Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իշխող բարձունքների համար մղվող մարտերն ընթանում էին հրետակոծությամբ։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները երբ լսում էին գրադ կայանքից մեր արձակած արկերի ֆշշոցի ձայնը, ուրախանում էին, հասկանալով, որ հակառակորդի կրակակետերի լռեցման համար որոշիչ է մեր արձակած այդ կրակը։ Երբ դիրքերից իջնում էինք, գյուղացիները շրջապատում էին, օրհնում մեզ ու հարցեր տալիս»,- Yerkir.am-ի հետ Բանակի օրվան նվիրված տոնական զրույցում վերհիշում էր տավուշեցի փոխգնդապետ, հրետանավոր Հովիկ Քոսակյանը, ով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս էր և ժամեր առաջ դարձավ չարաբաստիկ ավտովթարի զոհ։
Պատերազմ ապրած փորձառու հրետանավորը քչախոս էր։ Իրական կռված տղաների նման համեստ ու մարտի դաշտում իրագործած իր սխրանքների մասին պատմել դժվարությամբ համաձայնվեց։
Կամավորական վաշտեր և ջոկատներ, զենքի հայթայթում և մեկնում առաջնագիծ. սկիզբ էր առել հայ ադրբեջանական հակամարտության առաջին փուլը: Դա մի շրջան էր, երբ հարևան ժողովուրդների տասնյամյակների «դոստությունը» վերածվեց հայ ադրբեջանական հակամարտության։ Վայրագ ձևերով հայաթափվեցին Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ գյուղերը, փոխարենը՝ ադրբեջանցիները հավաքեցին իրերը և խաղաղ կերպով քոչեցին Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանաբնակ գյուղերից:
Պատերազմը սկսվել էր. զինված ընդհարումները վերաճեցին լայնամասշտաբ մարտերի, ՀՀ և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու ավերիչ գնդակոծությունների։
Գնդակոծվում էր նաև փոխգնդապետ Քոսակյանի ծննդավայրը՝ Տավուշը, Բերդի տարածաշրջանը, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի, Պառավաքար, Այգեձոր սահմանամերձ համայնքները: Լինելով գործարանի ինժեներ և պահեստազորի սպա՝ Հովիկ Քոսակյանն անվարան սկսեց օժանդակել իրենց արտադրամասում ինքնաշեն զենքերի պատրաստման աշխատանքներին։
Առաջին հրետակոծությունը և առաջին զոհերը ստիպեցին մտածել ինքնապաշտպանական գումարտակ ստեղծելու մասին։ Հովիկ Քոսակյանը համալրեց գումարտակի շարքերը և անցավ ծառայության։
Իրենց հայրենի գյուղի պաշտպանության գործին անվարան զինվորագրվեցին շատ հայորդիներ։ Միջուկային զենքի այս դարաշրջանում նրանք ստիպված էին ազգային ազատագրական պայքարը սկսել իրենց պապերի ժանգոտած հրացաններով, դեսից դենից ձեռք բերած զինվորական համազգեստով, հրետանային տեխնիկայի մասին ուսանողական տարիներին իրենց ունեցած տեսական գիտելիքները ժամանակի հրամայականով կիրառելով գործնականում՝ մարտի դաշտում հրետանու դիպուկ կրակով հաջողությամբ խոցելով հակառակորդի կրակակետերը։
«Առանց զինվորական համազգեստի, առանց աշխատավարձի, առանց տրտնջալու գիշեր ցերեկ ծառայության էինք, փորձում էինք կատարելագործել ուսանողական տարիներին բուհի ռազմական ամբիոնում ստացած գիտելիքները հրետանային սպառազինության վերաբերյալ»,- տարիների հեռվից ժպիտով էր հիշում այդ օրերը փոխգնդապետ Քոսակյանը, ով երեք տասնամյակների անձնուրաց ծառայության ընթացքում դասակի հրամանատարի աստիճանից հասնել էր մինչև հրետանու պետի, այնուհետ հրետանու ֆակուլտետի ավագ դասախոսի պաշտոնի։ Նա հավաստում էր, որ կանոնավոր բանակի ստեղծումը միշտ էլ հպարտություն է տվյալ երկրի, ժողովրդի համար։
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմը, կուրսանտները դեռ երկար կհիշեն պատերազմում հաղթանակ կերտած, քչախոս, բայց հումորի ինքնատիպ զգացողությամբ փոխգնդապետի տավուշյան բարբառով ասված խոսքերը՝ թշնամուն ծնկի բերելու իր բանաձևը. «Էդ շան տղերքին պիտի հրետանիով ջարդես»։
Հերոսաբար, հաղթանակած իջնել թշնամու արձակած մահասփյուռ արկերի տարափի ներքո գտնվող հրետանու տեղակայման դիրքերից ու զոհը դառնալ չարաբաստիկ ավտովթարի,-այսպիսին է մարդկային բարդ ու անկանխատեսելի ճակատագիրը։
Հանգչիր խաղաղությամբ պարոն փոխգնդապետ, հայոց աշխարհի սահմաններին քո կերտած խաղաղության համար հավերժ երախտապարտ ենք քեզ։
Հավերժ փառք։
Վարդինե Իսահակյան
Հ.Գ. Ճակատագրի բերմամբ՝ փոխգնդապետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս Հովիկ Քոսակյանը (ողբերգական պատահարի ժամանակ զոհված սպան), ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, պահեստազորի գնդապետ Պավել Թոփչյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված սպան) և պահեստազորի փոխգնդապետ, հրետանավոր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս Աշոտ Շեկիկյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված մյուս սպան) 2020 թ. հունվարի 28-ին, Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում այցելել էին Yerkir.am-ի խմբագրություն և երեքով միասին ներկայացրել իրենց անցած մարտական փառավոր ուղին, ներկայացրել ջերմ և անմոռաց հիշողություններ Արցախյան ազատամարտից, Հայոց բանակի կազմավորման դժվարին շրջանից…
Ի դեպ, ինչպես հատուկ է զինվորականներից շատերին, և՛ Քոսակյանը, և՛ Թոփչյանը, և՛ Շեկիկյանը երբեք հանդես չեն եկել զանգվածային լրատվամիջոցներով, և Yerkir.am-ին հանձնած ծավալուն հիշողությունները նրանց առաջին, իսկ փոխգնդապետ Քոսակյանի պարագայում, ցավոք, վերջին հարցազրույցն էր:
Սպաների՝ Բանակի օրվա առիթով նշյալ հիշողությունները ներկայացնող հրապարակումը և տեսանյութը՝ այստեղ: