կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 14:21
Քաղաքական

Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը. Արսեն Համբարձումյան

Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը. Արսեն Համբարձումյան

Սահմանադրական բարեփոխումների ջատագովը լինելով՝ ՀՅԴ-ն երբեք քաղաքական զարգացումներն անձերով չի պայմանավորվել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ նորընտիր ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելուն:

«Մեզ համար կարևոր են համակարգային փոփոխությունները, և իշխանության խնդիրը լուծվել է ԱԺ ընտրություններով: Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը, քանի որ այն վերապահված է քաղաքական մեծամասնությանը, և որպես կոալիցիայի կողմ՝ մենք հարգանքով կվերաբերվենք քաղաքական գործընկերոջ կողմից կայացված որոշմանը»,- ասաց նա:

Համբարձումյանի խոսքով` եթե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի հանդեպ չունենային դրական մոտեցում, ամենայն հավանականությամբ, կոալիցիային մաս չէին կազմի:

Հարցին` Սերժ Սարգսյանն իրո՞ք անփոխարինելի է, նա պատասխանեց, որ այդ հարցը հռետորական է: «Սերժ Սարգսյանն արդեն անդրադարձել է նախկինում արած իր հայտարարությանը, և հավելյալ մեկնաբանության խնդիր չեմ տեսնում»,- ասաց Համբարձումյանը:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին` Արսեն Համբարձումյանն ասաց, որ կա՛մ ընդդիմությունը ճիշտ օրակարգ չի ընտրել, կա՛մ չի վայելել ժողովրդի վստահությունը, և վերջին գործընթացներն այդ մասին են վկայում: «Ինչպես կասեր դասականը՝ նման գործիչների համար այդ օրակարգը դարձել է «պարապ վախտի խաղալիք»: Փողոցային պայքարի արդյունավետության մասին լավ կարծիք չունենք, և փորձը ցույց է տվել, որ այդ եղանակով ոչինչ մեզ մոտ չի փոխվել, և հերթական հիասթափությունն է սպասվելու: Իլյիչի ժամանակները վաղուց անցել են, հարյուր տարի առաջ  Լենինի արած հայտարարությունը, թե` իշխանությունը փողոցում է և պետք է գնալ ու վերցնել, կարծում ենք, որ չաշխատող տարբերակ է: Չեմ կարծում, որ մարդիկ պետք է իրենց Լենինի տեղը դնեն: Լենինին դա հաջողվեց, քանի որ նա օտարերկրյա գործակալ էր»,- ասաց նա: