կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 10:11
Իրավական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դեմ դատական հայց է ներկայացվել. 168.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դեմ դատական հայց է ներկայացվել. 168.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դեմ դատական հայց է ներկայացվել. այս առնչությամբ 168.am-ը զրուցել է թանգարան-ինստիտուտից հեռացված գիտաշխատող Անի Ոսկանյանի հետ՝ պարզելու պատճառները։

Yerkir.am-ը ներկայացնում է հարզազրույցն ամբողջությամբ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) շուրջ վերջին օրերին սկիզբ առած գիտական-տեղեկատվական բանավեճը սպառնում է ջրի երես հանել նոր իրողություններ: Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները պատրաստելու ընթացքում թանգարան-ինստիտուտից կապ հաստատեցին մեզ հետ և տեղեկացրեցին, որ հիմնարկի տնօրեն Հարություն Մարությանի հրամանով թանգարանի գիտաշխատող Անի Ոսկանյանն անցյալ տարեվերջին հեռացվել է աշխատանքից: Հեռացման պատճառը, ինչպես նշվում էր, գիտաշխատողի տարակարծությունն է եղել տնօրենի կողմից որդեգրած թանգարանային աշխատանքների ներքին ռազմավարությանն ու քաղաքականությանը, ինպես նաև՝ նրա կողմից փաստացի կիրառության մեջ մտցված գիտական տերմինոլոգիայի հետ նախկին գիտաշխատողի ընդգծված անհամաձայնությունները:

Առաջին հայացքից, թվում է՝ գործ ունենք հիմնարկի ներսում այլակարծությունը ոչ մի կերպ չհանդուրժող և ճնշող ղեկավարի հետ և, որպեսզի այս տեղեկատվությունն առաջին աղբյուրից մերժվի կամ հաստատվի, կապ հաստատեցինք թանգարան-ինստիտուտից հեռացված գիտաշխատող Անի Ոսկանյանի հետ:

Վերջինս համաձայնեց պատասխանել մեր հարցերին, ինչի արդյունքում պարզ դարձավ հետևյալ պատկերը՝ Անի Ոսկանյանը թանգարան-ինստիտուտում հիմնական աշխատանքի է անցել արդեն նոր տնօրեն Հարություն Մարությանի օրոք և նրա հրամանով: Այնուհետև, կարճ ժամանակ անց, ինչպես զրույցի ընթացքում նշեց տիկին Ոսկանյանը, որպես աշխատող, գործատու տնօրեն Մարությանի կողմից նախ կոպտորեն ոտնահարվել էին աշխատողի իր իրավունքները, ապա, որպես գիտաշխատող` այլ կարծիք չհանդուրժող տնօրենը փորձել է սահմանափակել իր ակադեմիական ազատությունը, ինչպես նաև ձախողել իր գիտական տեսակետները քննարկման դնելու բոլոր տեսակի փորձերը:

Այս ամենն ավարտվել է գիտաշխատողի նկատմամբ տնօրեն Հարություն Մարությանի հայտնած անվստահությամբ և նրա աշխատանքից ազատման հրամանով: Հեռացված գիտաշխատող Անի Ոսկանյանն այս պահին փորձում է դատական կարգով վերականգնել խախտված աշխատանքային իրավունքները:

– Ե՞րբ էիք աշխատանքի անցել թանգարանում, ի՞նչ կարգավիճակով, և ինչպիսի՞ն էր ի սկզբանե Ձեր հարաբերությունները թանգարանի տնօրենի հետ։

– «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում անցել եմ աշխատանքի 2018թ. դեկտեմբերի 1-ից որպես գիտաշխատող` իմ խնդրանքի համաձայն: Միաժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրանցվել եմ որպես հայցորդ` թեկնածուական ատենախոսությունս պաշտպանելու նպատակով: Ես 2007-2014 թթ. նույնպես աշխատել եմ թանգարան-ինստիտուտում, այնպես որ, աշխատանքն ինձ համար նոր չէր: Ի սկզբանե Հարություն Մարությանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ:

– Ինչպե՞ս են սկսվել տարաձայնությունները, ի՞նչ բնույթի տարաձայնություններ են եղել դրանք։


– Անցնելով աշխատանքի՝ արդեն աշխատակցի պարտականությամբ ու պատասխանատվությամբ, առավել ուշադիր դարձա ՀՑԹԻ գործունեությանը, մասնավորապես, կառույցի ղեկավարի վարած քաղաքականության հանդեպ: Մեկը մյուսին սկսեցին հաջորդել ՀՑԹԻ տնօրեն Հ. Մարությանի՝ տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցները, ելույթները, որոնցում հնչեցված տեսակետներն ինձ համար, որպես թուրքագետ-պատմաբանի, առնվազն տարակուսելի էին: Աշխատանքային ընթացակարգի համաձայն՝ թանգարան-ինստիտուտի գիտական հատվածը տարվա ընթացքում սկսեց նախաձեռնել միջոցառումներ, մասնավորապես՝ ժամանակավոր գիտական ցուցադրություններ, որոնց ներկայացման բովանդակության շուրջ էլ ծագեցին մեր առաջին տարաձայնությունները: Օրինակ, կազմակերպվող որոշ ժամանակավոր ցուցադրությունների վերնագրերում իրավաբանական ուժ ունեցող «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն՝ նախապատվություն էր տրվում «Մեծ եղեռն» եզրույթին, որը, ասենք, օգտագործում են ԱՄՆ նախագահները` Հայոց ցեղասպանության ճանաչման վավերացումից խուսափելու համար: Իհարկե, յուրաքանչյուր հայ գիտի, որ 20-րդ դարի սկզբին, երբ դեռևս Ռ. Լեմկինը շրջանառության մեջ չէր դրել ցեղասպանության հանցագործության իրավական տերմինը` Genocide բառը, վերապրող հայությունը «Մեծ եղեռն» ասելիս՝ հասկանում էր հենց ցեղասպանությունը: Այդ իսկ պատճառով տերմինը մեզանում դեռ ապրում է և կապրի:

Սակայն այսօր ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպվող ցուցադրությունների խորագրերում այն կիրառելը, առավել ևս՝ օտար լեզուներով տառադարձումը, ես անընդունելի եմ համարում: Եվ այստեղ պետք չէ բնավ օրինակ բերել Հրեից ցեղասպանության համար հաճախ կիրառվող «Հոլոքոստ» եզրույթը: Ավելորդ է նշել, որ Հրեից ցեղասպանությունը վաղուց ճանաչված, դատապարտված ցեղասպանություն է, հետևանքների վերացումը Գերմանիայի կողմից կիրառվել ու կիրառվում է մինչ օրս, իսկ Հայոց ցեղասպանությունն ամեն օր ժխտվել և ժխտվում է իրագործողի կողմից: Իմ կարծիքով՝ միջազգային ընդունելի տերմինաբանությամբ այն չներկայացնելն առնվազն հետքայլ է մեզ համար, այն ոչ միայն վտանգում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման շարունակվող գործընթացը, այլև սպառնում է մեր ազգային անվտանգությանը՝ այսօր ու այստեղ:

Տերմինաբանության շուրջ այս անհամաձայնությունն առաջ եկավ 2019 թ. մայիսի վերջին ցեղասպանության զոհ ու վերապրած երեխաներին նվիրված ցուցադրության ժամանակ, որի նախնական խորագրում շրջանառության մեջ էր դրված «Մեծ եղեռն» եզրույթը, և այն տառադարձված էր անգլերեն տարբերակում: Թանգարանում եղավ շրջաբերական նամակ ու փաստարկված քննարկում, եղան տարբեր կարծիքներ: Խորագիրը փոխվեց: Սական օրեր հետո, Ժանսեմի կտավների ցուցադրության պաստառներում, այնուամենայնիվ, նախապատվություն տրվեց «Մեծ եղեռն» եզրույթին՝ տառադարձելով այն երեք լեզվով (Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը):

2019թ. նոյեմբերի 19-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հրապարակեց «Պայքար հայկական Կիլիկիայի համար. Կիլիկիան և կիլիկիահայությունը Առաջին աշխարհամարտի ավարտից հետո (1918–1921 թթ.)» խորագրով գիտաժողովի հայտարարությունը: Հայտարարության թե´վերնագիրը, և թե´ տեքստը խնդրահարույց էին՝ ինչպես պատմագիտության, այնպես էլ՝ ցեղասպանագիտության տեսանկյունից, ու տարընթերցումների և շահարկումների տեղիք կարող են դառնալ հատկապես Հայոց ցեղասպանության ժխտմանը լծված վարձկանների համար:

Հայտարարությունը, որը նախապես չէր քննարկվել թանգարան-ինստիտուտի գիտական շրջաններում (կամ արվել էր առանց իմ գիտության՝ այն դեպքում, որ ես այդ շրջանի նեղ մասնագետն եմ), քննադատության արժանացավ ոլորտի մասնագետների կողմից, և ոմանք այն քննադատեցին հրապարակավ` դիմատետրի տիրույթում: Ես գիտական քննարկում խնդրեցի թանգարանի գիտական կազմից այս հարցի շուրջ, որին ընթացք չտրվեց: Տնօրենն այդ օրերին գտնվում էր գործուղման մեջ, սակայն նրա վերադառնալուց հետո ևս այս հարցին ընթացք չտրվեց:

Ավելին, 2019թ. նոյեմբերի 29-ին տնօրեն Հ. Մարությանն ինձ ծանուցեց իմ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու և այն դեկտեմբերի մեկով դադարեցնելու մասին: Ի պատասխան իմ ազատումը պարզաբանելու հորդորներին՝ նա ասաց, որ անվստահություն է հայտնում ինձ, և ըստ աշխատանքային պայմանագրում առկա համապատասխան դրույթի՝ դրա իրավունքն ունի և չի ցանկանում մեկնաբանել: Նա նաև հավելեց, որ, քանի որ ես աշխատանքից ազատվելու մասին ծանուցվում եմ ընդամենը մեկ աշխատանքային օր առաջ, ապա ուշ ծանուցելու համար պատրաստ է վճարել համապատասխան տույժերը, իսկ իմ ակնկալած գիտական քննարկումը ես պետք է խնդրեմ գրավոր, և այդ պահից սկսած դրա համար ունեմ ընդամենը մեկ աշխատանքային օր:

Օգտագործելով աշխատանքային վերջին օրը՝ ես գիտական քննարկում հրավիրելու խնդրանքի և առաջացած խնդրի մասին նամակ ուղղեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներին, թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամներին, Ցեղասպանագիտական հանդեսի խմբագրակազմին և ոլորտի մասնագետներին: (Կուզեի նշել նաև, որ ինձ աշխատանքից ազատելուց հետո, այնուամենայնիվ, գիտաժողովի հայտարարության տեքստի վերնագիրը ենթարկվեց փոփոխության):

Առաջին արձագանքողներից էր Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը, ով էլ կազմակերպեց հանդիպումը: 2019թ. դեկտեմբերի 17-ին Հոգաբարձուների խորհրդի անդամներ Աշոտ Մելքոնյանը և Հրանուշ Խառատյանը խորհրդի անունից հանդիպեցին ինձ հետ, որի ընթացքում ես ներկայացրեցի խնդիրը: Որպես աշխատող՝ գործատու տնօրեն Մարությանի կողմից նախ կոպտորեն ոտնահարվել էին աշխատողի իմ իրավունքները, ապա, որպես գիտաշխատող` այլ կարծիք չհանդուրժող տնօրենը փորձել էր սահմանափակել իմ ակադեմիական ազատությունը և ձախողել իմ գիտական տեսակետները քննարկման դնելու փորձը:

Իմ համոզմամբ՝ ինձ աշխատանքից ազատելու պատճառը հանդիսացել է ակադեմիական այլակարծությունը գիտական հիմնարկում ճնշելուն միտված ՀՑԹԻ տնօրեն Հ. Մարությանի կամայական ու փաստացի որոշումը: Իսկ 2019 թ. դեկտեմբերի 3-ի (N 337)՝ իմ աշխատանքային պայմանագիրը դադարացնելու մասին հրամանում վկայակոչվել է այնպիսի իրավական նորմ, որը հրամանի կայացման օրվա դրությամբ ուժը կորցրած է եղել: Իմ խաթարված աշխատանքային իրավունքները վերականգնելու համար հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին իրավասության դատարան, որն ընդունված է վարույթ (Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43979/02/19):

Ճնշելով և չհանդուրժելով այլակարծությունը՝ ցանկացած ղեկավար, առաջին հերթին՝ վնասում է հենց ինքն իրեն:

– Ինչպեսի՞ն է եղել գիտական խորհրդի վերաբերմունքը՝ թանգարանի գիտական գործունեության հետ կապված, և ինչպիսի՞ն են հարաբերություններն աշխատակիցների հետ:

– Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ չեմ, քննարկումների մանրամասներին չեմ տիրապետում: Միայն իմ հայցորդության հարցը քննող նիստին եմ ներկա եղել՝ որպես հրավիրյալ: Գիտխորհրդի նիստի քննարկումներին, արձանագրություններին, օրակարգին, ընդունված ու մերժված հարցերին, դեմ ու կողմ ձայներին ես՝ որպես գիտաշխատող, տեղյակ չեմ եղել, ավելին՝ իմ խնդրանք-պահանջին՝ ինձ տրամադրել գիտական խորհրդի նիստերից առնվազն մեկի արձանագրությունը, ստացել եմ բացասական պատասխան: Աշխատակիցների և տնօրենի փոխհարաբերությունների մասին որևէ կարծիք արտահայտել չեմ կարող, ես կարող եմ խոսել միայն իմ անունից:

– Որպես ոլորտի մասնագետ՝ ինչպե՞ս եք գնահատում տնօրենի գիտական մոտեցումներն ու թանգարանում իրականացվող գիտամշակութային քաղաքականությունը, ի՞նչ հակասություններ ունեն դրանք պահանջատիրության և ցեղասպանության հայկական կողմի շահերի հետ։

– Ընդունելով յուրաքանչյուր մասնագետի ակադեմիական ազատությունը՝ հարկավոր է նշել, որ, ինչպես բոլորը, այնպես էլ ազգագրագետ, պ.գ.դ. Հարություն Մարությանը կարող է ունենալ ցանկացած դիրքորոշում ցանկացած հարցի վերաբերյալ: Սակայն Հ. Մարությանը 2018-ի աշնանից նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է: Նա է ներկայացնում հիմնարկը ոչ միայն հայրենիքում, այլև դրանից դուրս, տարբեր միջազգային և գիտական հարթակներում: Նա նաև Ցեղասպանագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է, ուստի նրա ամեն մի խոսքը լսելի է: Այս տեսանկյունից եթե մոտենանք խնդրին, նա այլևս գիտնական Մարությանը չէ, այլ ներկայացուցիչը մի հիմնարկի, որն ունի կրթական, քարոզչական և քաղաքական նշանակություն:

Իմ կարծիքով, անկախ անձից՝ թանգարան-ինստիտուտի տնօրենը յուրաքանչյուր նախադասություն արտաբերելիս պետք է այն դնի ՀՀ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության, պատմական անաչառության, նյութի գիտական ամրության և դրա քաղաքական, իրավական ու պատմական բոլոր հետևանքների կշռաքարին զուգահեռ: Ինձ համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ռազմավարական կառույց է, և նրա անունից հնչեցված ցանկացած կոչ, հայտարարություն և այլն, ուղերձ է, մեսիջ՝ խնդրին հետամուտ եղող բոլոր կողմերի համար: Բացի այդ, թանգարան-ինստիտուտն իր հեղինակությամբ ձևավորում, ազդում է նաև հասարակական կարծիքի վրա, ուստի նրա թելադրած գիծը շատերի համար կողմնորոշիչ է և ընդունելի: Այն կարող է ընդունվել՝ որպես ի գիտություն՝ առանց վերլուծության, ուստի յուրաքանչյուր թերացում կարող է ավելի լուրջ հետևանք ունենալ, քան երևում է:

Գալով արդեն ապրիլի 24-ին ընդառաջ թագավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ցեղասպանության զոհերի ոգեկոչման առիթով թանգարանի պաշտոնական էջերում արված հայտարարություններին, պետք է նշեմ, որ սրանք հարցին տնօրեն Հ. Մարությանի մոտեցման արտացոլումներն են, ինչը պարզ դարձավ արդեն իսկ իր անունից տարածված կոչի մասին պարզաբանում ներկայացնող տեքստից: Սրանք նոր բանաձևեր են և որքանով են ընկալելի ու կիրառելի, ցույց տվեց քննադատության բուռն ալիքը, որը, ցավոք, տարածվեց ողջ կառույցի և նրա հեղինակության վրա:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հ.Գ. Տեղեկացնենք նաև, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանի դեմ նոր դատական հայց է նախապատրաստվում: