Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ներկայումս մեր քաղաքական ուժը կարծիք է հարցնում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ ճգնաժամի լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ։ Այսինքն՝ մենք քննարկում ենք մի շարք տարբերակներ առանց հանրաքվեի ավելի արագ այս հարցն ամբողջությամբ կամ մասամբ լուծելու հարցը, և այդ տարբերակների շուրջ ներկայումս տարվում են քննարկումներ մեր միջազգային գործընկերների հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, որ իշխանությունը ցանկանում է ՍԴ հարցը որևէ բանաձևով խորհրդարանում լուծել։
Հարցին, թե ինչու իշխող ուժը հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չէր ուղարկել Վենետիկի հանձնաժողով, իսկ այժմ քննարկում է, արդյոք սա պատասխանատվությունից խուսափելու միտո՞ւմ ունի, պատգամավորը պատասխանեց.
«Նախկինում, խոսելով հանրաքվեի հարցը Վենետիկի հանձնաժողով չուղարկելու պատճառների մասին նշել էինք, որ հանարաքվեի է դրվում ՍԴ-ի կազմը սահմանադրությամբ նախատեսված մոդելին համապատասխանեցնելը, իսկ այդ մոդելին Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ տվել էր դրական եզրակացություն 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ։ Այսինքն, այդ առումով որևէ նոր սպասելիք Վենետիկի հանձնաժողովից մենք չունեինք։ Հիմա արդեն ոչ թե եզրակացության համար ենք դիմել, այլ ընդամենը քննարկվող տարբերակների հետ կապված խորհրդատվական կարծիք ենք հայցում»։
Դիտարկմանը, որ այսօր օրակարգայինը covid-19-ի տարածումը նվազեցնելն է, արդյոք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է այնքան հրատապ, որ հարկավոր է այս շրջանում վիրուսի տարածումը նվազեցնող գործընթացի հետ իրականացնել նաև այդ պրոցեսը, Ջուլհակյանը նշեց․
«Այդ հարցն իհարկե օրակարգային է, բայց միաժամանակ մենք նշել ենք, որ առաջնային կարևորություն ունի հանրային առողջությունը, և դա է պատճառը, որ քանի դեռ գտնվում ենք կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամում, մենք հանրաքվեի գնալ չենք կարող։ Բայց ՍԴ-ի ճգնաժամի հարցն էլ հրատապ է, և չի կարող ՀՀ-ն շարունակել անորոշ ժամկետով երկարաձգել ՍԴ-ի ճգնաժամի լուծման հարցը, քանի որ դա էլ մեկ այլ խնդիր է առաջացնում ՀՀ-ում ժողովրդավարության կայացման և ժողովրդական ռեֆորմների խոչընդոտման տեսանկյունից»։
Անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումն առավելապես քաղաքական նպատակ ունի, այն է՝ ՍԴ-ի հարցը կարգավորել առանց հանրաքվեի, պատգամավորն ասաց. «Նման տեսակետը բացարձակապես հիմազուրկ է և ընդամենը քաղաքական շահարկման դրսևորում։ Կարծում եմ, յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար տեսանելի է, որ ՀՀ-ն, ինչպես ամբողջ աշխարհը, գտնվում է ճգնաժամի մեջ, և նման պայմաններում խոսել այն մասին, որ արտակարգ դրությունն ինչ-որ մեկի քմահաճույքն է կամ քաղաքական նկատառումներով է երկարեցվում, առնվազն ազնիվ չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում.