կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 14:05
Աշխարհ

Փարիզը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն

Փարիզը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն

Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում մեկնարկել է ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը կգործի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 4-ը:

 

Ինչպես հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը, Փարիզի քաղաքապետարանում՝ Օթել դե Վիլ (Hôtel de Ville), միաժամանակ երկու սրահներում ցուցադրվելու են 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:

 

«Սա հիրավի բացառիկ իրադարձություն է թանգարանի համար: Գիտակցելով նման ցուցադրությամբ Փարիզում ներկայանալու կարևորությունը` մենք որոշեցինք Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացնել թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները, որոնք վստահ եմ` մեծ հետաքրքրություն են առաջացնելու: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Փարիզի քաղաքապետարանին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

 

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում:

 

Այս ցուցանմուշները, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառում են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր:

 

«Առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների այսքան մեծ քանակությամբ միավորներ ցուցադրվելու են Հայաստանի տարածքից դուրս, որը կարևոր իրադարձություն է արտասահմանում Հայոց ցեղասպանության թեմայի իրազեկման, ինչպես նաև թանգարանի բացառիկ ցուցանմուշները լայն հանրությանը ներկայացնելու տեսակետից»,– նշում է ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

 

ՀՑԹԻ կողմից ներկայացված ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ներկայացվելու են հենց Փարիզյան ցուցադրության ժամանակ: Հավաքածուում ընդգրկած են 1918 թվականին Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և այլ բացառիկ նմուշներ: Ֆիլմը 1919 թվականին ցուցադրվել է նաև Փարիզի «Սալ Գավո» համերգասրահում:

 

«1919 թ. Փարիզում ֆիլմի ցուցադրությունը գեղարվեստական մեծ ցերեկույթի մաս է կազմել, որը կազմակերպել էին հայասեր դքսուհի դը Ռոհանը և բարոնուհի Քոշենը: Ֆիլմը ցուցադրվել է բարեգործական նպատակներով, և ողջ հասույթը տրամադրվել է որբախնամ աշխատանքներին»,– նշում է ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

 

Այս ցուցադրության մեջ ներառված են նաև Փարիզի Նուբարյան գրադարանի փաստաթղթերն ու լուսանկարները:

 

Փարիզի ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանն իր աջակցությունն է բերել բարերար Ջևան Չելոյանցը: