վերջին հայտարարությունը զուտ քաղաքական գնահատական էր: Այլեւս հույս չկա՞, որ իշխանությունն ականջալուր կլինի:
– Վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրային, հայեցակարգային փաստաթղթեր ենք հրապարակել, որոնք վերաբերում էին կառավարության ծրագրին, կառուցվածքին եւ այլն: Ազգային պետական շահից ելնելով, նաեւ տեսնելով խարխափող նոր ուժի կառավարման տկարությունը, զարգացման հայեցակարգերի եւ տեսլականների բացակայությունը` փորձում էինք հուշել եւ ներկայացնել ծրագրեր, մոտեցումներ: Սակայն, մեր բոլոր ծրագրային փաստաթղթերը մնացին մենախոսության ռեժիմում: Երկու ամիս առաջ, հակառակ վարչապետի` բոլորին հայտնի զավեշտական հայտարարությունների, մենք կանխազգում էինք, որ այս համավարակը չի կարող Հայաստանը շրջանցել, եւ հետեւանքները ծանր են լինելու: Մի կողմ թողնելով քաղաքական գնահատականներն ու կոշտ ընդդիմադիրի մեր կեցվածքը` հերթական անգամ հրապարակեցինք հակաճգնաժամային կառավարման մեր ծրագրային ոլորտային փաթեթը: Ըստ էության, դարձյալ անարձագանք, թեեւ որոշ դետալներ տարերայնորեն կիրառվեցին: Այսօր, ցավոք, արձանագրում ենք, որ համավարակի կառավարումը ձախողվել է, եւ երկիրը հայտնվել է բոլոր առումներով քաոտիկ մի իրավիճակի մեջ, ու իշխանությունն իր ներկա որակներով, վարքաբանությամբ եւ արժեքային համակարգով, բացարձակապես ունակ չեն կառավարել երկրի մարտահրավերները` համավարակը, ներառյալ այս օրերին սրվող անվտանգային խնդիրները:
– ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հումանիտար աղետից խուսափելու համար` առաջարկում է ստեղծել հակաճգնաժամային կառավարություն: Իսկ Սուրբ Աթոռում նախկին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը խորհուրդ է տալիս քաղաքական մեծամասնությանը ցնցումներից խուսափելու համար միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին` հենց իշխող թիմից ընտրել նոր վարչապետի: Ո՞ր տարբերակն է առավել ընդունելի:
– «Իմ քայլը» քաղաքական ուժը բացահայտորեն ապացուցեց, որ չունի երկիրը ճգնաժամից դուրս բերելեւ ո՛չ կարողություն, ո՛չ տեսլական, ոչ էլ` թիմային որակներ: Սա համավարակի կոնտեքստում, բայց դրանից առաջ էլ ակնհայտ էր, որ իշխող քաղաքական թիմը բովանդակային, կառուցվածքային եւ վարքաբանական իմաստներով խիստ խոցելի է: Երկրում ստեղծված բարոյահոգեբանական կլիման, ատելության, թշնամանքի եւ բռնության վարքականոնը մի կողմից, քաղաքական բովանդակության բացակայությունը մյուս կողմից, երկրում ճգնաժամային, քաոտիկ մթնոլորտ են ստեղծել: Խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը` բանավեճ, քննարկում, այլակարծություն մերժող վարքով ու խնդիրները բռունքով լուծելու իր պահվածքով էլ ավելի պատային է դարձնում կացությունը: Սա այն խոստացված ժողովրդավարությունը չէ, որով իշխանության եկավ մեծամասնությունը: Այսօր այլեւս անցյալի հրեշայնացման պոպուլիզմով հնարավոր չէ թմբիրի մեջ պահել ՀՀ քաղաքացուն: Իրականում ամենատուժած շահառուն նախ` ՀՀ քաղաքացին է եւ Հայաստանի պետականության հեռանկարը: Որ իրավիճակը կտրուկ փոփոխություններ է ակնկալում հստակ է, ընդ որում` դրանք պիտի լինեն թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային, թե՛ վարքաբանական: Նոր որակի իշխանությամբ է միայն հնարավոր երկիրն այս վիճակից դուրս բերել: Խնդիրը միայն համավարակը չէ, անկարելի է չտեսնել Հայաստանի պետականությանն ու անվտանգությանն ուղղված մարտահրավերները, այդ թվում` հատկապես նրա ազգային բաղադրիչին: Մտածել, թե սեփական, արդեն ձախողված թիմից այլ թեկնածուների առաջադրմամբ` իրավիճակը կփոխվի, սխալ է, մանավանդ, որ այնտեղ փայլուն կառավարչական, քաղաքական որակներով մեկին կդժվարանամ տեսնել: Առհասարակ խորհրդարանում մեկ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնությունն արդեն ժողովրդավարության վերջն է: Այսօր ճգնաժամը հաղթահարելու լրջագույն մարտահրավերի առջեւ ենք կանգնած: Խորհրդարանում էլ, արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ էլ, անհատների շարքում էլ ունենք մարդիկ, որոնք իրենց փորձառությամբ իսկապես ունեն որակներ, եւ նրանց համախմբման արդյունքում ի վիճակի ենք դիմագրավել երկրի խորացող խնդիրներին ու ճգնաժամին:
«ՊԱՅՔԱՐԻ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԹՈՒԼԱՑՆԻ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐԵԼԻ ԵՆ»
– ՀՅԴ-ն հանդես էր եկել նաեւ Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիայի դեմ քննադատական հայտարարությամբ: Կբավարարվեք այդքանո՞վ, թե պատրաստվում եք դրա դեմ պայքարել, օրինակ, ցույցերի տեսքով:
– Առանց հանրային քննարկումների, խորհրդարանն արդեն վավերացրել է կոնվենցիան: Ըստ էության, պայքարի դաշտ գրեթե չի մնացել: Ի դեպ, մենք չունենք երեխաների դեմ սեռական շահագործման եւ բռնության պայքարի հայեցակարգ: Թերեւս այս հայեցակարգի մշակման եւ կրթական ծրագրերի որդեգրման ու մշակման փուլում մեր մոտեցումները հրապարակենք: Բայց, նրանք քաղաքական խլությամբ են տառապում եւ, եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի օտարածին օրակարգեր սպասարկելու իր անբարտվան կեցվածքը, անսխալականության բարդույթն ու երկխոսության մերծումը, դժվարանում եմ ասել, թե ինչ քայլեր կորդեգրենք:
– Արտակարգ դրությունից հետո` փողոցային քաղաքական պայքարի որեւէ օրակարգ ՀՅԴ-ն ունի՞:
– Պայքարի բոլոր միջոցները, որոնք չեն թուլացնի մեր պետականությանը, մեզ համար որդեգրելի են: Ընթացքը ցույց կտա, այսօր գոնե մեր գնահատումները հստակ են. այս իշխանությունները տապալել են Հայաստանի հակաճգնաժամային կառավարումը եւ ունակ չեն դիմագրավելու Հայոց պետականության մարտահրավերները: Մեզ համար ամենացավալի գնահատականն այն է, որ այսօր մեր պետականության ազգային բաղադրիչի նկատմամբ լրջագույն արշավանք է կազմակերպված, եւ այս առումով հիմնավոր անհանգստություն ունենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ